Պատերազմական «հանցագործությունների» հարցը՝ խաղաղության օրակարգից անդին․ Բաքվի պահանջները կհասնե՞ն Փաշինյանին

ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նկատմամբ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք իրականացվող քրեաիրավական հետապնդումներին և դրանց դրսևորումներին երկրի ներսում քաղաքական տարբեր գնահատականներ են տրվում:

Բայց հիմա դրա մասին չէ, որ ցանկանում ենք խոսել, այլ, որ Ադրբեջանի նախագահ Ալիևը նրանց վերագրվող «ռազմական հանցագործությունների» հարցը նույն հարթության մեջ է դիտարկում և պահանջում է դրանց իրավական գնահատականը, իհարկե, առաջին հերթին չմոռանալով «Խոջալուի ցեղասպանության» մասին:

Բազմիցս գրել ենք՝ այս հարցը Բաքվի պետական քաղաքական օրակարգի կարևոր բաղադրիչ է, և, որ Ադրբեջանի կողմից «Խոջալուի ցեղասպանության» համար մեղավոր համարվող անձանց պատասխանատվության ենթարկելու պահանջը դեռ երկար է մնալու Ալիևի քաղաքական օրակարգում, ինչի վկայությունը 44-օրյա պատերազմից հետո կառուցված հուշահամալիրն է:

«Այո, այսօր Հայաստանում Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նկատմամբ քրեական գործեր են հարուցվել, սակայն խոսքը կոռուպցիայի և այլ հանցագործությունների մասին է, որոնք անմիջականորեն կապված չեն Ղարաբաղյան հակամարտության ժամանակաշրջանի ռազմական հանցագործությունների հետ։ Միևնույն ժամանակ նրանց կողմից մարդկության դեմ և ռազմական հանցագործությունների համար հնարավոր պատասխանատվության հարցը շարունակում է մնալ առանց պատշաճ իրավական գնահատականի:

Կարդացեք նաև

Եվ խոսքը միայն նախկին նախագահների մասին չէ։ Հայաստանում մինչ օրս ազատության մեջ են մի շարք անձինք, որոնց ադրբեջանական կողմը մեղադրում է ռազմական հանցագործություններին առնչություն ունենալու մեջ, այդ թվում՝ Սեյրան Օհանյանին, Մանվել Եղիազարյանին և այլոց»,- գրել է minval.az-ը` հավելելով, որ խաղաղության գործընթացը և պատերազմական հանցագործությունների հնարավոր պատասխանատվության հարցը հակադրության մեջ չեն:

Բալկաններում տեղի ունեցած պատերազմներին առնչվող՝ ՄԱԿ-ի կողմից ստեղծվեց տրիբունալ, և ռազմական հանցագործությունների մեջ մեղադրվող անձինք ձերբակալվեցին, կանգնեցին դատարանի առաջ և դատապարտվեցին ազատազրկման։ Նրանց թվում էին՝ Ռատկո Մլադիչը, Միլան Մարտիչը, Միլան Բաբիչը և այլք։

Եվրոպան այս գործընթացի շրջանակում գործը հասցրեց մինչև վերջ։ Միջազգային հանրությունը ելնում էր այն սկզբունքից, որ խաղաղ բնակչության դեմ կատարված հանցագործությունները չպետք է անպատիժ մնան, իսկ մեղադրյալի քաղաքական կարգավիճակը չի կարող նրա համար որպես պաշտպանություն ծառայել։

Այստեղ տրամաբանական հարց է առաջանում ինչո՞ւ Ղարաբաղի դեպքում նման մոտեցում չկիրառվեց»,- պնդում է Բաքվի քարոզչամեքենան:

Ի դեպ, այստեղ մի դրվագ էլ կա. նույն minval.az-ը Ռոբերտ Քոչարյանին Պուտինի ծննդյան օրվա առթիվ շնորհավորական խոսքին արձագանքել էր հետևյալ կերպ՝ «Պուտինը շնորհավորել է «Խոջալուի ցեղասպանության» մեղսակցի ծննդյան օրը»:

Այս ձևակերպման մեջ, ըստ էության, այլ մեսիջ էլ կա թաքնված. 2025 թվականին ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանը պահանջել էր ռուսական կողմից «արդար գնահատական» տալ Խոջալուի իրադարձություններին, և չհասնելով ցանկալի արդյունքի, ավելի ուշ Բաքվի քարոզչամեքենան փորձել էր նաև ռուսական հետք գտնել «Խոջալուի ցեղասպանության» մեջ:

Իսկ այս համատեքստում Սերժ Սարգսյանի հետ կապված Բաքուն մշտապես հիշում է Թոմաս Դը Վաալի «Սև այգի» գրքի մասին և հատկապես անդրադառնում «Խոջալուի դեպքերին»՝ հղում անելով ՀՀ երրորդ նախագահի մի հայտարարությանը, որի մասին ադրբեջանական կողմը հիշել էր նաև Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարության դեմ «դատական» նիստերից մեկի ժամանակ:

Մասնավորապես, որպես ապացույց ներկայացվել էր 2000 թվականի դեկտեմբերին նրա՝ Թոմաս Վաալին տված հարցազրույցից մի հատված, որը, մի առիթով գրել ենք, որ տեղ էր գտել նաև Վաալի «Սև այգի» գրքում, և որն ադրբեջանական քարոզչության համար «համեղ պատառ» էր դարձել, քանի որ այն աղավաղված էր ներկայացվել: Այսինքն, Խոջալուի մասին Սերժ Սարգսյանի խոսքերը Թոմաս դե Վաալը ենթատեքստից դուրս է մեջբերել և այս մոտեցումը հետագայում չի վերանայել:

Բնականաբար, չի հիշատակվում ադրբեջանցի լրագրող Չինգիզ Մուստաֆաևի (մահացել է 1992-ին) հետաքննությունը՝ կապված Խոջալուի դեպքերի հետ, նաև այլ ակնհայտ փաստեր, որոնք հակադրվում են Բաքվի առաջ քաշած թեզերի հետ:

Բայց այստեղ տրամաբանական հարց է ծագում:

Ալիևը, որն արդեն 2020 թվականի 44-օրյա պատերազմի օրերին վերագրվող «Գյանջայի դեպքերը» ևս դարձրել է պետական քաղաքականության կարևոր բաղադրիչ, հուշահամալիր կառուցել, և ժամանակ առ ժամանակ պահանջում է մեղավորներին պատասխանատվության ենթարկել, արդյո՞ք ինչպես ՀՀ նախկին նախագահներին, Նիկոլ Փաշինյանին ևս համարում է «ռազմական հանցագործ», կամ՝ ինչո՞ւ չի համարում, եթե այդ թվում Բաքվի «դատավարության» ժամանակ ներկայացված փաստերն ու ցուցմունքները համապատասխանում են իրականությանը:

Այսինքն, հարկ է պարզել՝ ո՞վ պիտի պատասխան տա սրա համար՝ ըստ Ալիևի և Գյանջայում ծնված Հիքմեթ Հաջիևի, որոնք չեն պատրաստվում այս էջը փակել և արդարադատություն են պահանջում, արդյո՞ք այս թեման երբևէ քննարկման առարկա դարձել է, հատկապես, երբ Ալիևը տարիներ առաջ Փաշինյանից պահանջել էր հետաքննել այս դեպքերը և մեղավորներին պատժել:

Նշենք, որ Բաքվի «դատավարության» ժամանակ հիմնական սլաքն ուղղվում էր 44-օրյայի ժամանակ պաշտոնավարած ՀՀ ռազմական ղեկավարությանը:

Եվ նաև հենց այս համատեքստում է, որ Բաքվում պահվող գեներալ Դավիթ Մանուկյանի հարցադրումները՝ Փաշինյանին ուղղված, դառնում են տրամաբանական:

«Ադրբեջանի Քր. օրենսգրքի 100.1, 100.2 հոդվածներով մեզ մեղադրանք է առաջադրվել 2020 թվականի սեպտեմբերին «ագրեսիվ պատերազմ պլանավորելու, նախապատրաստելու և սանձազերծելու կամ վարելու» ձևակերպումով՝ չնայած մեր բերած բոլոր անհերքելի ապացույցներին և փաստերին։ Ավելին, այն տեղի է ունեցել միջազգային հանրության բաց տեսադաշտում: Բայցևայնպես, Դուք եք եղել այդ ժամանակ ՀՀ վարչապետը և գերագույն հրամանատարը, իսկ պատերազմի պլանավորումը սկսում է հենց այդ օղակից: Հորդորում եմ կոնկրետ այդ մեղադրանքների մասով հանրային դիրքորոշում ներկայացնել, չարձագանքելու դեպքում կնշանակի՝ համաձայն եք կեղծ մեղադրանքներին՝ դրանով մեղսակից դարձնելով ոչ միայն Ձեզ, այլև ողջ հայ ժողովրդին»,- Բաքվից փոխանցված ձայնագրության մեջ նշել էր գեներալը:

Դավիթ Մանուկյանի հարցադրումները կարող ենք տվյալ դեպքում վերափոխել. եթե Բաքուն պահանջում է պատասխանատվության ենթարկել 1990-ականների Ղարաբաղյան պատերազմի դեպքերի համար մեղավոր համարվող անձանց, ապա նույն տրամաբանության շրջանակում ո՞վ է պատասխանատու 2020 թվականի պատերազմի ընթացքում «Գյանջայի դեպքերի» համար, որոնց վերաբերյալ հենց Ադրբեջանի ղեկավարությունը տարիներ շարունակ պահանջում է իրավական գնահատական:

Ի դեպ, օրերս Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որտեղ նշում է, որ իբր 34 տարի առաջ այս օրը Գորանբոյի Բալըկայա գյուղում հայերը խաղաղ բնակչության նկատմամբ «ցեղասպանական գործողություններ են իրականացրել»։ Ավելին, Բաքուն պաշտոնապես կարևոր է համարում, որ սրա «մեղավորները» կանգնեն դատարանի առաջ և պատժվեն։ Այս հարցում կոնկրետ անուններ չեն տրվում, բայց պարզ է չէ՞, թե որտեղ են փնտրելու մեղավորներին:

Կրկնում ենք՝ Ալիևը, ի տարբերություն Փաշինյանի, գտնում էր, որ խաղաղության օրակարգը և ռազմական հանցագործությունների համար պատասխանատվության հարցն իրար չեն հակադրվում, այդ դեպքում ինչո՞ւ ենք մենք հետ կանգնում Ադրբեջանի ապացուցված ռազմական հանցագործությունների համար պահանջատիրությունից:

Այս հարցերը, թերևս, այսօր էլ կարող են հռետորական թվալ։ Բայց եթե Բաքուն իսկապես մտադիր չէ փակել Ղարաբաղյան պատերազմի հետ կապված պատասխանատվության էջը, ապա Հայաստանի համար խնդիրը միայն այն չէ, թե ինչ է պահանջում Ադրբեջանը նախկին նախագահներից:

Հարցն այն է՝ արդյո՞ք այդ նույն պահանջատիրության տրամաբանությունը վաղը չի կիրառվելու 2020 թվականի պատերազմի ժամանակ Հայաստանի ռազմական ղեկավարության և գործող քաղաքական իշխանության նկատմամբ։ Եվ եթե այդ վտանգը բացառված չէ, ապա ինչո՞ւ Հայաստանի իշխանությունը մինչ այժմ չի ձևակերպում դրա վերաբերյալ հստակ իրավական և քաղաքական դիրքորոշում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31