8-9 տարվա կառավարություն եք, եթե այսօր ձուկ չեք ուտում, ովքե՞ր են մեղավոր, նախկիննե՞րը. Բաբկեն Պիպոյան
Ինչպես հուլիսի 24-ին հայտնել էր Անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայությունը՝ «Ռոսսելխոզնադզորը», հուլիսի 27-ից սահմանափակվել է Հայաստանից դեպի Ռուսաստան կաթնամթերքի արտահանումը։
«Ռոսսելխոզնադզորը», հիմք ընդունելով 2026 թվականի հուլիսի 14-21-ը Հայաստանի կաթի վերամշակմամբ զբաղվող ձեռնարկություններում անցկացված ստուգումների արդյունքները, դիմել է Հայաստանի Հանրապետության Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին՝ խնդրելով հուլիսի 27-ից դադարեցնել Հայաստանի բոլոր կաթնամթերք արտադրող ձեռնարկությունների արտադրանքի համար ռուսական հասցեատերերին մատակարարումների անասնաբուժական սերտիֆիկատների տրամադրումը։
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ ղեկավար Բաբկեն Պիպոյանից հետաքրքրվեցինք՝ այսօր հայ սպառողը շուկայից կարողանո՞ւմ է գնել անվտանգ կաթնամթերք, ինչո՞ւ հայկական կաթնամթերքն այլևս չի համապատասխանում ռուսական շուկայի չափանիշներին։
Բաբկեն Պիպոյանի խոսքով՝ ըստ էության, ռուսական կողմը խոսում է ոչ թե կոնկրետ արտադրության անվտանգության, այլ՝ սննդամթերքի անվտանգության համակարգ չունենալու մասին, կառավարման համակարգի, այսինքն՝ անասնաբուժական հսկողության պակասի։
«Եթե նայենք Սննդամթերքի անվտանգության տեսչության պաշտոնական հաղորդագրությունը, ապա այն ավելի շատ մեզ համար էր, քան ռուսական կողմի։ Ընդ որում, մեզ համար ոչ թե, որ անվտանգության երաշխիք է ստեղծում, այլ, որպեսզի «փափուկ բարձ» դնի մեր գլխի տակ։
Ինչո՞ւ, ռուսական կողմն ըստ էության ասում է, որ հայտնաբերել է հիվանդ կենդանի և հայտնել է, որ այդ հիվանդ կենդանու կաթը հայտնվել է տնտեսությունում։
Հարց՝ արդյո՞ք մենք ունենք պատշաճ անասնաբուժական հսկողություն, հավաստիացնում եմ՝ չունենք։ Արդյո՞ք սրա բացահայտումը ռուսական կողմի համար լուրջ խնդիր էր, հավաստիացնում եմ՝ ոչ, արդյո՞ք այս ամենը բավարար է, որ մենք ասենք, որ հենց հիմա սպառում ենք վտանգավոր ապրանք՝ ոչ։
Հատկապես, եթե խոսում են այլ երկրից ներմուծած հումքի օգտագործման մասին, օրինակ, մենք չգիտե՞նք, որ հարևան Իրանից բերում ենք մեծ քանակությամբ սերուցք, որն էլ օգտագործվում է տեղական կաթնամթերքում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Բաբկեն Պիպոյանը։
Նա հիշեցրեց՝ ռուսական կողմն ասում է, որ հայկական այն ապրանքը, որը տեղական հումքով չէ՝ չի ընդունում։ Հիմա փաստացի կա մի իրավիճակ, երբ քաղաքական որոշումը ռուսական կողմը կարողացել է փաթեթավորել, բայց հանգիստ խոսում է նրա մասին, որ իր որոշումը քաղաքական չէ։
«Ռուսական կողմի այս որոշումը քաղաքակա՞ն է, թե՞ ոչ, միանշանակ, այո, սրա մասին խոսելու իրավունք ունեն բոլորը, բացի լիազոր մարմնից ու համապատասխան գերատեսչություններից, այդ թվում՝ Կառավարությունը։
Մենք կառավարման համակարգում իրական փոփոխություններ չենք տեսնում։ Նույն ձկնամթերքին անդրադառնանք, մենք ունե՞նք վատ արտադրողներ, իհարկե ունենք, իսկ այդ վատ արտադրողներին վերահսկողն ո՞վ է՝ Սննդամթերքի անվտանգությունը։ Եթե լիազոր մարմինը չի կարողացել այնպես անել, որ երկրի ղեկավարը 8 տարի ձուկ ուտի, ապա առնվազն այդ լիազոր մարմնի նշանակողը պետք է ասի՝ «բա 8 տարի է՝ ձուկ չես ուտում, չե՞ս ուզում փոփոխություններ անել այն հիմնարկում, որը պետք է այնպես աշխատեր, որ դու ձուկ ուտեիր»։
Այսինքն՝ դու էլ ես հավասար մեղավոր, որ ձուկ չես ուտում։ Այն ձուկը, որը հիմա շուկայում է, 8 տարեկան չէ, 1,2 տարեկան է։ 8-9 տարվա կառավարություն եք, եթե այսօր ձուկ չեք ուտում, ովքե՞ր են մեղավոր, նախկիննե՞րը։ Ի դեպ, նախկինների ժամանակ էլ կառավարման համակարգ չկար»,- շեշտեց Բաբկեն Պիպոյանը։
Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ իրականում շատ ավելի խորքային գործընթաց է տեղի ունենում, քան թվում է առաջին հայացքից:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը սկսել է պլանավորել է ՀՀ տնտեսությունը, որքան էլ Հայաստանում գոռան ինքնիշխանություն։ Այդ ինքնիշխանության անվան տակ Հայաստանը միայն ավելացրել է իր կախվածությունը և բերել-հասցրել է մի իրավիճակի, երբ մեր տնտեսությունն ունի այնպիսի կառուցվածք, որ Ռուսաստանը կարողանում է պլանավորել Հայաստանի ամբողջ տնտեսությունը։
«Ռուսաստանն ասում է՝ այս ծաղիկն աճեցնելով, դուք իմ պատվերն եք արել, հիմա պատվերն այսքան է, ու ասում է՝ փորձեք այլ երկիր տարեք, տեսնեմ՝ կարողանո՞ւմ եք։ Հիշեցնեմ՝ ասում էի, երբ փակում եք ձեր Գյուղնախարարությունը, օրերից մի օր կտեսնեք՝ դա ինչ հետևանք է ունենալու, որովհետև էկոնոմիկան փող է տալիս այնտեղ, որտեղ եկամուտ կա ու այդ պահին փող, մինչդեռ գյուղատնտեսության փիլիսոփայությունն ու տրամաբանությունը բոլորովին հակառակն է։ Ում ուզում էին միացնեին գյուղատնտեսության նախարարությունը, բայց էկոնոմիկային չմիացնեին, և հենց սա է, որ այսօր հանգեցնում է նման խորքային պրոբլեմների։
Շատ դեպքերում մենք այլևս չենք ցանկանում մասնագիտական թեմաներով խոսել, որովհետև ավելի լավ է չիմանան, քան կիսատ իմանան, որովհետև կիսատ իմանալով՝ հնարավոր է վնաս տան։
Կառավարման համակարգը պետք է արագ շարժվի։ Բժշկության մեջ կա «մի վնասիր» սկզբունքը, որը պետք է լինի բոլոր ոլորտներում։ Տնտեսության պատասխանատուներն էլ պետք է իմանա, որ չպետք է վնասեն ու սկզբունքով գործեն: Ձկան մասին խոսելիս՝ օգուտ եղա՞վ, թե՞ միայն վնաս էր, միայն վնաս էր, որովհետև մենք ունենք լավ ու վատ արտադրողները, բայց սրանով լավը խառնեցին վատին։ Պետությունը պետք է գիշեր-ցերեկ աշխատեր, հիմա վնասը կա, օգուտը չգիտեմ որն է»,- ընդգծեց Բաբկեն Պիպոյանը։
Հիշեցնենք, որ հուլիսի 29-ի Կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ վաղուց աճեցված ձուկ չի ուտում, քանի որ որակի խնդիր կա։

