Նիկոլ Փաշինյանն է ատելության մթնոլորտի և արատավոր բարքերի առաջին կրողը և սերմանողը․ Սեյրան Օհանյան
Այսօրվա իրողությունները ձևավորվել են այս իշխանությունների կառավարման ցածր մակարդակի և ճգնաժամի արդյունքում։ Մենք այդպես էլ չտեսանք, որ 44-օրյա պատերազմի վերլուծության և հետևությունների արդյունքում զարգացման հայեցակարգ կամ պլան ձևավորվեր։ Այս իշխանությունը ոչ միայն չկանխեց Արցախի հայ բնակչության բռնագաղթը, ինչը սահմանել էր իր իսկ ընդունած Ազգային անվտանգության ռազմավարությամբ, այլև նպաստեց դրան։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

«Իշխանությունը «մարտունակ բանակ»-ի փոխարեն՝ սկսել է ասել «պաշտպանունակ բանակ», որ հակառակորդին հասկացնի, թե մենք միայն պաշտպանվելու ենք և որևիցե հարձակողական գործողություն անելու նպատակ չունենք։ Նիկոլ Փաշինյանն ասում է, թե մենք մեր երկրի տարածքային ամբողջականությունը վերականգնելու խնդիր չենք դնում։ Նրան պետք է հարց տալ՝ Զինված ուժերի այսօրվա կիրառման պլանի մեջ կա՞ն արդյոք գործողություններ, որոնք պետք է ուղղված լինեն մեր տարածքային ամբողջականության վերականգնմանը։ Եթե այո, ապա այդ կիրառման պլանը մշակողները և հաստատողները՝ երկրի ղեկավարից սկսած, պետք է հեռանան պետության կառավարումից»,- ասաց քաղաքական գործիչը։
«Փաշինյանն ասում է՝ խաղաղությունն է մեր անվտանգության երաշխիքը, մինչդեռ խաղաղությունը հիմնարար արժեք է։ Եթե երկրի ղեկավարն ասում է՝ խաղաղությունը երաշխիք է, ինչպե՞ս խոսես այդ անձնավորության հետ։ Պաշտպանունակ լինում է պետությունը, իսկ բանակը պետք է լինի մարտունակ։ Այս իշխանություններն ասում են, թե իբր զրոյից են բանակ ստեղծում, մինչդեռ հայկական բանակը 1992 թ․-ից է ձևավորվել։

Նրանք ուրանում են բանակի անցած ճանապարհը, ինչպես և մեր ամբողջ պատմությունը՝ «իրական Հայաստան» տերմինաբանության մեջ։ Հայկական բանակը զրոյից է ձևավորվել, բայց այդ հարցում այս իշխանության ղեկավարը կապ չունի, նա կապ ունի միայն բանակը զրոյացնելու հետ»,- նշեց Օհանյանը:
Ընդդիմադիր գործչի կարծիքով՝ Փաշինյանը շարունակում է իր գործունեության այն ոճը, որ 44-օրյա պատերազմի, դիվանագիտության ձախողման, անօրեն սահմանազատման և սահմանագծման համար բոլորը մեղավոր են՝ բացի իրենից.
«Այս իշխանության ղեկավարն ինքն է անհանդուրժողականության, ատելության մթնոլորտի, ոչ մարդկային վերաբերմունքի առաջին կրողը։
Նա ինքն է արատավոր երևույթների ձևավորման պատճառը։ Թուրք-ադրբեջանական տանդեմն այսօր հիմնավորվում է, և 44-օրյա պատերազմից հետո, զգալով մեր իշխանությունների պարտվողական և հանձնողական քաղաքականությունը, ավելացնում է իր ճնշումները։ Իրենց նպատակը մեր տարածաշրջանից Հայաստանի Հանրապետության հիմնահատակ վերացումն է»:
«Ժամանակակից սպառազինության և ռազմական տեխնիկայի ձեռքբերումը սրանք վերածել են քարոզչության։ Զորահանդեսին ցույց են տալիս նոր հրետանային համակարգեր, բայց զոհվածների հիշատակին տրվող համազարկն իրականացվում է Դ-30 համակարգերով։ Եթե նոր համակարգերը յուրացվել են, թող ցույց տային նաև այդ համակարգերը։

ԳՇ պետը վերածվել մի սերժանտի, որը նոր օբյեկտներ բացելու համար զեկուցում է պաշտպանության նախարարին»,- ասաց Սեյրան Օհանյանը:
Մանրամասները՝ տեսանյութում

