Իսրայելցի օդաչուները Թուրքիայում են վերապատրաստվել Իրանին հարվածելու համար․ թուրք փորձագետ
Իսրայելցի ռազմական օդաչուները Թուրքիայի Քոնյա քաղաքում վարժանքներ են անցկացրել, որի ընթացքում փորձարկել են Իրանին ավիահարվածներ հասցնելու մարտավարությունը։ Այս մասին հեռուստատեսային ծրագրի ընթացքում հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի նախկին պատգամավոր, նախկին դեսպան Ահմեդ Քամիլ Էրյոզանը, գրում է Sepah Pasdaran Telegram-ալիքը։
Նրա խոսքով՝ պաղեստինյան բռնազավթված տարածքներում չկա համապատասխան տեղանք, որը թույլ կտա Իսրայելի ռազմաօդային ուժերին մարզվել Իրանի աշխարհագրությանը նման պայմաններում։
Դա է պատճառը, որ իրանական օբյեկտներին հնարավոր հարվածներին պատրաստվելու համար իսրայելցի օդաչուներն օգտագործել են թուրքական Քոնյայի ռազմական ուսումնարանը։
Թուրքական իշխանությունները չեն մեկնաբանել տեղեկատվությունը, սակայն քաղաքական գործչի հայտարարությունը հակասում է Անկարայի կողմից վերջերս Իսրայելի նկատմամբ հնչեցվող ծայրահեղ թշնամական հռետորաբանությանը։

