25 միլիոն դրամից ավելի աշխատավարձ և նոր «Տոյոտա»․ Վեհափառի գործով հանրային մեղադրող, գլխավոր դատախազի տեղակալ Արամյանի ու նրա տիկնոջ 2025թ. հայտարարագիրը
Վեհափառ Հայրապետի ու 6 բարձրաստիճան հոգևորականների «գործով» մեղադրող դատախազներից մեկն Արամ Արամյանն էր՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ և Արդարադատության առաջին դասի խորհրդական։
Արամյանն իր կարիերան սկսել է ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնից և արդեն 2024 թվականի դեկտեմբերից ստանձնել Գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը։

Եվ, ինչպես տեսնում եք, այս պաշտոնում արդեն նրան են վստահվում «գերպատասխանատու» գործեր։
168․am-ն այսօր կփոխանցի Արամ Արամյանի «ձեռքբերումներից» մի քանի դրվագներ, որոնք ներառված են 2026 թվականին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած նրա՝ 2025 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրում։
Այսպես, պաշտոնյան իր հայտարարագրում տեղեկացրել է 2014 թվականին մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանում գնած և համատեղ սեփականություն հանդիսացող բնակարանի և 2025 թվականի ապրիլին 5,4 միլիոն դրամով «Յունեքս» ՍՊԸ-ից գնած 2019 թվականի արտադրության «Տոյոտա» մակնիշի մեքենայի մասին։
Նրա բանկային հաշիվների մնացորդները տարվա ընթացքում տատանվել են 700 հազար դրամից 500 հազար դրամի սահմաններում, կանխիկ միջոցները՝ թե՛ տարեվերջին, թե՛ տարեսկզբին եղել են 6 միլիոն դրամի չափով։
Արամ Արամյանի՝ հաշվետու տարվա՝ 40,645,824 դրամ եկամուտն էլ գոյացել է «ԱՄԻՕ ԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերությունից ստացած 15 միլիոն դրամ փոխառությունից և ՀՀ դատախազությունից ստացած 25,645,824 դրամ աշխատավարձից և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներից։
Համեմատության համար նշենք, որ Արամյանը, օրինակ, 2021 թվականին, երբ ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալն էր, հայտարարագրել էր հաշվետու տարվա՝ 9,130,630 դրամ եկամուտ, որից՝ 8,820,630 դրամը՝ ՀՀ դատախազությունից ստացած աշխատավարձ և/ կամ դրան հավասարեցված այլ վճարումներ և 310,000 դրամը՝ ՎՏԲ Հայաստան բանկից ստացած փոխառություն։
Արամ Արամյանը նաև հայտնել է հաշվետու տարվա՝ 2025 թվականի տարեվերջին վարկի մայր գումարի՝ 13,327,620 դրամ մնացորդի մասին ու արձանագրել՝ 2025 թվականին վարկի մարմանն ուղղել է 11,658,317 դրամ։
Արամյանի կինը՝ Աննա Աստվածատրյանը, հայտարարագրել է 3 անշարժ գույք․ երկուսը՝ հասարակական նշանակության շինություն՝ Սևան համայնքում, որոնք գնել է 2007 թվականին և տնօրինում է միանձնյա, և մեկը՝ համատեղ սեփականություն հանդիսացող բնակարան Արաբկիր համայնքում։
Պաշտոնյայի տիկինը հայտարարագրել է նաև 4 հազար դոլար և 2,8 միլիոն դրամ բանկային ավանդներ և 3 միլիոն դրամի չափով կանխիկ միջոցներ՝ այն պարագայում, երբ նրա՝ հաշվետու տարվա եկամուտները կազմել են 305,581 դրամ և գոյացել են երկու բանկերին տրված փոխառությունների կամ բանկային ավանդների դիմաց ստացված տոկոսից և այլ հատուցումից։

