Բռնարար հայ տղամարդուն պիտի պատժել, իսկ կին զինծառայողների մարմինները խոշտանգած ադրբեջանցի տղամարդկա՞նց…

4 տարի առաջ՝ 2022 թվականի սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերն Ադրբեջանի զինված ուժերը հարձակողական գործողություններ էին ձեռնարկել ՀՀ ինքնիշխան տարածքի դեմ 4 ուղղություններով, ավելի ուշ, ինչպես Նիկոլ Փաշինյանն էր ԱԺ-ում մարտերի առաջին օրը հայտարարել, երկու-երեք ուղղություն ևս ավելացել է:

Հենց այս սեպտեմբերյան մարտերի ժամանակ էր, որ Ադրբեջանի զինուժը մտավ Ջերմուկի հատված՝ մխրճվեց 8.5 կմ լայնությամբ ճակատով և մինչև 7.5 կմ խորությամբ, այդ օրվա դրությամբ Ադրբեջանի ԶՈւ-ն Ջերմուկի մատույցներից 4.5 կմ հեռավորության վրա էր: Ավելի ուշ Ալիևը խոստովանել էր. 

«Մեզ մեղադրում են Հայաստանի վրա հարձակվելու մտադրության համար։ Ես այս մասին արդեն խոսել եմ, բայց ևս մեկ անգամ ուզում եմ միանգամայն անկեղծ ասել՝ եթե ցանկանայինք, կմտնեինք ու կգնայինք մինչև վերջ։ Մեր դիմաց Ջերմուկ քաղաքն էր՝ մեր նախկին քաղաքը, որի իրական անունը Իստիսու է։ Ո՞վ կկանգնեցներ մեզ։ Մենք նման մտադրություն չունեինք։ Մեր նպատակը մեր սահմանները պաշտպանելն էր։

Այնպիսի բարձունքներ պետք է ունենայինք մեր ձեռքում, որ մեր աչքերով տեսնեինք, թե ինչ են ծրագրում հայերը: Ես պետք է տեսնեմ իմ սեփական աչքերով։ Արբանյակը սարք է, կարող է շարքից դուրս գալ, կամ էլ՝ դուք այն կանջատեք (նկատի ունի արևմտյան երկրներին), դա ձեր ձեռքերում է»։

Կարդացեք նաև

Խոսքն այն նույն Ջերմուկի մասին է, որն այսօր Նիկոլ Փաշինյանը խաղարկում է Տիգրանաշենի տալ-չտալու հարցի համատեքստում:

Իսկ թե հարցեր լուծեցին Փաշինյանն ու Ալիևը սեպտեմբերյան մարտերով, որի համար Ալիևը Բաքվի դատարանում փորձում էր արդարացման հիմք գտնել, գրել ենք դեռ երեք տարի առաջ և ոչ միայն:

Ուստի պատեհն առիթն օգտագործելով, ցանկանում ենք այլ դրվագի վրա ուշադրություն դարձնել: 2022 թվականի սեպտեմբերյան մարտերի հետևանքով հայկական կողմն ունեցել է 225 զոհ, այդ թվում՝ 5 կին ծառայող՝ Սուսաննա Գրիգորյանը, Անուշ Ապետյանը, Ալիսա Մելքոնյանը, Իրինա Գասպարյանը, Գայանե Աբգարյանը:

Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը ոչ մեկ անգամ հստակ ապացույցներ է ներկայացրել ՀՀ տարածքում կին զինծառայողների նկատմամբ ադրբեջանցի զինվորականների կատարած վայրագությունների, նրանց մարմինների խոշտանգումների մասին: Սա սեպտեմբերյան մարտերից անմիջապես հետո հաստատել էր այն ժամանակ Մարդու իրավունքների պաշտպան, այսօր՝ ՀՀ արտաքին հետախուզական ծառայության տնօրեն Քրիստիննե Գրիգորյանը:

«Կին զինծառայողին թիրախավորել էին, որովհետև ոչ միայն ինքը զինծառայող է, ոչ միայն հայ էր, այլ որովհետև ինքը կին էր, և այդ առանձնահատուկ դաժանությունը պատշաճ կերպով ներկայացվել է բոլոր կոմպետենտ մարմիններին»,- «Ազատության» հետ զրույցում ասել էր նա:

ՀՀ արտաքին գործերի նախարարությունն իր հերթին՝ ավելի ուշ, մասնավորապես, հայտարարել էր.

«Սոցիալական ցանցերում ադրբեջանական օգտատերերի կողմից շարունակաբար տարածվող մի շարք տեսանյութեր փաստում են Ադրբեջանի ԶՈՒ կողմից կատարած պատերազմական հանցագործությունների՝ հայ ռազմագերիների արտադատական սպանությունների, հայ զինծառայողների, այդ թվում` կանանց խոշտանգման և դիերի պղծման դեպքերի մասին։

Հայաստանի Հանրապետությունը պահանջում է հստակ գնահատական տալ Ադրբեջանի ԶՈՒ կողմից այս և նախորդող ժամանակահատվածներում իրականացված աղաղակող պատերազմական հանցագործություններին։ Մենք հետամուտ ենք լինելու միջազգային համապատասխան հարթակներում և ատյաններում խնդրի բարձրաձայնմանը, և վերոնշյալ հանցագործությունների մեղավորներին ու կազմակերպիչներին պատասխանատվության ենթարկելուն, այդ թվում՝ միջազգային պատժամիջոցների կիրառմամբ։

Այս համատեքստում միջազգային պատշաճ հետաքննության իրականացումը հրամայական է»:

Այսօր այս հայտարարությունը Նիկոլ Փաշինյանը համարում է կոնֆլիկտածին, այդ թվում՝ Ադրբեջանի զինվորականների կողմից հայ կանանց մարմինների խոշտանգման համար պատասխանատվություն պահանջելը: Եվ ոչինչ, որ Բաքուն չի հրաժարվում անգամ ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ հայկական կողմին վերագրվող «ռազմական հանցագործությունների» համար արդարադատության պահանջից: Ինչի՞ց ենք վախենում, հայ որևէ զինվորական խոշտանգե՞լ է ադրբեջանցի կնոջ, նույնիսկ ադրբեջանական կողմը նման ապացույց չի կարող բերել:

Այս մասին խոսակցությունը կարևոր ենք համարում Աննա Հակոբյանի՝ հայ կանանց հայ տղամարդկանցից պաշտպանելու և բռնարարին օրենքի շրջանակում պատժելու նոր արշավի ֆոնին: Բնականաբար, բռնարարը պիտի պատժվի, կինը չպետք է 20-30 տարի ապրի նվաստացած, բռնության ենթարկվելով, որ չասեն՝ ամուսնացած-բաժանված, և այլն: Իհարկե, ընտանեկան բռնության, սեռական բռնության դեպքեր արձանագրվում են նաև եվրոպական երկրներում, ԱՄՆ-ում: Բայց սա թողնենք, սա չի արդարացնում հայ ընտանիքներում հանդիպող դեպքերը, այլ հարց է՝ որքանո՞վ սա պետք է ներկայացվի որպես այսօրվա ազգային կամ գլոբալ նկարագիր, կամ՝ ի՞նչ կերպ: Ի վերջո, այսօր կանանց դերի բավականին բարձրացում կա, և կանայք բավականին ազատ են, այդ թվում՝ հասարակական կարծիքից:

Խնդիրն այն է, որ գործող իշխանությունները չեն ցանկանում հասնել արդարադատության ադրբեջանցի զինվորական տղամարդկանց՝ հայ զինծառայողների նկատմամբ բռնության և նրանց մարմինների խոշտանգման փաստերով:

Արդյո՞ք սա այլ վտանգավոր նախադեպ չի ստեղծի, հատկապես, երբ քարոզվում է խաղաղության օրակարգ և համատեղ կեցություն, առնվազն՝ տուրիստական նպատակներով մի օր չե՞ն գալու Ադրբեջանի քաղաքացի տղամարդիկ Հայաստան, չե՞ն մնալու մի հյուրանոցում, որտեղ հայ կանայք կարող են աշխատել:

Գուցե շատերը կասեն՝ սա ի՞նչ կապ ունի Աննա Հակոբյանի սկսած արշավի հետ, բայց շատ ուղիղ  կապ ունի:

Եվ, ի վերջո, պետք է հասկանալ՝ հայ կանանց պաշտպանելո՞ւ են ադրբեջանցի կամ այլ օտարազգի տղամարդկանցից, թե՞ տեղի է ունենալու այն, ինչ կա. կոնֆլիկտածին ենք համարում հայ կանանց ադրբեջանցի զինվորականների կողմից սպանությունների ու խոշտանգումների մասին արդարադատություն պահանջելը: Հատկապես, երբ այսօր էլ ադրբեջանական օգտատերերի կողմից կարելի է հանդիպել հայ կանանց հեգնող և սպառնացող գրառումներ:

Աննա Հակոբյանը վերջերս անընդհատ նշում է, որ՝ հեռացել ենք մեր արժեքային համակարգից, որ այսօրվա մեր միջավայրում կնոջ և տղամարդու ինքնությունները խեղաթյուրված են, որովհետև հայ իրականության մեջ հարգվել է կնոջ իրավունքը, և նրան հարվածը հանցագործություն է դիտարկվել:

Այո, այսօրվա միջավայրում խեղաթյուրված է հայի արժեքային համակարգը և աղավաղված է ինքնությունը: Եվ սա, բնավ, չի վերաբերում միայն, ըստ Աննա Հակոբյանի, ընտանիքում կնոջ հանդեպ բռնություն գործելուն: Այսօր, առհասարակ, փորձ չի՞ արվում տարբեր առիթներով հայ տղամարդուն հեռացնել իր երբեմնի արժեհամակարգից՝ ներարկելով թուլություն, վախկոտություն, դասալքություն, պատերազմել չիմացող, պատերազմից փախչող, թշնամուց վախեցող, աղջկա, կնոջ, ընկերոջ պատիվը չպահող կամ դրանից վախեցող:

Արդյո՞ք այսօր չեն կաշկանդում հայ տղամարդուն, և հետո զարմանում, որ ընտանիքում բռնություններ կան, մինչդեռ վախեր և բարդույթներ ունեցող մարդն է ունակ բռնության, և սա՝ բոլոր ասպեկտներում և ոլորտներում: Իսկ բարդույթները չեն վերացնում անգամ ունեցած դիրքը, կենսապայմանները: Այսինքն, միշտ չէ, որ սա նյութականացված պատճառներ ունի:

Արդյեք սա հաշվի առե՞լ են: Արդյո՞ք այսօր ավելի նուրբ են մոտենում կին և տղամարդ զինվորականների մասին խոսելու թեմային:

Այո, կնոջ համար զինվորական լինելը շատ ավելի բարդ է, բայց արդյո՞ք հավասարակշռություն պահվում է: Արդյո՞ք թույլ տալիս են, որ կին զինծառայողը զգա, որ իր կողքի տղամարդ զինծառայողն իր պաշտպանն է:

Ի դեպ, կին հզոր զինծառայողներ հայկական բանակն ունեցել է նախքան 2018 թվականի հեղափոխությունը: Բայց սա այլ քննարկման թեմա է:

Իսկ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո շատ տղաներ և տղամարդիկ վերադարձան հաշմանդամություն ձեռք բերած՝ մեկը ոտքն է կորցրել, մյուսը՝ ձեռքը, և այլն: Հաշվի առնո՞ւմ են նրանց հոգեբանական վիճակը, դժվարությունները. մարդը պատերազմից վերադարձել է առողջությունը կորցրած և իր ընտանիքը չի կարողանում պահել այնպես, ինչպես հարկն է:

Կա՞ հաշվարկ, թե քանի բաժանություն է եղել այս հողի վրա, պատերազմի պատճառով:

Բնականաբար, հասարակությունն առողջացման կարիք ունի: Այս ամենը պահանջում է համալիր քաղաքականություն և մոտեցում ընտանիքում և դրանից դուրս, արտաքին քաղաքական դաշտում գտնվող հարցերում, այդ թվում՝ երբ խնդիրը վերաբերում է հային և հայ կնոջը կամ նրա հիշատակը պաշտպանելուն:

Հստակ է մեկ բան՝ աբսուրդ է, երբ փորձ է արվում հայ կնոջը պաշտպանել հայ տղամարդուց, բայց ստիպում են «կուլ տալ» ադրբեջանցիների կողմից հայ կանանց խոշտանգման դեպքերը, հատկապես, երբ ՄԻՊ-ը շեշտել է՝ «կին զինծառայողին թիրախավորել էին, որովհետև ոչ միայն ինքը զինծառայող է, ոչ միայն հայ էր, այլ որովհետև ինքը կին էր»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930