Ընդդիմությունն այսօր էականորեն ավելի ուժեղ է, քան 2021 թվականին. Հրանտ Միքայելյան

168TV-ի՝ «Զառան հարց ունի» հաղորդաշարի ընթացքում քաղաքագետ, տնտեսագետ Հրանտ Միքայելյանն անդրադարձել է տարածաշրջանային զարգացումներին, ՀՀ արտաքին ու ներքին մարտահրավերներին։

Իրան-ԱՄՆ-Իսրայել հակամարտության համատեքստում պատասխանելով 168TV-ի հարցին՝ արդյո՞ք Միացյալ Նահանգներին Իրանում բլիցկրիգ կհաջողվի, և ինչպե՞ս կփոխվի տարածաշրջանն այս պատերազմից հետո, Հրանտ Միքայելյանը նշեց․ «Հարցադրումն իրավացի է հատկապես այն առումով, որ նպատակը հենց բլիցկրիգն է, բայց կդժվարանամ միանշանակ պատասխան տալ։ Իրանն այս պահի դրությամբ Ռուսաստանից ու Չինաստանից պատշաճ աջակցություն չի ստանում, Իրանը շատ լուրջ հարվածի տակ է՝ հատկապես, եթե դիտարկենք, որ Իրանի ռազմաքաղաքական ղեկավարության մեծ մասը սպանված է, և հիմա կա ռիսկ, որ 2-րդ էշելոնն էլ վերացվի, բայց և, ամեն դեպքում, ես ավելի քիչ հավանական եմ դիտարկում Իրանի նման պարտությունը։

Տարածաշրջանը պատերազմից հետո․ Այստեղ հնարավոր մի քանի զարգացումներ կան․

Տարբերակ առաջին՝ Իրանը դիմադրել է, և ԱՄՆ-ը չի ստացել իր ուզածը, այսինքն՝ նախևառաջ, ռեժիմի փլուզում։ Այս դեպքում ճակատագրական փոփոխություն է լինելու Հայաստանի համար, քանի որ ռիսկ կա՝ 2-րդ Ադրբեջան ստեղծվի հարավում։

Կարդացեք նաև

Երկրորդ՝ 2 կողմերն էլ ունենան լուրջ կորուստներ, ապա տարածաշրջանում Իրանի զսպող գործոնը թուլանալու է, քանի որ պետք է երկարատև վերականգնվի:

Երրորդ տարբերակը՝ եթե հարաբերական հաղթանակը գրանցի Իրանը, ապա Պարսից ծոցի երկրներում հարցեր են ծագելու՝ ինչի՞ ենք ամերիկացիների հետ, եթե ամերիկյան ռազմական ներկայությունը մեզ համար միայն ռիսկ է ստեղծում։ Ինչն էլ նշանակելու է, որ արևմտյան ազդեցությունը Միջին Արևելքում էականորեն նվազելու է, իսկ Իսրայելը դառնալու է արդեն մեկուսացված պետություն։ Այս սցենարը չի բացառվում, և Իրանն ամեն ինչ տանում է այս ուղղությամբ։ Իսկ այս պարագայում արդեն Իրանի ազդեցությունը Հարավային Կովկասի վրա ևս աճելու է»։

Հարցին, թե ինչքանո՞վ մեր շուրջը տեղի ունեցողը կազդի ներքաղաքական պրոցեսների վրա․ հակամարտության հենց մեկնարկի օրերին Հայաստանում նաև ոչ պաշտոնապես իշխանությունները մեկնարկեցին նախընտրական ակտիվ քարոզարշավը, քաղաքագետն ի պատասխան՝ նկատեց, որ ուղիղ փոխկապակցված են արտաքին ու ներքին պրոցեսները։

«Համաշխարհային քաղաքականության փոփոխությունների արդյունքում եկավ այս իշխանությունը և մինչև հիմա վերահսկում է երկիրը, որովհետև էդպիսին է աշխարհաքաղաքական դասավորվածությունը, և աշխարհաքաղաքական կոնսենսուսի կամ գոնե աջակցության շնորհիվ այս իշխանությունն ապահովում է իր քաղաքական վերարտադրությունը քանի տարի, և հենց այդ աջակցությունը դադարի, երկրում իրավիճակն էականորեն կարող է փոխվել»,- նկատեց նա։

Հստակեցնող հարցին՝ քանի որ իշխանությունների քարոզչության մեծ մասն առնչվում է խաղաղությանը վերաբերող խոստումների հետ, իսկ խաղաղության ամենամեծ նախագիծը, որ ներկայացրել են իշխանությունները, TRIPP-ն է՝ ինչպիսի՞ն է դրա հեռանկարը հատկապես այս զարգացումների պայմաններում, Հրանտ Միքայելյանն արձագանքեց․

«Տեսե՛ք, այս իրավիճակում էս պերաշկի ուտելը և այլն անախրոնիզմ է․ բոլորի համար ակնհայտ է դառնում, որ այս իշխանությունները չեն կարողանում անվտանգային տուրբուլենտ իրավիճակում վերահսկել իրավիճակը։

Մեծ հաշվով մեզ մոտ ի՞նչ է կատարվում․․․ անդադար զիջումներ, ժամանակը ծախսում ենք՝ չգիտեմ  ինչի վրա, անցած տարվա համեմատ՝ այս տարվա ռազմական բյուջեն 22 %-ով նվազում է, իսկ Ադրբեջանինը՝ 4 %-ով. եթե մենք պատրաստվում ենք խաղաղության, ապա հարց է՝ ինչի՞ն է պատրաստվում Ադրբեջանը։ Ադրբեջանը միանշանակ պատրաստվում է պատերազմի և առաջին հերթին՝ հենց Հայաստանի դեմ, և այստեղ գալիս է հարց՝ լավ, ինչքա՞ն պերաշկի պետք է ուտեն և ժողովրդին ուղղակի քարոզչությամբ ուղղորդեն սխալ ուղղությամբ»։

Դիտարկմանը, որ ամեն դեպքում դա չի խանգարում իշխանություններին, որ վստահ լինեն 2026 թվականի ընտրություններում իրենց հաղթանակի վրա, և, որ ՔՊ-ական մի պաշտոնյա ուղղակի ասել է, որ անգամ 2021 թվականի ընտրություններից ավելի շատ ձայն են հավաքելու, նույնիսկ պատրաստ է եղել գրազ գալ, քաղաքագետը պատասխանեց՝ հիշեցմամբ, որ Հայաստանում տարբեր իշխանություններ նման հայտարարություններ արել են, սակայն էական են արդյունքները։

«Լավ, հիմա գրազ եկան, կարող է՝ այդ գումարը պարտվեն։ Նման խոսակցություններն էական չեն․ ես կուզեի այդ քաղաքական ուժից, օրինակ, լսել՝ ի՞նչ ենք տալու Հայաստանին մեր հաղթանակով․ ընտրություններից հետո նախատեսված է դպրոցների փակում մարզերում, գյուղատնտեսության վրա ծախսերի կրճատում, ջրի հարցը նորից կանգնելու է տարվա վերջին, թոշակառուների քեշբեքները վերանալու են։ Ու ամեն դեպքում, այս պահի դրությամբ ընդդիմությունն էականորեն ավելի ուժեղ է, քան 2021թ.։ Ինչո՞ւ։ Նախ՝ որովհետև բազմաթիվ նոր ուժեր կան, և մրցակցությունն ավելի մեծ է, քան 2021թ. ։ 2-րդ, որովհետև Փաշինյանը 2021 թվականի ընտրություններից հետո ցույց է տվել, թե իր խոստումներն ինչպես է կատարում։ Ինքը 2021թ․ խոստում էր տալիս Շուշին հետ բերելու, բայց արդեն 2021 թվականի վերջից, երբ հաղթել էր, սկսեց բանակցություններ վարել՝ Արցախն ամբողջությամբ հանձնելու համար»։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս