Փաշինյանի երկակի ուղերձը Չոլպոն-Ատայում․ կընդունի՞ արդյոք այն Ռուսաստանը

Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ օգոստոսի 6-7-ը Ղրղըզստանի Չոլպոն-Ատայում կայացած նիստը տեղի ունեցավ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում վերջին ամիսների ամենալարված փուլերից մեկի պայմաններում։

Նիկոլ Փաշինյանի մասնակցությունն այս միջոցառմանը, թերևս,  գլխավոր ինտրիգն էր, քանի որ վերջինս խոստացել էր անդրադառնալ Հայաստանի դեմ կիրառվող տնտեսական սահմանափակումներին և հարցին, որ ԵԱՏՄ-ն չի գործում։ Սակայն Չոլպոն-Ատան ցույց տվեց հակասությունների խորությունն ու դիրքորոշումների կարծրությունը․ Երևանը ԵԱՏՄ-ն չի դիտարկում՝ որպես հարաբերությունների անքննելի և ինքնաբավ համակարգ, իսկ Մոսկվան, իր հերթին, ակնկալում է Հայաստանի դիրքորոշման հստակեցում՝ հատկապես եվրաինտեգրման ուղղության հարցում։

Նիստին Փաշինյանի մասնակցությանը ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին նախորդել էր հուլիսի 27-ի հեռախոսազրույցը Վլադիմիր Պուտինի հետ, որն անցկացվել էր հայկական կողմի նախաձեռնությամբ։

Այդ զրույցում, ըստ Կրեմլի հաղորդագրության, Պուտինը վերահաստատել էր ԵԱՏՄ-ի Աստանայի գագաթնաժողովի մայիսի 29-ի համատեղ հայտարարության դրույթների նկատմամբ Ռուսաստանի հավատարմությունը։ Խոսքը, մասնավորապես, Հայաստանում ԵՄ անդամակցության վերաբերյալ հանրաքվե անցկացնելու անհրաժեշտության մասին է։ Միաժամանակ Փաշինյանը բարձրացրել էր Ռուսաստանի կողմից հայկական ապրանքների նկատմամբ կիրառվող սահմանափակումների հարցը՝ դրանք հակասող համարելով հայ-ռուսական իրավապայմանագրային բազային և ԵԱՏՄ կանոններին։

Կարդացեք նաև

Այսպիսով, երկու կողմերի օրակարգերը փաստացի տարբեր հարթություններում էին․ Մոսկվան խոսում է Հայաստանի ռազմավարական ընտրության մասին, Երևանը՝ ԵԱՏՄ ներսում տնտեսական պարտավորությունների կատարման մասին։ Այս հեռախոսազրույցից հետո Երևանում Փաշինյանի ձևակերպումները սուր էին, նա հայտարարում էր, որ եթե հայկական արտադրանքի արտահանման հետ կապված հարցն արագ չլուծվի, դա կարող է դառնալ ԵԱՏՄ-ի «սկզբի վերջը»՝ պնդելով, որ ստեղծված իրավիճակը ցույց է տալիս միության մեխանիզմների չաշխատելը։

Չոլպոն-Ատայում ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի իր ելույթում Փաշինյանի հռետորաբանությունն, այդուհանդերձ, որոշակիորեն փոխվեց։ Եթե օրեր առաջ խոսքը ԵԱՏՄ-ի «կաթվածահարության» և նույնիսկ դրա ապագայի վերաբերյալ կոշտ կանխատեսումների մասին էր, ապա միջկառավարական խորհրդի նիստում Փաշինյանն ինչպես քննադատական տոնով անդրադարձավ միության աշխատանքի արդյունավետությունը, այնպես էլ հայտարարեց, որ ԵԱՏՄ երկրների հետ համագործակցության ամրապնդումը Հայաստանի արտաքին և տնտեսական քաղաքականության առաջնահերթություններից է։ Նա նաև բացատրեց, որ Հայաստանում ներկայումս իմաստ չունի հանրաքվե անցկացնել ԵՄ անդամակցության հարցով, քանի որ այդ հարցը դեռ գոյություն չունի։

Չոլպոն-Ատայի ելույթով Փաշինյանը փորձեց այնուամենայնիվ շարունակել նախկին քաղաքական գիծը, պնդելով, որ Հայաստանն իր համար այլընտրանքներ է ստեղծում, որի լեգիտիմ իրավունքն ունի, իսկ ԵԱՏՄ-ն էլ՝ առաջնահերթություններից է։

Փաշինյանը հերթական անգամ փորձեց հասկացնել, որ ԵԱՏՄ-ն տնտեսական միություն է, դրա կանոնները պետք է գործեն նաև այն դեպքերում, երբ տնտեսական և քաղաքական հարաբերությունները տվյալ երկրի հետ բարդանում են, ուստի՝ եթե այսպես շարունակվի, կառույցում ճգնաժամ կստեղծվի։ Չնայած ռուսական կողմն էլ իր հերթին՝ արդեն տևական փուլ է, ինչ ժամանակ առ ժամանակ պնդում էր, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառության անկում կլինի՝ Հայաստանի արտաքին տնտեսական և քաղաքական ուղղության փոփոխության պայմաններում։ Ալեքսեյ Օվերչուկի տվյալներով՝ 2024-ին շուրջ 12 մլրդ դոլարի հասած երկկողմ առևտուրը 2025-ին նվազել էր մինչև մոտ 8 մլրդ դոլար, իսկ 2026-ին անկումն ավելի է խորացել։

Ռուսաստանի պատասխանը Չոլպոն-Ատայում, սակայն, նույնպես ուշագրավ էր և անուղղակի։ Միխայիլ Միշուստինը, խոսելով ԵԱՏՄ-ի ընդհանուր տնտեսական վիճակի մասին, շեշտեց ոչ թե ճգնաժամը, այլ միության տնտեսական ցուցանիշների դրական դինամիկան՝ նշելով ՀՆԱ-ի, արդյունաբերության, գյուղատնտեսության, մանրածախ առևտրի և փոխադարձ առևտրի աճը։

Փաշինյանի բարձրացրած հարցերին ԵԱՏՄ միջկառավարական խորհրդից որևէ ներկայացուցիչ չարձագանքեց։ Այնուամենայնիվ, Միշուստինն իր շեշտադրումներով ակնարկեց՝ ռուսական կողմը չի ընդունում կարծիքը, թե Հայաստանի հետ առկա խնդիրները վկայում են ամբողջ ԵԱՏՄ-ի համակարգային ձախողման մասին։

Տնտեսական հակասության կողքին կա ավելի խոր՝ աշխարհաքաղաքական խնդիր։ Չոլպոն-Ատայում Փաշինյանը բաց տեքստով արձանագրեց, որ Հայաստանը հասկանում է՝ ԵԱՏՄ-ին և Եվրամիությանը միաժամանակ անդամակցել հնարավոր չէ։ Միաժամանակ նա ընդգծեց, որ Հայաստանի կողմից ԵՄ-ին անդամակցության գործընթացը սկսելու մասին օրենքի ընդունումը դեռ չի նշանակում, որ Հայաստանը ներկայումս կարող է դառնալ ԵՄ անդամ։

Այս ձևակերպումը Երևանի համար ստեղծում է միջանկյալ քաղաքականություն՝ չհրաժարվել ԵԱՏՄ-ից, բայց նաև չփակել եվրոպական ուղղությունը։ Սա է ներկայումս հայ-ռուսական հարաբերությունների հիմնական հակասությունը․ Երևանը փորձում է պահպանել երկու ուղղությունների միջև հնարավորինս լայն մանևրի տարածք, մինչդեռ Մոսկվան աստիճանաբար փորձում է այդ տարածքը սահմանափակել՝ պահանջելով ավելի հստակ պատասխան՝ ԵԱՏՄ, թե ԵՄ։ Հատկանշական է, որ Ռուսաստանի և ԵԱՏՄ մյուս անդամների ղեկավարները մայիսյան Աստանայի հայտարարությամբ արդեն բարձրացրել էին հանրաքվեի հարցը, իսկ հուլիսի 27-ի Փաշինյան–Պուտին զրույցում այն կրկին հայտնվեց օրակարգում։

Այս իրավիճակում Չոլպոն-Ատայի նիստը կարելի է դիտարկել՝ որպես ոչ թե հայ-ռուսական հարաբերությունների հանգուցալուծման, այլ անորոշության փուլը շարունակելու ցուցիչ։ ՀՀ իշխանությունները փորձում են ցույց տալ, որ վերջնագիր չեն ընդունում, իսկ Ռուսաստանը բնականոն հարաբերությունների վերադառնալու համար ակնկալում է ըստ էության ՀՀ իշխանություններից եվրաինտեգրացիոն օրակարգից հրաժարում։

Հետևաբար՝ առաջիկա ամիսների հիմնական հարցը շարունակելու է մնալ նույնը՝ եթե կողմերից որևէ մեկը չընկրկի, հարաբերությունները գնալու են անխուսափելի խզման։

Չոլպոն-Ատան այս իմաստով կարևոր էր հենց իր հակասականությամբ։ Եվ այստեղ հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս փուլում գլխավոր հակասությունն այլևս միայն «Ռուսաստա՞ն, թե՞ Արևմուտք» ընտրությունը չէ, այլ այն, թե հնարավո՞ր է արդյոք երկարաժամկետ պահպանել տնտեսական ինտեգրում մի համակարգում, որի գլխավոր անդամի հետ քաղաքական խոր հակասություններ կան։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31