Ի՞նչ մասնագիտություն են ընտրում երիտասարդները, ո՞ր ֆակուլտետներում դիմորդներ չկան. Մանրամասնում է փորձագետը
Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս բուհերում մի քանի մասնագիտությունների գծով թափուր տեղեր են մնացել. Որոշ մասնագիտություններ առհասարակ չեն հետաքրքրում երիտասարդներին:
Չնայած գնահատման և թեստավորման կենտրոնը լրացուցիչ մրցույթ էր հայտարարել դիմորդների համար, այդուհանդերձ, բուհերում թափուր մնացած մասնագիտությունների գծով որևէ մեկը չէր դիմել։
Կրթության հարցերով փորձագետ Սերոբ Խաչատրյանն ասում է՝ նախորդ տարվա հետ համեմատած՝ այս տարի ևս առանձնապես փոփոխություն չկա։
«Այս տարի ևս մեծ մրցույթ էր Երևանի պետական բժշկական համալսարանում, իրավագիտության ֆակուլտետում, միջազգային հարաբերություններ, IT ոլորտի մասնագիտություններով։ Մրցույթը շատ է մեծացել ճարտարապետություն մասնագիտությամբ. այդ գծով դիմորդների թիվը շեշտակի ավելացել է։
Ինչպես անցնող տարիներին, այս տարի ևս դիմորդներ չկան Ագրարային համալսարանի ֆակուլտետների մեծ մասում։ Հիմնականում մրցակցային է Ագրոբիզնեսը, բայց մյուս ֆակուլտետներում դիմորդների թիվը քիչ է:
Ըստ իս, համալսարանը հեռակայով մի փոքր այդ վիճակը կմեղմի։ Կարծում եմ՝ հեռակա կարգով կընդունվեն»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Սերոբ Խաչատրյանը։
Ըստ փորձագետի, այսօր խնդիր կա մանկավարժի մասնագիտության գծով, թեև բնագիտության գծով կրթաթոշակ է տրվում այն ուսանողներին՝ 70-77 հազար, ովքեր ընտրել են համապատասխան մասնագիտությունը, բայց, օրինակ, «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Բնագիտություն», «Արհեստ ու արվեստ» առարկաների գծով բավականին թափուր տեղեր կան։
«Հնարավոր է այս թափուր տեղերի մի մասը լրացվել է, քանի որ հուլիսի 30-ին թափուր տեղերի մրցույթն ամփոփվեց, բայց, անշուշտ, տեղեր մնացած կլինեն։
Մանկավարժական մասնագիտությունների գծով նույն վիճակը նաև մարզային բուհերում է, ճարտարագիտական մասնագիտությունների գծով նաև կան որոշ թափուր տեղեր»,- հավելեց Սերոբ Խաչատրյանը։
Խոսելով մասնակավարժական մասնագիտությունների գծով երիտասարդների կողմից ցուցաբերվող անհետաքրքրության մասին, Սերոբ Խաչատրյանն ասաց, որ այն մասնագիտությունները, որոնք եկամտաբեր են, այսպես ասած՝ տաղանդի մեծ մասը տանում են։
«Եթե երեխան դպրոցում, օրինակ, լավ է սովորում «Քիմիա» և «Կենսաբանություն» առարկաները, ոչ թե գնում է քիմիայի գծով, այլ գնում է Բժշկական համալսարան, որոշներն էլ դիմում են ԵՊՀ-ի Կենսաբանության ֆակուլտետ։ Այս տարի Մանկավարժական համալսարանում դիմորդներ եղել են, որ դիմել են «Քիմիա» և «Կենսաբանություն» առարկաների գծով, սակայն նրանց ճնշող մեծամասնությունն անբավարար է ստացել։
Այսինքն՝ դիմորդների մեծ մասը չի բավարարել այդ անցողիկ շեմի մինիմալ պահանջները։ Նույնը «Ինֆորմատիկա» առարկայից է, ովքեր լավ տիրապետում են, գնում են IT գծով։ Եթե երեխան որոշ առարկայի գծով ունի լավ գիտելիքներ, ապա գնում է այդ առարկայի գծով ավելի եկամտաբեր մասնագիտության ուղղությամբ»,- ընդգծեց Սերոբ Խաչատրյանը։

