Հայաստանն անվանում էին թանգարան բաց երկնքի տակ, հիմա տնազային ճարտարապետություն է․ Դավիթ Ստեփանյան

Ճարտարապետ Դավիթ Ստեփանյանի հետ 168TV«Մարդիկ» հաղորդաշարի շրջանակներում զրուցել ենք Կիևյան կամրջի, խցանումների, մեծ թափով ընթացող բնակելի շենքերի կառուցման և հնարավոր ելքերի մասին։

– Վերջին ամիսներին բոլորի ուշադրության կենտրոնում է Կիևյան կամուրջը՝ պայմանավորված հիմնանորոգմամբ ու դրա արդյունքում առաջացած խցանումներով։ Սակայն մեր զրույցը սկսենք դրականիցե՞րբ է կառուցվել կամուրջը, և ո՞րն է դրա յուրահատկությունը։

– 1955թ․ դեկտեմբերին շինարարությունն ավարտվել է։ Կիևյանի ճարտարապետ Գրիգոր Աղաբաբյանը նախագծել է նաև Հաղթանակի կամուրջը։ Կիևյանի յուրահատկությունն այն է, որ Արաբկիրը կապում է Աջափնյակին։ Այն ժամանակվա ամենամեծ թռիչքն էր․ 350 մետրից ավելի։ Նույնիսկ Եվրոպայում առկա կամուրջներից ամենաերկարն էր համարվում։

Կարդացեք նաև

Գեղագիտական տեսանկյունից Հաղթանակի կամուրջն ինձ համար ավելի շահեկան է՝ հաշվի առնելով քարի կառուցվածքը, մասշտաբը, համաչափությունները, նկարվածքը։ Մեր օրերում այն շատ է տուժել շրջակա միջավայրի կառուցապատումներից, իսկ Կիևյանը դեռ որոշ չափով պապանել է իր յուրահատկությունը։ Սակայն տեսարանը նույնը չէ։ Ժամանակին երբ անցնում էինք՝ Արայի լեռը, Արագածը աչքներիս առջև էին, հիմա դրանք մեծ առումով փակվել են բարձրահարկերի պատճառով։

– Զարդաքանդակներ չկա՞ն։

– Զարդամոտիվներ թուջե ճաղաշարին կան, ափսոսում եմ, հանկարծ չքանդեն՝ անդեմ բան դնեն։ Կիևյանն ամբողջությամբ երկաթբետոնե կոնստրուկտիվ կառույց է։

Կիևյան կամուրջը երկու փուլով է կառուցվել, ինչո՞ւ։

– Այո, 1952թ․ վթար եղավ, մեծ կամարը փլվեց, 47 զոհ եղավ։ 1949թ. շինարարությունը սկսվել է, 1951թ․ պետք է ավարտեին, բայց թերություններ են նկատել մոտ 1 միլիոն ռուբլու չափով, իսկ 1955թ․ երբ ավարտել են, փորձարկել են՝ բեռնատարներ են բերել, կանգնեցրել, ճկվածքն են հաշվել ինժեներներն ու արդեն նորմալ գործել է։

Նախքան Կիևյան կամրջի կառուցումը Լենինգրադյանի այդ հատվածը համարվել է վերջնամաս և կարծեմ, ճանապարհը միայն հետիոտնի համար է նախատեսված եղել, ոչ մեքենաների։ Հնարավո՞ր է գա մեկ օր, որ Կիևյանը միայն հետիոտնին ծառայի։

– Զարգացումներին որ նայում եմ՝ տեսնում եմ, որ ոչինչ մարդու համար չէ։ Ամեն ինչ խցանումների, սթրեսի համար է։ Ո՞ւր էր նման բախտ։

Արդյո՞ք ճիշտ է, որ խցանումների ժամանակ այդքան մեքենա կանգնած է մնում կամրջին։

Կամուրջների դեպքում ամենավտանգավորը նույն հաճախակիությունն է, որն ազդում է։ Օրինակ, կամրջով զինվորների անցնելու դեպքում «Ազա՛տ» հրամանն են տալիս, որ ոտքերը նույն ռիթմով չխփեն, չդոփեն։

Բնական է՝ կուտակումները, տարիների մաշվածությունն ինչ-որ հետք թողած կլինեն։

– Խցանումները նվազեցնելու համար ճարտարապետները հաճախ են խոսում կամուրջների, էստակադաների կառուցման մասինդա հարցը կլուծի՞։

– Ընդհանրապես հարց չի լուծի, եթե անկանոն կառուցապատում է տեղի ունեցել ու շարունակվում է նույն տեմպով։ Խցանումների տեսանկյունից ենթակառուցվածքներ ավելացնելը հարց չի լուծի, եթե շարունակելու ենք անկանոն կառուցապատում իրականացնել։ Մի տեղ խցանումը թեթևանալու է, մեկ ուրիշ տեղ կուտակում լինի։ Արդեն ուշ է, փակուղու մեջ ենք, և իրականում պետք էր ի սկզբանե այդ ամենը հաշվարկել։ Տարիների ընթացքում պետք է շտկենք սխալները, որոշներն անդառնալի են։

Անընդհատ վեր են խոյանում բարձրահարկ շենքներսա Երևանի համար նորմա՞լ է։

– Իհարկե նորմալ չէ։ Ամեն մի բարձրահարկը մի դատարկվող գյուղ է Հայաստանի պայմաններում։ Եվ երկրորդը, հենց այդ բարձրահարկերն են նշված խնդիրը ստեղծում։ Սթրես, սպառողականություն, խցանումներ, գեղագիտական այլանդակություն, որովհետև նախ բնաշխարհն է աղճատվում, ավերվում, տեսարանները նույնպես ու մարդկանց հույզերից կտրում են։

Բացի այդ, քաղաքի այն հատվածները, որոնք ունեն պատմական որոշակի շերտ, դրանց հանդեպ աններդաշնակ վերաբերմունք է ցուցաբերվում։ Ժամանակին, երբ ճարտարապետը մարդ էր կրթում, ձևավորվում էր հայ մարդ, հիմա խառնամբոխի համար արվող շինարարություն է, նույնիսկ ճարտարապետություն չէ։ Սոցիալական խնդիր չեն լուծում, դա բոլոր նորմերից դուրս է՝ լուսավորություն, կանաչ, հակասեյսմիկ նորմեր․․․ուղղակի սպառողական հասարակություն կերտող միջավայր են ձևավորում։

Այնպես չէ, որ ԽՍՀՄ տարիներին կառուցված շենքերն իդեալական են․․. հարևանը կարծես մյուս հարևանի տանն է, քանի որ շենքերն իրար շատ մոտ են։ Նույնը հիմա է։ Չկա՞ լուծում, որ իրար այդքան մոտ չլինեն շենքերը, և երկրորդ, մենք սեյսմիկ գոտում ենք գտնվումերկրաշարժի դեպքում մարդիկ ո՞ւր են փախչելու։

– Հա, շղթայաբար իրար են խփելու և նույնիսկ, եթե փողոցի կենտրոնում էլ մարդը կանգնի՝ թափվելու են փողոցն էլ ծածկեն։ Մոտ 20 տարի առաջ չինացիները հաշվարկել էին, որ եթե ցերեկվա միջին ժամին երկրաշարժ լինի՝ 300-400.000 զոհ կլինի։ Վերջին տարիներին ներկայիս քաղաքապետը խոստովանեց, որ նախկինների օրոք կառուցված շինարարության 5 անգամ ավելի ծավալն է իրականացվել։ Այսինքն, ամբողջ աննորմալությունը 5 անգամ ավելացել է։ Մտածում են զուտ այդ պահին գրպանը լցնելու մասին: Բիզնես էլ չէ․ այն երկարաժամկետ գործընթաց է ենթադրում։ Բնակելիներն անում են, այդ պահին գումարը դնում են գրպանը, անցնում են հաջորդին, որ արագ հարստանան։

 – Ճարտարապետները նշում են, որ նոր շենքներն ավելի սեյսմակայուն են…։

– Ավելի վատ։ Հաշվարկել են, բայց ինչպե՞ս են կառուցել։ Նույն Կիևյան կամուրջը հաշվարկված էր, բայց հետո պարզվեց, թե ինչ կարգի խարդախություններ են եղել։

Սթրեսից արդյո՞ք մեզ կփրկի Աջափնյակի մետրոն։

– Ինչ-որ չափով կօգնի։ Բայց, որ մեծ հարց կլուծի՝ չէ։ Թունելը փորած է, մնացել է կամուրջը։ Այս տեմպով կուտակում կստեղծեն մեկ ուրիշ տեղ, ու դա կդառնա սովորական մի բան։

Սովորական չի դառնում «Հին Երևանը»։ Մոտ 20 տարի առաջ որոշեցին վերականգնել հին Երևանի տեսքը։ Ինչպե՞ս եք գնահատում Կենտրոնում արհեստականորեն հին Երևան ստեղծելու գաղափարը։

– Արամի փողոցով անցնող հին Երևանը բուտաֆորիկ երևույթ է, ընդհանրապես կապ չունի հին Երևանի հետ։ Հայաստանն անվանում էին թանգարան բաց երկնքի տակ, հիմա տնազային ճարտարապետություն է։ Հին Երևանը լուսանկարով էլ կարող ես տեսնել, իսկ այս դեպքում աղճատված, վրան ինչ-որ ծավալներ, ու մարդկանց պետք է բացատրես՝ սա հինն է, սա՝ նորը։

Հին Երևանն ինձ համար թամանյանական Երևանն է, որովհետև հայկական ազնվազարմ ճարտարապետությունը հենց Թամանյանից սկսվեց։ Մինչ այդ ցարական Ռուսաստանի և այդ ոճի, ինչպես նաև արևելյան որոշ մոտիվներով միքսած, ինքնություն չներկայացնող կառույցներ էին։ Հա, կարևոր են իբրև պատմություն, բայց բարձր ճարտարապետություն ունեցանք թամանյանական դպրոցից, որը շատ արագ կրկին նսեմացրեցինք միջավայրով, շենքերին խայտաբղետ միջամտություններով, կցակառույցներով, երեսպատումներով։ Էլ չեմ ասում՝ օդորակիչներն ու լարերը ոնց են անցկացվել։

Եթե մի ծրագիր լիներ՝ գոնե Երևանի կենտրոնը Թբիլիսիի նման պահպանելու, հետ բերելու, էլի որոշակի դրական քայլ կլիներ, բայց այդ միտումն ընդհանրապես չկա։

Հետ բերել հնարավո՞ր է։

– Գոնե փոքր դետալներով միգուցե հնարավոր է, բայց ծրագիր պետք է լինի։ Մի ժամանակ Օպերայի կողքի սրճարանն ապամոնտաժեցին, հետո նույն ձև գնաց։ Աչքկապոցի եղավ։

Հրաշք տուֆով, զարդանախշերով շենքին մեկ էլ ամեն մեկն իր ճաշակով տարբեր գույնի երեսպատում է անում։ Դեկորատիվ խնդիրը պետք է լուծվեր, հետո անցնեին ուրվագծերին։ 50-100 տարվա պլան պետք է գծել ու իրականացնել։

Հունաստանի քաղաքներում, օրինակ, հնությունն ամբողջովին պահանված է, մարդիկ ձեռք չեն տվել, իսկ մեզ մոտ ասում են՝ հին է, քանդենք։

– Եվրոպան ահռելի հնություններ ունի, սրբորեն պահում-պահպանում է, բայց պետք է ասեմ, որ մենք չենք էլ ունեցել այդ կարգի հնություն, մեր ունեցածը վերջին 100 տարվանն է, ու դա էլ չենք կարողացել պահել։

Օրինակ, Իտալիայում բացառված է, որ քարի մակերևույթին ինչ-որ բան փակցնեն, պատուհանի գծով՝ բացվածքի մեջ են դնում։

Հետևաբար, այլ երկրներում ճարտարապետները, հասարակությունը հարգում են իրենց մշակույթը։

– Այո։ Մեր մոտ եթե նույն աղբ նետողը հայտնվի Եվրոպայում, նման արարք չի գործի։ Այնտեղ միջավայրն ազդում է։ Խառնափնթոր շինարարությունն ինքնին մեծացրած աղբ է։

Կոնդի զարգացման նախագծի հետ կապված ի՞նչ կարծիք ունեք։

– Արհեստավորների քաղաքն առհասարակ լավ միտք էր, արժե պահել։ Կոնդը իրենից բարձր ազգային ճարտարապետություն չի ներկայացնում, բայց արժեք ունի։

Մեզ համար առաջին հերթին ինքնությունը կերտող ճարտարապետությունն է արժեքավոր, որն այլանդակել ենք։

Հիմնականում Երևանի մասին ենք խոսում, բայց մարզերում հայկական ճարտարապետությունը պահպանվո՞ւմ է, թե՞ այնտեղ էլ է նույն վիճակը։

– Նույն վիճակն է։ Սարսափելի է։ Վերջին տարիներին օրենքը փոխել են, տվել են անսահմանափակ քանակով հարկայնություն, Մայր տաճարի հետևից բարձրահարկերը ծլեցին։ Աշտարակ ես մտնում՝ բարձրահարկ շենքերն են դիմավորում․ մեկը՝ Կարմրավոր եկեղեցու դիմաց։ Նույնը Եղվարդի խճուղիում է։

Աննորմալ «սինգապուրիզացում» է գնում։

– Որպես երիտասարդ ճարտարապետ՝ մտքում ունե՞ք նախագիծ, գաղափար, որը կցանկանայիք իրականացնել։

– Կցանկանայի ինչ-որ հրաշքով այս ամենը վերացնել, մեր հին քաղաքը վերակենդանանար, մարզերում այդ ամենը որ սկսվել է՝ կասեցվեր։ Եթե մի բարեխիղճ ճարտարապետ դեռ ստեղծագործում է, ստեղծում է փոքր կղզի, որը ընդհանուրի մեջ մեծ առումով հարց չի լուծում։ Քաղաքաշինական ընդհանուր զարգացման սկզբունքների գլխին միշտ կանգնած է պետությունը։ Սա այն մասնագիտությունն է, որը պետության անկման և զարգացման հետ է իր տատանումը ցուցադրում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31