Հայաստանի բողոքը ԵԱՏՄ-ում․ իրավական ճանապարհ, քաղաքական փակուղի
ՀՀ իշխանություններն ակտիվորեն պատրաստվում են ԵԱՏՄ-ում ՀՀ բողոքի քննմանը։ ԵԱՏՄ կանոնների համաձայն, ՀՀ-ի նկատմամբ ՌԴ-ի կիրառված սահմանափակումների հարցով ՀՀ բողոքի շուրջ անհրաժեշտ է լիարժեք կոնսենսուս։ Այնուամենայնիվ վերջնական որոշումը, ըստ նույնիսկ Էկոնոմիկայի նախարարի, վարչապետներինն է։
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է, որ Հայաստանի բողոքն ընդդեմ ռուսական սահմանափակումների Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) նիստում քննարկվելու է հոկտեմբերին, իսկ որպեսզի որոշումն ընդունվի, անհրաժեշտ է կոնսենսուս։ «Ռուսաստանի սահմանափակումների հետ կապված նիստը Եվրասիական տնտեսական հանձնաժողովում նախատեսված է հոկտեմբերին:
Բայց եթե որոշ դիմումների դեպքում, օրինակ, 8 կողմ, 2 դեմ ձայներով կարող է որոշում ընդունվել, ապա այս դեպքում կոնսենսուս է անհրաժեշտ. եթե մի երկիր էլ վետո դնի կամ չհամաձայնի, որոշումը չի ընդունվի: Այսինքն՝ հեշտ չէ նման որոշում ընդունել»,- մանրամասնել է Պապոյանը։ Նա նաև հայտնել է, որ անցած ամիսներին, բացի այս մի դիմումից, այլ դիմումներ ևս ներկայացրել են ԵՏՀ, որոնցից մեկով անցնող օրերին արդեն որոշում է կայացվել:
«Մեկ դրվագով, որը ոչ թե սահմանափակումների, այլ սերտիֆիկատների հարցով է, ԵՏՄ հանձնաժողովը Ռուսաստանի մի գործողություն 8 կողմ, 2 դեմ ձայներով ճանաչել է որպես բարիեր, բայց այդ որոշումը վերջնական չէ. վերջին խոսքը վարչապետներինն է, այսինքն՝ բավական բարդ համակարգ է»,- նշել է էկոնոմիկայի նախարարը:
Ռուսաստանի կողմից հայկական ապրանքների նկատմամբ կիրառվող սահմանափակումների հարցը ԵԱՏՄ հարթակ տեղափոխելով՝ Հայաստանը մտնում է մի բավական ուշագրավ քաղաքական և տնտեսական փորձության մեջ։ Երևանը փորձում է Մոսկվայի կողմից կիրառվող սահմանափակումներին պատասխանել ԵԱՏՄ-ի կանոնների միջոցով։
Առաջին հայացքից՝ տրամաբանական քայլ է։ Եթե միությունը միասնական տնտեսական տարածք է, ապա դրա ներսում գործող անդամ պետության նկատմամբ սահմանափակումները պետք է գնահատվեն հենց այդ միության կանոնների շրջանակում։ Բայց այստեղ առաջանում է գլխավոր խնդիրը․ այդ կանոնների կիրառման վերաբերյալ որոշումը պետք է ընդունվի կոնսենսուսով, այսինքն՝ Հայաստանի բողոքի ճակատագիրը, ըստ էության, կախված է նաև այն երկրից, որի դեմ ուղղված է բողոքը։
Սա արդեն ոչ այնքան հերթական տնտեսական վեճ է, որքան նաև ԵԱՏՄ մեխանիզմների արդյունավետության փորձություն։ Եվ այստեղ, հիշելով Փաշինյանի հայտարարությունները, որ ԵԱՏՄ-ն չի գործում, թերևս, զարմանալի չէ, որ ՀՀ իշխանություններն ակտիվ քաղաքական երկխոսությամբ հարցը լուծելու փոխարեն՝ ընտրում են նաև այս ճանապարհը՝ ցույց տալու համար ԵԱՏՄ մեխանիզմների սնանկությունը։
Այստեղ կարևոր է նաև մեկ այլ հանգամանք․ այս գործընթացը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ ԵԱՏՄ-ում առկա տնտեսական մեխանիզմները, որքան էլ դրանք իրավական ընթացակարգերով ձևակերպված լինեն, ի վերջո հանգում են քաղաքական որոշման։ Եթե նույնիսկ ԵՏՀ-ն հայկական կողմի փաստարկները բավարար համարի, վերջնական որոշման համար անհրաժեշտ է վարչապետների մակարդակի համաձայնություն։ Այսինքն՝ այն պահին, երբ հարցը հասնում է ամենաբարձր քաղաքական մակարդակ, իրավական և տնտեսական փաստարկներն այլևս բավարար չեն լինում։
Ուստի Երևանի հաշվարկը կարող է ունենալ նաև հակառակ էֆեկտը։ Եթե իշխանությունները ԵԱՏՄ-ի ներսում առկա մեխանիզմներն օգտագործում են ոչ միայն սահմանափակումները վիճարկելու, այլև ցույց տալու համար կառույցի անարդյունավետությունը, ապա Մոսկվայի և ԵԱՏՄ մյուս անդամների համար սա կարող է դառնալ ևս մեկ փաստարկ՝ Հայաստանի հետ հարաբերությունների և, ավելի լայն իմաստով, Հայաստանի՝ կառույցում հետագա ներկայության հարցը վերանայելու համար իրավիճակում, երբ Երևանի և ԵԱՏՄ-ի մյուս կենտրոնների միջև քաղաքական վստահության մակարդակն ակնհայտորեն նվազել է։
Այս համատեքստում պատահական չէ, որ ամիսներ առաջ ԵԱՏՄ ղեկավարության մակարդակով արդեն հնչել էին հայտարարություններ Հայաստանի անդամակցության ապագայի հարցը քննարկելու անհրաժեշտության մասին։ Իսկ եթե այժմ էլ Հայաստանի իշխանությունները նույն կառույցի ներսում փորձում են արձանագրել դրա մեխանիզմների անարդյունավետությունը, ապա այդ երկու գործընթացները կարող են փոխկապակցվել։
Արդյունքում կարող է ստեղծվել բավական ուշագրավ իրավիճակ․ Երևանը ԵԱՏՄ-ի գործիքակազմն օգտագործում է Ռուսաստանի սահմանափակումներին հակազդելու համար, սակայն նույն գործընթացը կարող է ավելի խորացնել այն տրամադրությունը, որ Հայաստանի և ԵԱՏՄ-ի միջև հակասությունները հասել են այնպիսի մակարդակի, երբ անդամակցության ապագան պետք է քաղաքականորեն վերանայվի։ Այս դեպքում հարցն այլևս միայն այն չէ, թե Ռուսաստանը կվերացնի՞ հայկական ապրանքների նկատմամբ սահմանափակումները։ Հարցն այն է, թե այդ սահմանափակումների շուրջ ստեղծված հակասությունն ինչ նոր քաղաքական հետևանքներ է ունենալու Հայաստանի՝ ԵԱՏՄ-ում մնալու հեռանկարի համար։
Ուստի հոկտեմբերյան քննարկումը կարող է վերածվել ոչ միայն Հայաստանի տնտեսական շահերի պաշտպանության, այլև ԵԱՏՄ-ի և Հայաստանի հարաբերությունների ավելի լայն քաղաքական ախտորոշման։ Եթե նույնիսկ այս փուլում Երևանը փորձում է ԵԱՏՄ-ի ներսից լուծել խնդիրը, հնարավոր է՝ այդ նույն գործընթացն ավելի մոտեցնի այն պահին, երբ արդեն ոչ թե Հայաստանի իշխանությունները, այլ ԵԱՏՄ-ի անդամ պետությունները քաղաքական մակարդակում կքննարկեն Հայաստանի՝ այդ կառույցում մնալու նպատակահարմարությունը։
Եվ այդ դեպքում ռուսական սահմանափակումների շուրջ վեճը կարող է դառնալ ոչ թե ԵԱՏՄ-ի ներսում Հայաստանի իրավունքների վերականգնման, այլ Հայաստանի և ԵԱՏՄ-ի հարաբերությունների վերջնական վերաձևակերպման ևս մեկ հանգրվան։

