Յուրաքանչյուր նման հայտարարությունից հետո մենք նկատում ենք Արցախում մշակութային ժառանգության ոչնչացման էական աճ. Հովիկ Ավանեսով
Նիկոլ Փաշինյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է մեկ տարի առաջ՝ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Թրամփի միջնորդությամբ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների միջև «Խաղաղության պայմանագրի» նախաստորագրմանը։
«Հիմա արդեն օգոստոսի 8-ի հանդիպումն անվանում ենք Խաղաղության գագաթնաժողով, իսկ այնտեղ իմ և Ադրբեջանի նախագահի ընդունած համատեղ հռչակագիրը, որ որպես վկա ստորագրեց նաևԱՄՆ նախագահը, Խաղաղության հռչակագիր։
Հայաստանի և Ադրբեջանի հակամարտության էջը փակված է, խաղաղությունը հաստատված է, և այն ահա ձեր աչքի առջև է, ձեր կյանքն է ու առօրյան։ Որևէ խաղաղություն հաստատելը հեշտ չէ, հեշտ չի եղել նաև մեր խաղաղության հաստատումը։ Բայց ցանկացած խաղաղությունը փլուզելն ու ի չիք դարձնելը չափազանց հեշտ է, և դա կարելի է անել շատ արագ, ու հարց է` այդ պարագայում կհաջողվի՞ արդյոք 35 տարի անց նորից հաստատել խաղաղություն։
Այսօր շատերը՝ ոմանք՝ նպատակադրված, ոմանք էլ՝ ակամա, գործում են խաղաղությունը փլուզելու տրամաբանությամբ, և այս գործունեությունը երբեմն քողարկվում է բարեհունչ կամ «հայրենասիրական» ծխածածկույթի ներքո։ Ուզում եմ ասել առանց սեթևեթանքի՝ խաղաղությունն անշրջելի դարձնելու համար անհրաժեշտություն է «Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի» և «Ադրբեջանից հայ փախստականների վերադարձի» իրավունքի մասին, իսկ Ադրբեջանում «Արևմտյան Ադրբեջանի և արևմտաադրբեջանցիների վերադարձի» իրավունքի մասին խոսույթները չշարունակելը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը։
Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն, կովկասագետ Հովիկ Ավանեսովի խոսքով՝ արցախահայերի ու Հայաստանից հեռացած ադրբեջանցիների միջև հավասարության նշան դնելը որևէ տրամաբանություն չունի, չի կարելի նույն հարթության վրա դիտարկել այդ երկու հարցերը մեկ պարզ պատճառով, որովհետև արցախահայությունը ցանկանում է վերադառնալ իր պատմական կենսատարածք։
«Արցախը մշտապես եղել է հայկական և մաս է եղել հայկական պետականության, ընդհուպ այն ժամանակ, երբ տարբեր հատվածներում Հայաստանի պետականությունը գոյություն չուներ կամ մասնակի էր, այն եզակի հատվածներից մեկն էր Արցախը, որտեղ պետական ինստիտուտները մշտապես գոյություն են ունեցել։
Ինչ վերաբերում է արհեստածին հորինված ադրբեջանցիներին, ապա նրանք որևէ աղերս չունեն բռնի տեղահանված արցախահայերի հետ։ Նախ՝ այդ ադրբեջանցիները, ո՛չ Հայաստանի, ո՛չ Արցախի որևէ բնակավայրի հետ առնչություն չունեն՝ ինչպես պատմական, այնպես էլ՝ իրավական տեսանկյունից։ Մինչ 1918 թվականը տարածաշրջանում որևէ պետական միավոր կամ կազմավորում Ադրբեջան անունով գոյություն չի ունեցել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Հովիկ Ավանեսովը։
Նրա խոսքով, 1918 թվականին արհեստականորեն ստեղծել են այդ կազմավորումը։ Բացի այդ, «տիտղոսակիր ադրբեջանցի» ասված արտահայտությունը ևս հորինված է արհեստականորեն, մինչև 1936 թվականի Սահմանադրության ընդունումը Խորհրդային ժամանակահատվածի, ադրբեջանցի ազգ հասկացությունը, որը վերագրելի լինի Ադրբեջանի ներկայիս տարածքին, գոյություն չուներ։
«Անգամ 1936 թվականի Սահմանադրության մեջ արհեստականորեն ձևակերպելուց հետո ևս չէր կիրառվում։ Առաջին կիրառումները, որպես այդպիսին, մենք հանդիպում ենք 1940-ականներից սկսած։ Այս կոնտեքստում նաև պետք է նշենք, որ «Արևմտյան Ադրբեջան» եզրույթը նույնքան արհեստածին է, որպես այսօր բուն Ադրբեջանի պետական կազմավորումը։ Այս ամենը հաշվի առնելով՝ նույն հարթության մեջ դիտարկել արցախահայերի հետ, լինի պետության ղեկավարի, թե մեկ այլ անձի մակարդակով՝ անընդունելի է»,- հավելեց Հովիկ Ավանեսովը։
Նա նաև շեշտեց՝ Արցախ արցախահայերի վերադարձը կապել խաղաղության օրակարգի հետ, մեղմ ասած, անգրագիտություն է, անկախ այն հանգամանքից, թե ով է նման ձևակերպումների հեղինակը։ Կա նաև մեկ այլ կարևոր հանգամանք, որ այսօր գոյություն չունի խաղաղության օրակարգ։ Ադրբեջանը երբևիցե նման օրակարգ չի ունեցել և չի էլ ունենա։ Իրական խաղաղության օրակարգի մասին հնարավոր է խոսել՝ մի քանի հանգամանք հաշվի առնելով։
«Այստեղ խոսքն Արցախի ամբողջական դեօկուպացիայի մասին է՝ հետվերադարձ մինչ 2020 թվականի սեպտեմբերի 27-ի ստատուս-քվո։ Ադրբեջանական բոլոր տեսակի ներկայության դուրսբերում ՀՀ սուվերեն տարածքից, այսինքն՝ ադրբեջանական ԶՈՒ-ի և սահմանապահները, որոնք ապօրինի կերպով գտնվում են Հայաստանի տարածքում, պետք է դուրս գան։ Հայատյացության դրևորումների վերացումն Ադրբեջանում, պետական խոսույթից սկսած, դպրոցական կրթական ծրագրերով ավարտած։
Բաքվում ապօրինի պահվող ռազմագերիների հայրենիք վերադարձելը՝ առանց բացառության ու առանց որևէ նախապայմանի։ Եթե այս դրույթներն իրականանան, այդ ժամանակ կարող են խոսել իրական խաղաղության մասին, բայց քանի դեռ այս ամենը չկա, իրական խաղաղության մասին խոսելն առնվազն միամտություն է։ Անկախ այն հանգամանքից՝ ով ինչ հայտարարություններ է անում, Արցախի հարցը փակված չէ։ Այս հարցը որևէ անձ՝ անկախ իր կարգավիճակից, իրավունք չունի փակելու, Արցախի հարցը մեկ անձի հարց չէ, այն համայն հայության հարցն է»,- նշեց Հովիկ Ավանեսովը։
Նա վստահ է՝ Նիկոլ Փաշինյանը շատ լավ տեղյակ է, որ բռնի տեղահանված արցախահայերին ու ադրբեջանցիներին նույն հարթության վրա դնելն առնվազն անթույլատրելի է։ Սա պարզապես հատուկ մշակված քաղաքականություն է, այսպես կոչված, խաղաղության միակողմանի գործող օրակարգի շրջանակներում։ Անկախ այն ամենից, թե ինչ ձևակերպումներ է տալիս Նիկոլ Փաշինյանը, արցախահայերի համար խնդիրները փակված չէ և երբեք չեն դադարի խոսելու վերադարձի մասին և այդ ամենի շրջանակներում խոսելու նաև Արցախի մշակութային ժառանգության պահպանման խնդիրների մասին։
«Կրկնում եմ՝ նման հայտարարությունները մեզ չեն կարող հետ պահել մեր պահանջից, բայց այդ հայտարարությունները կարող են բացասական հետևանքներ ունենալ և կունենան։ Յուրաքանչյուր նման հայտարարությունից հետո մենք Արցախի տարածքում նկատում ենք Արցախի մշակութային ժառանգության ոչնչացման էական աճ»,- ընդգծեց Հովիկ Ավանեսովը։

