ՍՈ՛ՒՏ ԵՆ ԽՈՍՈՒՄ, ԹՈՇԱԿԱՌՈՒԻՆ ԽԱԲԵԼ ԵՆ. ԳՆԱՃԻՆ ՆԱՅԵՔ, ԿՏԵՍՆԵՔ՝ ԹՈՇԱԿԸ ՆՎԱԶԵԼ Է ԵՎ ՈՉ ԹԵ ԲԱՐՁՐԱՑԵԼ․ ՆԱԻՐԻ ՍԱՐԳՍՅԱՆ
168TV-ի՝ «Զառան հարց ունի» հաղորդաշարի հյուրը «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար, տնտեսագետ Նաիրի Սարգսյանն է։ Նախաձեռնությունը հայտարարել է սպասվող ընտրություններում Սամվել Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստանի» հետ դաշինքով գնալու մասին։
Նաիրի Սարգսյանի զրույցի մի քանի կետերը՝ մեկ դիպաշարով․

- Նիկոլ Փաշինյանն ինչ ասում է, սո՛ւտ է, և պետք է կենտրոնանալ դրա տրամագծորեն հակառակի վրա։ Փաշինյանը շատ փոքրիկ ֆիգուր է, որ խոսի սահմանների բացումից․ նա որոշող չէ, ընդամենը կամակատար է և հանձնարարություններ է կատարում։ Իսկ Թուրքիայի կողմից սահմանների բացումը Հայաստանի համար որևէ դրական հնարավորություն դեռևս չի ստեղծում։
- Նիկո՛լ Փաշինյան, քեզ, քո տնտեսական բլոկի նախարարներին, քո պատգամավորներին հրավիրում եմ բանավեճի, համեցե՛ք բանավեճի։ Սո՛ւտ են խոսում․ թող գեթ մեկ ապրանք կամ ծառայություն ասեն, որ արտահանելի է։ Ավելին, Թուրքիան դերակատար է դառնալու Հայաստանում 3-րդ երկրներից ներկրման մաքսատուրքերի սահմանաչափերի բարձրացման հարցում։ Ուղղակի, դեռ մեր բախտը որոշակի առումով բերել է, այն առումով, որ ԵԱՏՄ-ի կազմում ենք գտնվում, և մաքսատուրքերը մենք միանձնյա չենք որոշում. ԵԱՏՄ-ն օրենքներով, կանոնակարգերով, համաձայնագրերով է որոշվում։ Հետևաբար՝ Թուրքիան դեռևս չի կարողանում շատ միջամտել Հայաստանի ներքին կյանքին։
- Եթե հանկարծ գնաց սահմանների բացում, թուրքական ապրանքները ողողեցին հայկական շուկան, թուրքական ներդրումները հոսեցին Հայաստան… մեզ լավ ապագա չի սպասում, բայց պետք է նաև հանուն արդարության կրկնենք, որ, այո՛, մի օր պետք է Թուրքիայի սահմանը բացել, ուղղակի տնային աշխատանքը կատարելուց հետո պետք է բացել, պատրաստ լինենք շոկերին, պատրաստ լինենք դիմակայելու, դրանից հետո՝ խնդրեմ, բացե՛նք։
- Ղազախստանից կարող է բեռը մտնել Ադրբեջանի տարածքով, դուրս գալ Վրաստանի տարածք, այնուհետև՝ Հայաստան։ Սա որևէ բարի կամքի դրսևորում չէ Ադրբեջանի կողմից: Ադրբեջանը փող է աշխատում, Վրաստանը փող է աշխատում, Ղազախստանը փող է աշխատում, հայ գործարարը փող է աշխատում։ Նիկոլ Փաշինյանն ուղղակի փիառվում է, դրանք կեղծիքներ են։

- Վառելիքի առումով Ադրբեջանը չունի ներուժ. նույնիսկ ներքին սպառման պահանջարկը չի բավարարում, որ մի հատ էլ Հայաստան արտահանի…
- Ո՞ր վառելիքն ենք բերում Հայաստան՝ ռուսական, ինչո՞ւ չենք կարողանում անմիջապես Ռուսաստանից բերել, ընդ որում՝ Ռուսաստանի հետ Հայաստանն ունի քվոտավորված պայմանավորվածություններ վառելիքի առումով՝ բացթողնման գինը ներքին սպառման գներով է Հայաստանին վաճառում։ Այսինքն՝ սրանք էնպիսի աճպարարություններ են, որոնք անմիջապես բացահայտվում են, Ադրբեջանը Հայաստանին չի կարող վառելիք մատակարարել, դա իրենը չէ:
- Էներգետիկ համագործակցությունը նշանակում է՝ ատոմակայանի փակում, Հայաստանի էներգետիկ կախվածություն Թուրքիայից։ Թուրքիան տարիներ շարունակ դժգոհում է Հայաստանում Ատոմակայանի առկայությունից, որպես վտանգ և սպառնալիք է դիտարկում իր համար և զուգահեռ իր համար կառուցում է ռուսների հետ նոր ատոմակայան՝ «Աքքույու» ատոմակայանը։ Տեսնում եք Նիկոլ Փաշինյանի հիստերիկ ինչ-որ ձևակերպումները, որ ատոմակայանը պետք է փոխարինենք կամ վերազինենք և այլն… դրանք ընդամենը փաթեթավորում են, որպեսզի մեր հասարակությունը հավատա։ Իրականության մեջ հետևյալն է՝ Հայաստանի էներգետիկ պահանջարկի 32%-ն արտադրում է ատոմակայանը։ Ամենաէժան էլեկտրաէներգիան արտադրում է ատոմակայանը, բայց ուզում են փակել ատոմակայանը, դեֆիցիտը ներկրել Թուրքիայից։
- Առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճը կազմել է մոտավորապես 40%-ի շրջանակներում. թոշակը նվազել է և ոչ թե բարձրացել Հայաստանում:

- Առողջության ապահովագրությունն ուղղակի խայտառակություն է։ Մեր հայրենակիցները ոգևորված են, նորմալ է, օբյեկտիվ է, որովհետև տարիներ շարունակ ունեցել են հիվանդություններ, շատերը չէին կարողացել բժշկական հաստատություններ դիմել։ Բայց գիտե՞ք՝ հիմա ինչպես է կատարվում։ Ուրեմն, երբ խոսում ենք, ասում ենք՝ հատկացված բյուջեն կբավարարի մինչև ընտրություններ, դրանից հետո արդեն ուղղակի մեծ խնդիրների առաջ ենք կանգնելու, դա չբավարարեց։ Կառավարության պահուստային ֆոնդից լրացուցիչ գումար հատկացվեց, լրացուցիչ պարտք ներգրավվեց, մինչև հունիսի 7-ը դեռևս կներգրավվի, հունիսի 7-ից հետո անհայտ է դրա ճակատագիրը…
- Ո՞ւմ հաշվին։ Իսկ 320 միլիարդ դրամ միայն պետական պարտքի տոկոսի ավելացումը, որը յուրաքանչյուր թոշակառուի թոշակը կարող էր ավելացնել 50.000 դրամով։ Այսինքն՝ եղավ, որ թոշակառուին խաբել են։՛՛

Մանրամասները՝ տեսանյութում:



