Պուտինը սպառնաց. ինչո՞ւ եք Ծառուկյանին գետնին նետում. ինչո՞ւ Ադրբեջանի առջև կարմիր գծեր չեք դնում. Հրայր Բալյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն ամերիկահայ կոնֆլիկտաբան, միջազգային հակամարտությունների կարգավորման և բանակցությունների մասնագետ (Conflict Resolution, International Law, Mediation), իրավագիտության դոկտոր Հրայր Բալյանն է։

Հրայր Բալյանը եղել է ԱՄՆ 39-րդ նախագահ Ջիմի Քարտերի ելույթների հեղինակներից, նա 2008-2022թթ. եղել է «Քարտեր կենտրոնի» (The Carter Center) Հակամարտությունների լուծման ծրագրի տնօրենը:  Նա աշխատել է ՄԱԿ-ի, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի և մի շարք հեղինակավոր հասարակական կազմակերպությունների համար և ղեկավար պաշտոններ զբաղեցրել Ժնևի «Իրավունքի և հակամարտությունների կարգավորման Կովկաս կենտրոն»-ում (Covcas Center for Law and Conflict Resolution), Սարաևոյի Միջազգային ճգնաժամային խմբում (International Crisis Group) և այլ հաստատություններում։ Բացի դաշտային աշխատանքից, Հրայր Բալյանն իրավաբանական պրակտիկա է անցել Միացյալ Նահանգներում և իր փորձառության մանրամասները դասախոսությունների միջոցով ներկայացրել է աշխարհի մի շարք համալսարաններում և ակադեմիական հաստատություններում: Ներկայում նրա ուսումնասիրության առարկաներն են Հարավային Կովկասը և Լևանտը։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

Կարդացեք նաև

  • Հայաստանում քաղաքական հետապնդումները սաստկացել են հատկապես Ազգային ժողովի ընտրություններից հետո: Դրանք միայն նախընտրական բնույթ չունեին: Ընդ որում, ձերբակալությունները նվաստացուցիչ կերպով են իրականացվում: Սրանք մահոգիչ երևույթներ են: Հայաստանը սխալ ճանապարհի վրա է: Այս քայլերը, թերևս, ժողովրդին վախեցնելու համար են, որ չհանդգնեն դուրս գալ իշխանության դեմ, այլապես ինչո՞ւ էր պետք 71-ամյա, դիմադրություն ցույց չտվող Գագիկ Ծառուկյանին գետնին նետել: 
  • Միջազգային հանրությունը, եվրոպական կառույցներն առհասարակ չեն տեսնում՝ ինչ է տեղի ունենում Հայաստանում: Նախկինում այլ երկրներում տեղի ունեցող նմանատիպ գործընթացների ժամանակ էլ ԱՄՆ-ը և Եվրոպան ոչինչ չէին տեսնում: Հիմա հերթը մերն է: Քանի դեռ Հայաստանը շարժվում է այնպես, ինչպես իրենք են ուզում, իրենք ոչինչ չեն տեսնում ու չեն իմանում:
  • Հայաստանում կարծես թե թշնամի ու քաղաքական հակառակորդ բառերը խառնել են իրար: Այս երկրում քաղաքական հակառակորդը թշնամի է ընկալվում. սա ոչ մի լավ տեղ չի տանում:
  • Թե՛ Ադրբեջանի, և թե՛ Թուրքիայի հետ բանակցելը պարտադիր է: Որպես պարտված պետություն՝ Հայաստանը, հասկանալի է, պետք է զիջումների գնար, բայց զիջումներն էլ կարմիր գծեր պետք է ունենան: Պետք է ասվեր, որ կարմիր գծեր կան, որոնցից այն կողմ մենք չենք կարող անցնել, օրինակ՝ Բաքվում գտնվող մեր պատանդների հացը: Նրանք գերի չեն, պատանդ են, որովհետև եթե գերի լինեին, պատերազմից անմիջապես հետո պետք է վերադարձվեին, եթե ոչ, ուրեմն պատանդ են և պահվում են՝ փոխարենն ինչ-որ բան ստանալու համար: Կարմիր գիծ պետք է լիներ նաև սահմանների հարցը, միմյանց ներքին գործերին խառնվելու հարցը: Հայաստանի Սահմանադրությունը ներքին գործ է, և որևէ մեկն իրավունք չունի խառնվել պետության ու ժողովրդի միջև տեղի ունեցողին:
  • ԱՄՆ-ից, Ֆրանսիայից առաջ Հայաստանի պարտականությունն է՝ տեր կանգնել ուրիշ երկրում գտնվող իր պատանդներին: Քանի դեռ Հայաստանն ամեն օր չի բարձրաձայնում Բաքվի բանտերում գտնվող հայերի մասին, ոչ ոք ոչինչ չի անելու:
  • Բանակցությունների մեջ ընդհանրապես նախապայման դնելը սխալ է, բայց ամեն օր բարձրաձայնելն այն մասին, որ պատանդները պետք է վերադառնան, պետության պարտավորությունն ու պարտականությունն է: Պետությունը պետք է պահանջի Բաքվի բանտերում գտնվող հայ պատանդների վերադարձը:

  • Ադրբեջանի կողմից Հայաստանի օկուպացված տարածքների վերադարձը Հայաստան-Ադրբեջան բանակցությունների մաս պետք է լինի, բայց ոչ միայն մաս չէ, այլև նախաստորագրված փաստաթղթի մեջ դրա մասին ոչ մի խոսք չկա:
  • Եթե «անկլավների հարցը» Հայաստան-Ադրբեջան բանակցությունների առարկա չէ, որևէ առևտրի տեղ չի մնում: Հուսամ՝ բանակցությունների սեղանին սա դրված է, բայց մենք տեսնում ենք, որ պատանդների վերադարձի ու օկուպացված տարածքների հարցն այդ նախաստորագրված թղթի 17 կետերի մեջ չկա:
  • Կոնֆլիկտաբանության մեջ բանակցությունները հայտարարություններով չեն տեղի ունենում: Բանակցություններն առաջ են գնում փակ դռների հետևում: Դժբախտաբար, հայ-ադրբեջանական բանակցություններն այլ բնույթ ունեն:
  • Ռուբեն Վարդանյանի կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի՝ Բաքու գնալու առաջարկն ու պատանդներին այցելելը տեղին առաջարկ է, որին, հուսամ՝ Հայաստանի կառավարությունը կօժանդակի: Սա կնպաստի, որ Բաքվի բանտերում գտնվող մեր պատանդների վիճակը փոքր-ինչ թեթևանա:
  • ԵՄ-ին անդամակցելու դիմում Հայաստանը կարող է ներկայացնել, բայց դիմում ներկայացնելը մի բան է, այն ընդունելը՝ մեկ այլ բան: Եվրոպան ներքին ընդլայնման հարցեր ունի: Քանի դեռ իր ներքին հարցերը Եվրոպան չի լուծել, նոր երկրներ ԵՄ անդամ չեն դառնալու: Հայաստանից ու Վրաստանից առաջ այլ երկրներ էլ կան, որ հերթի մեջ են: Եվրոպան դեռ Բալկանյան երկրների՝ ԵՄ անդամ դառնալուց հետո առաջացած իր ներքին խնդիրները չի լուծել, ինչպե՞ս է նոր անդամներ ընդունելու:
  • Անկախ երկրները միշտ այլընտրանքներ ունենում են, այլ հարց է՝ դրանք իրակա՞ն են, թե՞ չէ: ՀԱՊԿ-ից Հայաստանի հեռանալն օբյեկտիվ պատճառներ ունի՝ 44-օրյա պատերազմ, Հայաստանի սահմանների վրա ադրբեջանական հարձակում, և այլն: Բայց ես բալանսավորված քաղաքականություն չեմ տեսնում, այլ բեկում եմ տեսնում: Պետք է մտածել՝ այդ բեկումն առանց այլընտրանքի՝ Հայաստանին ի՞նչ է տալու:

  • Հայկական գյուղմթերքի արտահանման արգելքը Ռուսաստան մի օրում տեղի չունեցավ: Դա տարիների գործընթացների արդյունք էր: Մենք ինչո՞ւ այդ տարիների ընթացքում այլընտրանքներ չենք ձևավորել: Ինչո՞ւ այսքան տարիների ընթացքում չենք պատրաստվել, որ այսօր հայ գյուղացին անակնկալի չգա ու իր խնդիրների հետ միայնակ չմնա:
  • 102-րդ ռազմաբազան Հայաստանից դուրս բերելու պատրաստակամության մասին Պուտինի հայտարարությունը սպառնալիք էր, որը կարող է ունենալ ռազմական ու քաղաքական հետևանքներ: Չեմ կարող ասել՝ դուրսբերումն ի՞նչ ռազմական հետևանքներ կունենա Հայաստանի համար, բայց աշխարհաքաղաքական հետևանքներ հաստատ կունենա: Դրա համար մի քանի անգամ պետք է մտածել նախքան ռազմաբազան Հայաստանից դուրս բերելը: Ժողովրդին պետք է հստակ բացատրել՝ ուր են տանում երկրի ապագան:
  • Ո՛չ Եվրոպան, Ո՛չ Ամերիկան, ո՛չ էլ Իրանն ու Ռուսաստանը մեր անվտանգությունը չեն ապահովելու, եթե մենք մեր անվտանգությունը չապահովենք: 2020թ. պատերազմն ու դրանից հետո տեղի ունեցող իրադարձությունները ցույց տվեցին, որ մենք չենք կարողացել ստեղծել այն պայմանները, որ մեր սահմանների անվտանգությունը կարողանանք ապահովել:
  • Հայաստանի սահմանները շատ հստակ են. դրանք գծվել են ԽՍՀՄ ժամանակ, միայն սահմանաձողերը դրված չեն: Հայաստանի կառավարությունը շատ լավ գիտի՝ որտեղով են անցնում մեր սահմանները: Մնում է գնալ, սահմանաձողերը դնել: Բանակցությունների կարիք սահմանների հարցով չկա: Եթե վիճարկելի «անկլավներ» կան, պետք է սրա շուրջ բանակցել ու այնպես անել, որ Հայաստանի ճանապարհները չընդհատվեն:
  • Ադրբեջանը հսկայական դաշնակիցներ ունի՝ Թուրքիա, Պակիստան, Իսրայել, մենք դաշնակիցներ չունենք: Խոսքի մակարդակում շատ լավ հարաբերություններ ունենք շատ երկրների հետ, բայց ինչպես ժամանակին, այնպես էլ այսօր արդյո՞ք այդ երկրները պատրաստ են օգնության հասնել, կասկածում եմ: Օրինակ՝ եթե Սյունիքի վրա հարձակում լինի, ո՞վ է մեզ օգնելու: 
  • TRIPP-ն՝ իր ամբողջ թերություններով, արդեն մեկ տարի է՝ նվազագույնը հետաձգել է Սյունիքի վրա ադրբեջանական հարձակումը:
  • Ամերիկան Հայաստանում ներկա է Firebird-ով, NVIDIA-ով, իր դատա-կենտրոնով, Եվրոպան՝ իր դիվանագիտական ներկայացուցչություններով: Վստահ եմ, սակայն, որ եթե Հայաստանը ենթարկվի ռազմական ագրեսիայի, ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ Եվրոպան մեզ օգնության չեն հասնելու: Ես չեմ կարող ասել, թե Firebird-ը ինչքան օգուտ կտա Հայաստանին, կամ որքան հոսանք ու ջուր կսպառի Հայաստանը, բայց դա կարևոր ներդրում է, ու թե այդ ներդրումը ԱՄՆ-ը ինչպես է պաշտպանելու, հետաքրքիր հարց է:

  • Աշխարհի բոլոր ատոմակայանները սահմանափակ կյանք ունեն: Տեխնիկական հարցեր կան՝ մեր ատոմակայանի հետ կապված, բայց որքան ես եմ տեղյակ, հայկական ԱԷԿ-ի շահագործումը մինչև 2036թ. է: Թերևս պետք է նոր ատոմակայան կառուցել, իսկ Թուրքիան ու Ադրբեջանը որքան էլ պահանջեն փակել ատոմակայանը, դա մեզ չպետք է անհանգստացնի: Հայաստանն ատոմակայան պետք է ունենա:
  • ԱՄՆ-ում խառնիճաղանջ վիճակ է: Նախագահ Թրամփի գործողություններն Ամերիկան շատ վատ վիճակի են հասցրել: Ընտրություններին մնացել է 2 տարի, բայց դեռ դեմոկրատները ոչ մի ծրագիր չեն ներկայացրել: Թրամփը միայնակ է մնացել, ու ինչ ուզում, անում է, Կոնգրեսին ընդհանրապես բանի տեղ չի դնում: 58 տարի է՝ ես ԱՄՆ-ում եմ ապրում, երբեք նման բան չեմ տեսել: Տնտեսությունն էլ լավ վիճակում չէ, գնաճն ահռելի է:
  • Երբ Երևանի կենտրոն ես գալիս, ասես Disneyland-ում լինես: Ամենուրեք քեֆ-ուրախություն, խրախճանք է: 
  • Հայաստանում գնաճն ահռելի է, անշարժ գույքի գները եվրոպական գներին են հասել, կյանքը թանկացել է, և այդ ամենից օգտվում են մի խումբ մարդիկ, մնացած մարդիկ չքավորության մեջ են…
  • Ես ուկրաինական պատերազմի հարցով լուրջ բանակցությունների ընթացք չեմ տեսնում: Ուիթքոֆն ու Քուշները բանագնացներ չեն, նրանք բիզնեսմեններ են: Ռուս-ուկրաինական բանակցություններն ու անշարժ գույքի առուվաճառքի բանակցությունները նույն բանը չեն, մինչդեռ այս մարդիկ դրա մասնագետն են, կարող են լավ բանակցել Նյու Յորքի Trump Tower-ի 32-րդ հարկի գնման հարցի շուրջ: Տեսեք՝ ինչպես ավերեցին ԱՄՆ-Իրան բանակցությունները: Այնպիսի համաձայնագիր ներկայացրեցին, որ պատերազմը վերսկսվեց… Քանի դեռ ուկրաինական կարգավորման հարցերով պրոֆեսիոնալները չեն զբաղվում, ոչ մի լավ արդյունք հնարավոր չէ ակնկալել:

  • Թե ինչ է ուզում ԱՄՆ-ը Իրանից, հայտնի չէ: Մյուս կողմից՝ Իսրայելը թույլ չի տա ավարտել այդ պատերազմը, քանի դեռ Իրանը ծնկի չի եկել, բայց Իրանը ծնկի չի գալիս: Թանկ գին, սակայն, Իրանի ժողովուրդն է վճարում ամեն օր: 
  • TRIPP-ի հատվածում ամերիկյան ռազմական ներկայություն Իրանը թույլ չի տա: Ռիսկն ավելի մեծ է:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930