«Այս պահին որևէ հաստատում, տեղեկատվություն՝ այդ ամենի հետ կապված, չենք կարող հանրային հարթակում հնչեցնել». Զառա Ամատունի

Օրերս Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովից, որի նախագահն ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանն է, 168.am-ի հետ զրույցում հրաժարվել էին մեկնաբանել՝ Բաքվի բանտում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, հանձնաժողովից որևէ մեկի հետ հանդիպում ունեցե՞լ է, թե՞ ոչ։

«Նման զգայուն թեմաներով մեկնաբանություններ չենք տալիս։ Եթե լինում են հրապարակման ենթակա նյութեր, մենք կայքում հրապարակում ենք, մնացած բոլոր դեպքերում մեկնաբանություններ չենք տալիս»,- 168.am-ին ասել էին ԱԱԾ լրատվականից։

Այսօր 168.amը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունուց հետաքրքրվեց՝ Վերոնիկա Զոնաբենդը Բաքու մեկնելու և Ռուբեն Վարդանյանի հետ հանդիպում կազմակերպելու համար դիմե՞լ է Կարմիր խաչի միջազգային կոմիտեին, ի՞նչ քայլեր կարող է ձեռնարկել մարդասիրական կազմակերպությունն այդ հանդիպումը կազմակերպելու համար։

Կարդացեք նաև

«Բաքվում պահվող անձանց ընտանիքների հետ մենք կապի մեջ ենք. պարզ խոսքով ասած՝ մեր կազմակերպության դռները միշտ բաց են։ Մենք փորձում ենք մշտապես տեղյակ լինել նրանց խնդիրների, հարցերի մասին՝ անկախ այն հանգամանքից, որ մենք 2025 թվականի սեպտեմբերից տեսակցություններ չենք իրականացրել։ Բաքվում մեր գրասենյակի բացակայության պարագայում, բնականաբար, այդ աշխատանքները կասեցվել են, սակայն մեր երկխոսությունն Ադրբեջանի իշխանությունների հետ Ժնևի մեր գրասենյակի միջոցով շարունակվում է»,- նշեց Զառա Ամատունին։

Նրա խոսքով՝ մարդասիրական հարցերը շարունակաբար քննարկվում են Ադրբեջանի իշխանությունների հետ։

«Ինչ վերաբերում է կոնկրետ անձի դիմումին, ապա նման հարցերը մենք ուշադրության կենտրոնում պահում ենք, սակայն չենք կարող բովանդակային անդրադառնալ որևէ գործողության։ Մենք միշտ շեշտում ենք՝ մեր կազմակերպությունը պատրաստակամ է կատարելու իր մարդասիրական առաքելությունը։

Բնականաբար, այստեղ մեզ համար շատ կարևոր է ընտանիքի պահանջն ու ակնկալիքը։ Միևնույն ժամանակ, մեր գործելու համար շատ կարևոր է փոխհամաձայնությունը տվյալ իշխանությունների հետ,  որտեղ ստանում ենք համաձայնություն, մարդասիրական երաշխիքներ ստանալ՝ մեր աշխատանքը կատարելու համար, նման երաշխիքների և համաձայնության պարագայում պատրաստ ենք անմիջապես կատարելու մարդասիրական առաքելությունը՝ իրականացնել տեսակցություն։

Այս պահի դրությամբ որևէ հաստատում, որևէ տեղեկատվություն՝ այդ ամենի հետ կապված, չենք կարող հանրային հարթակում հնչեցնել։ Ինչպես գիտեք, նման գործողությունների վերաբերյալ մենք հայտարարում ենք ավարտից հետո, այլ ոչ թե նախապես»,- ընդգծեց Զառա Ամատունին։

Նշենք, որ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, հուլիսի 31-ին նամակներ էր ուղարկել Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատար Սաբինա Ալիևային՝ Բաքու միջազգային կանանց մարդասիրական պատվիրակության այցը կազմակերպելու նպատակով։

Նամակի հրապարակումից օրեր անց Վերոնիկա Զոնաբենդը հայտարարություն էր տարածել, որում հանդիպման առաջարկ էր արել Նիկոլ Փաշինյանին, սակայն կառավարությունից այն փոխանցել էին ԱԳՆ-ին։

Հիշեցնենք, որ փետրվարի 5-ին հայտնի դարձավ, որ Բաքվի ռազմական դատարանի կողմից Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, բացի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանից և Բակո Սահակյանից, դատապարտվել է ցմահ ազատազրկման։ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման՝ հաշվի առնելով նրանց տարիքը։

Հիշեցնենք նաև, որ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանն Արցախի դեմ սկսված պատերազմից հետո խաղաղ բնակիչներին սպանելու սպառնալիքի տակ սեպտեմբերի 27-ից սկսած գերեվարեց Արցախի նախկին բարձրաստիճան ռազմաքաղաքական ղեկավարությանը։

Նշենք նաև, որ Բաքվում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակը փակվել է Ադրբեջանի իշխանությունների որոշմամբ՝ 2025 թ. սեպտեմբերի 3-ին։ Մարդասիրական կազմակերպությունն Ադրբեջանում աշխատել էր ավելի քան 30 տարի։ Կարմիր խաչի գրասենյակի փակվելը մեծ խնդրի առաջ կանգնեցրեց Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների, պատանդների ընտանիքներին, քանի որ նրանց հետ շփումը կազմակերպվում էր Կարմիր խաչի միջոցով։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31