Ընտրե՛ք՝ Արծվաշե՞ն, թե՞ Վայոց ձոր ու Սյունիք ամբողջությամբ. մի քանի կրակոց ու կհայաթափվեն. Խոսրով Հարությունյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ նախկին վարչապետ (1992-1993թթ.), ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) նախկին նախագահ Խոսրով Հարությունյանն է:

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Հայաստանի հասարակությունը հայտնվել է բավականին բարդ աշխարհաքաղաքական վիճակում, ընդ որում, բավականին բարդ արտաքին սպառնալիքների տակ: Եկեղեցին այն ազգային ինստիտուտն է, որը պատմության ողջ ընթացքում երաշխավորել է մեր միասնական լինելն արտաքին վտանգները չեզոքացնելու համար։ Եկեղեցին միայն զուտ ներհայաստանյան խնդիրներ չի լուծում: Եկեղեցին ունի պատմական առաքելություն, ապահովում է համայն հայության միասնականությունն ու հայապահպանությունը: Հետևաբար՝ Հայ Առաքելական եկեղեցու դեմ գործող իշխանություների կողմից հարձակումները մեկ նպատակ են հետապնդում՝ կոտրել հայոց դիմադրությունը: Մեր առջև լրջագույն մարտահրավերներ կան՝ հայոց պետականության ինստիտուցիոնալ սպառնալիքներ: Նման պայմաններում որևէ ողջամիտ քաղաքական պատասխանատու գործելաոճ ենթադրում էր նպաստել հայոց միասնականությանը: Նույնիսկ ամերիկյան վերլուծաբաններն են փաստում, որ աշխարհում ազդեցիկ որոշումների վրա ազդեցություն են ունենում նաև հայկական Սփյուռքի ներկայացուցիչները, որը մեծ մասամբ կոորդինացվում է ողջ աշխարհի հայությանը Հայ Առաքելական եկեղեցու կողմից, և այդ ռեսուրսը մերժելը նշանակում է մերժել այն հնարավորությունները, որոնք կարող էին անշրջելի դարձնել անվտանգությունը:
  • Անկլավների հարցն էմոցիոնալ լուծումներ չի պահանջում, այլ հանգիստ, լուրջ, բանական, ողջամիտ հենքի վրա լուծումներ: Լուրջ քաղաքականությունն էմոցիա չի սիրում, այլ սառը, փաստարկված հաշվարկ:

Կարդացեք նաև

  • Արդյո՞ք Հայաստանը պետք է խուսափի իր հարևանների հետ սահմանագծման ու սահմանազատման աշխատանքներ անելուց: Իհարկե ոչ, որովհետև ցանկացած պետության ատրիբուտներից մեկը նաև միջազգայնորեն ճանաչված սահմաններն են:
  • Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կիլոմետր հատվածը երբևէ չէր եղել Ադրբեջանի կազմում. դրա հանձնումը սահմանազատման հետ կապ չունի: 

Հիշեցնենք. Նիկոլ Փաշինյանի կողմից Գորիս-Կապան միջպետական ճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածն ու Շուռնուխ գյուղի մի մասն Ադրբեջանին հանձնվեց երկու փուլով՝ 2020 թվականի դեկտեմբերին (զորքերի հետքաշում) և վերջնականապես 2021 թվականի նոյեմբերին (երթևեկության լրիվ դադարեցում):

  • 1991թ. դեկտեմբերի 21-ի դրությամբ որպես սահմանազատման արդյունքում ճանաչված սահման՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետք է ճանաչված լիներ հենց այդ դրությամբ առկա սահմանը: Արդյո՞ք այդպիսի սահման եղել է: Այո՛, եղել է: 1984-1988թթ. ընթացքում Ադրբեջանի և Հայաստանի ԽՍՀ-ների միջև ձևավորված է եղել հանձնաժողով պետական սահմանը ճշտելու համար: Այս 4 տարիների ընթացքում 938 կմ սահման է նշվել, ինչի արդյունքում ձևավորվել է 198 արձանագրություն, որոնք տեքստուալ նկարագրել են սահմանի տվյալ հատվածը, ամբողջ տեղանքը: Դրանց հիման վրա 1988թ. կազմվել է ամփոփիչ արձանագրություն, որը հաստատվել է թե՛ Ադրբեջանի ԽՍՀ-ի, և թե՛ Հայկական ԽՍՀ-ի կառավարությունների կողմից, սահմանի ողջ երկայնքով տեղադրվել են սահմանային սյուներ: Եվ եթե դուք հիմք եք ընդունում Ալմա Աթայի (Ալմաթիի) հռչակագիրը, ընդամենը պետք է Ադրբեջանին ասեիք՝ էդ աշխատանքներն արդեն արված են, եկե՛ք այդ սահմանները ճանաչենք որպես պետական սահման: Ավելին, արդեն տեղադրված սահմանային հենասյուները Կիրանցի սահմանազատման ժամանակ հանվել, գցվել են դուրս: 

Հիշեցնենք. 1980-ականներին Տավուշում Հայաստանի և Ադրբեջանի միջև վարչական շրջանների ճշգրտման հայկական հանձնաժողովը գլխավորել է նախարարների խորհրդի նախագահի առաջին տեղակալ, երջանկահիշատակ Վլադիմիր Մովսիսյանը: 1988 թվականի հունվարին ստորագրվեց այդ սահմանի մասին վերջին իրավական ակտը՝ Հայկական ԽՍՀ և Ադրբեջանական ԽՍՀ առանձին հողօգտագործողների միջև սահմանների վերականգնման մասին արձանագրությունը։ 

Սահմանների ճշգրտման այս գործընթացում հայկական կողմը վերադարձրեց 14 հազար 450 հեկտար հող, շուրջ 3 հազարը՝ Նոյեմբերյանի հատվածից։ Այդ աշխատանքները տեղի էին ունենում ՀԽՍՀ նախարարների խորհրդի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Մովսիսյանի գլխավորությամբ, նրա պաշտոնակիցն Ադրբեջանում՝ Ռասիզադեն էր՝ իր խմբի հետ, և մի քանի ռուս մասնագետներ։ Շուրջ 4 տարի է տևել այդ աշխատանքը։

  • Եթե Տիգրանաշենը հանձնենք Ադրբեջանին, մի՞թե հաշված շաբաթների ընթացքում այն չի դառնալու ադրբեջանական ռազմական հենակետ: Անկասկած, դառնալո՛ւ է: Մեր միջպետական սահմանն անցնում է Տիգրանաշենով ու հասնում մինչև Մեղրի: Եթե Տիգրանաշենը դառնում է ադրբեջանական ռազմական հենակետ, ապա դեպի հարավ գնացող մեր ճանապարհը հայտնվելու է Ադրբեջանի ռազմական վերահսկողության տակ, որովհետև այդտեղ նաև սահմանային հենակետ կտեղադրվի: Իսկ եթե մի քանի կրակոց հնչի, դեպի հարավ ոչ մի մեքենա չի գնա, և Վայոց ձորն ու Սյունիքը կհայաթափվեն:
  • Հետխորհրդային տարածքի պետությունների սահմանագծման համար փաստաթուղթ կա, որը ԵԱՀԿ-ն ընդունել է 2017թ.-ին: ԵԱՀԿ-ն գլոբալ անվտանգության ամենահեղինակավոր կառույցն է: 2017թ. այն ընդունել է մի փաստաթուղթ, որի հիման վրա հետխորհրդային պետություններն առաջնորդվել են սահմանազատում ու սահմանագծում անելիս: Դրանով են առաջնորդվել Լատվիան ու Լիտվան, Ղազախստանն ու Ղրղըզստանը:

Այդ փաստաթուղթը բավականին հաստափոր՝ 200-ից ավելի էջից բաղկացած, կոչվում է «Պետական սահմանի սահմանազատում, սահմանագծում. հրատապ հարցեր և լուծումներ»: Իսկ ինչո՞ւ է այդ հեղինակավոր կառույցն անդրադարձել այդ խնդրին: Որովհետև խորհրդային տարիների ընթացքում, որպես կանոն, երկու հարևան պետության միջև սահմաններն այնպես էին գծվում, որպեսզի միշտ առաջանա կոնֆլիկտ: Կենտրոնն այդկերպ ղեկավարում էր խորհրդային ամբողջ տարածքը: Հիմա վերականգնել պատմական տարածքները, ինչպես հիմարաբար ասում է գործող իշխանությունը, նշանակում է՝ ջուր լցնել այդ ազգամիջյան կոնֆլիկտների վերակենդանացման համար:

ԵԱՀԿ փաստաթղթում ասվում է, որ սահմանագծման աշխատանքները չի կարելի կատարել ուժի սպառնալիքի տակ: Հիմա եթե Ջերմուկի գլխին ադրբեջանցիներ են կանգնած, դա սպառնալիք չէ՞: Այս պայմաններում չի՛ կարելի անել սահմանագծում և սահմանազատում: Նույն փաստաթղթով արգելվում է նաև սահմանագծման-սահմանազատման աշխատանքներ անել, եթե կա ռազմական լարվածության ռիսկ:

  • Տիգրանաշենը հանձնելու դեպքում դե ֆակտո մինչև Սիսիան ճանապարհը կտրվելու է Հայաստանից, իսկ մեզնից յուրաքանչյուրը հարավ գնալիս պետք է անցնի ադրբեջանական անցակետով:
  • Այո՛, երբ կանգնած ենք ընտրության առաջ՝ Արծվաշե՞ն, թե՞ Հայաստանի հարավային հատվածի անվտանգություն, ես, իհարկե, կընտրեմ հարավի՝ Սյունիքի և Վայոց ձորի անվտանգությունը: Ընտրեք՝ Արծվաշե՞ն, թե՞ Վայոց ձոր ու Սյունիք ամբողջությամբ:
  • Սահմանազատման հանձնաժողովին ու անձամբ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին քաջ հայտնի է, որ 1984-1988թթ. եղել է սահմանազատում և սահմանագծում Հայաստանի ու Ադրբեջանի միջև, եղել են արձանագրություններ ու նշվել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև պետական սահմանը: Պետք էր ասել՝ պարոն Ալիև, հետ քաշվեք մեր տարածքներից, գնացեք ձեր դիրքերն ու սկսենք անել սահմանագծման ու սահմանազատման աշխատանքներ՝ ըստ 1984-1988թթ. կատարված աշխատանքների ամփոփիչ արձանագրության:
  • Ինչո՞ւ են ադրբեջանցիներն անընդհատ խոսում Սևանի մասին… Որովհետև ջրային պաշարների խնդիր ունեն, իսկ ինչո՞ւ են անընդհատ ասում՝ Սյունիք, որովհետև Սյունիքն ընդերքով ամենահարուստ տարածքն է:
  • Ալիևը շատ լավ հասկանում է, որ այն, ինչ դե ֆակտո ձեռք է բերել, ապօրինի է, հետևաբար՝ պետք է ամեն ինչ անել՝ այն իրավական փաստաթղթերով, օրենքով ամրագրելու համար:
  • Ամբողջ 20-րդ դարի ընթացքում տարածաշրջանի աշխարհագրության մեջ լուրջ տեղաշարժեր չեն եղել: Դրա համար էլ ասում ենք՝ աշխարհաքաղաքականություն: Հետևաբար՝ այդ աշխարհագրությամբ պայմանավորված քաղաքականությունը նույնպես չէր կարող գլոբալ փոփոխությունների ենթարկվել: Անակոնդայի օղակը շարունակում է արդիական լինել: Մեր տարածաշրջանի՝ այդ կոնտեքստում կարևորությունը Մեծ խաղի մեջ չի կորել:
  • Խաղաղությունն անշրջելի դարձնելու համար մենք պետք է ունենանք իրավական ու քաղաքական անշրջելի նախադրյալներ: Այս կոնտեքստում ընդհանրապես չի կարելի խոսել Տիգրանաշենը կամ «անկլավներն» Ադրբեջանին վերադարձնելու մասին: Մենք պետք է առաջնորդվենք մեր պետության անվտանգությամբ, իսկ դա պահանջում է չհանձնել Տիգրանաշենն ու մյուս տարածքները:

  • Ապաշրջափակման իմաստը պետք է լիներ այն, որ թշնամի պետությունները՝ Հայաստանն ու Ադրբեջանն, իրար կապող երկաթուղու այնպիսի կոնֆիգուրացիա լիներ, որ այդ կրիտիկական ենթակառուցվածքները ոչ միայն նպաստեին երկուստեք տնտեսական փոխշահավետ համագործակցությանը, այլև զերծ կպահեին կողմերին ճնշումների միջոցով միակողմանի օգուտներ քաղելու գայթակղությունից: Արդյո՞ք ապաշրջափակման ներկայիս ձևաչափը բխում է այդ սահմանումից: Միանշանակ ո՛չ:
  • Փաշինյանն ասում է՝ TRIPP-ը հնարավորություն է տալիս Պարսից ծոցը միացնել Սև ծովի հետ: Լսե՛ք՝ ի՞նչ կապ ունի TRIPP-ը Պարսից ծոցի հետ: TRIPP-ը Տրանսկասպյան երկրների հնարավորությունները՝ էներգակիրներն ու հազվագյուտ մետաղները, դեպի Արևմուտք տեղափոխելու ճանապարհն է:
  • Իրանը ցույց տվեց, որ ինքը կայուն պետություն է: Պատերազմը չկոտրեց նրա ողնաշարը: Տարածաշրջանի բոլոր երկրները ստիպված են հաշվի նստել Իրանի հետ:
  • Մենք կարող ենք դառնալ Միջին միջանցքի մաս, դառնալ մրցունակ: Բայց դրա համար անհրաժեշտ է բացել այլընտրանքային ճանապարհը՝ Բաքու-Ղազախ-Իջևան-Դիլիջան-Վանաձոր ճանապարհը, որը 200 կմ-ով ավելի կարճ է, քան այն, ինչ ուզում են անել TRIPP-ով, որը Հայաստանին ընդհանրապես ձեռնտու չէ, մեր շահերից չի բխում դա: Բաքու-Մեղրի-Շարուր-Իգդիր-Ղարս երթուղին 890 կմ է։ Իսկ Բաքու-Ղազախ-Իջևան-Դիլիջան-Վանաձոր-Գյումրի-Ղարս երթուղին 600 կմ է։ 
  • Բոլոր պարագաներում Երասխ-Ախուրիկ երկաթուղային հատվածը չի աշխատելու:
  • Որևէ տնտեսվարողի չի հետաքրքրում, թե ով է սպասարկում իր բեռի տարանցիկ ճանապարհը, ո՞ր երկաթգիծն է դա անում: Նրան հետաքրքրում է՝ լա՞վ է արդյոք սպասարկվում այդ ճանապարհը, արա՞գ է, մաքսային ձևակերպումներն արագ ու արդյունավե՞տ են արվում, որքանո՞վ է այդ ճանապարհով տեղափոխությունը տնտեսապես ձեռնտու: Ես չեմ ասում՝ մերժենք TRIPP-ը, ասում եմ՝ մեր երկրի շահերից ելնելով՝ ինչն է պետք  առաջնահերթ անել: Եթե TRIPP-ն առանց երկաթուղային ներքին ցանցի գործարկվի, ներհանրապետական ոչ մի ցանց չի աշխատելու: Եթե դուք առաջնորդվում եք միայն TRIPP-ով, մնացած բոլոր ուղիները չեն աշխատելու:
  • Արդյո՞ք դու կարողանում ես քո տարածքն այնպես կազմակերպել, որ քո անվտանգությունը բխի ազդեցիկ պետությունների շահերից: Կամ եթե չբխի նրանց շահերից, գոնե չխանգարի, լարվածությունների և ռազմական բախումների պատճառ չդառնա: Այդպիսի հնարավորություն մենք ունենք: 
  • Դեռևս 2012-2013թթ. Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ մշակվել է Իրանը Հայաստանին կապող, Ադրբեջանին և Թուրքիային շրջանցող հնարավորության մասին: Այս տարբերակն էլ կա, և եթե այս իշխանությունները դա չեն օգտագործում, ուրեմն կա՛մ չեն հասկանում, կա՛մ չեն ուզում:
  • CEPA-ի առկայության պայմաններում եվրոպական ինտեգրացիայի վերաբերյալ էդ ի՞նչ նոր փաստաթուղթ եք ընդունում, որը հենց ձեր ասելով՝ 20-30 տարի հետո յա կլինի, յա՝ չէ
  • Եթե այս իշխանությունները Հայաստանի ատոմակայանը փակեն, վաղը չէ մյուս օրն Ադրբեջանն ասելու է՝ կանեք ասածներս՝ կտամ հոսանք, չէ՝ ուրեմն կանջատեն: Ակնհայտ է, չէ՞, որ Թուրքիայի ու Ադրբեջանի պահանջն է ատոմակայանի փակումը:

Հիշեցնենք. օրեր առաջ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը կարող է էլեկտրաէներգիա մատակարարել Հայաստանին՝ նշելով, որ Երևանը չի կարող անորոշ ժամանակով երկարաձգել Մեծամորի ատոմակայանի շահագործումը։

Ալիևն Ադրբեջանի պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է, որ ադրբեջանցի մասնագետները նախնական ուսումնասիրություններ են իրականացրել Հայաստանի տարածքում և հայտնաբերել էլեկտրահաղորդման հենասյուների հնարավոր տեղակայման վայրեր։ Դա Ադրբեջանի էլեկտրացանցը Հայաստանի տարածքով Նախիջևանի հետ կապելու ծրագրի մի մասն է։ 

«Այսօր նրանց (հայերի) էներգիայի հիմնական աղբյուրն ատոմակայանն է։ Եթե այդ աղբյուրը փակվի, Հայաստանը կարող է կանգնել լուրջ էներգետիկ ճգնաժամի առաջ»,- ասել է Ալիևը՝ հավելելով, որ էլեկտրաէներգիայի լրացուցիչ աղբյուր ունենալը բխում է Երևանի սեփական շահերից։

Փաշինյանն անմիջապես արձագանքեց Ալիևին՝ հայտարարելով, որ Հայաստանն էլեկտրաէներգիայի փոխանակման, արտահանման և ներկրման հարցեր է քննարկում Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի, ինչպես նաև Իրանի հետ: Նա հավելել է, որ արհեստական բանականության (AI) ոլորտում ներդրումների պատճառով Հայաստանին լրացուցիչ էլեկտրաէներգիա է անհրաժեշտ լինելու, և կարիքի դեպքում պետք է դիտարկել նաև Ադրբեջանից հոսանք ներկրելու հնարավորությունը:

  • Մեր հասարակությունը պիտի նախ և առաջ մտածի, հասկանա՝ որն է իր համար շահեկան: Թե չէ բոլորը բլոտի սեղանի շուրջ քաղաքագետ են: Ցավոք սրտի, ժամանակ չունենք, ժամանակը մեր օգտին չի աշխատում:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31