ԲԱՐԻ ԺՊԻՏՆԵՐՈՎ ՄԱՆԿԱՊԻՂԾՆԵՐԻ՝ ԷՓՇՏԵՅՆԻ ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ՄԱՍ Է ՓԱՇԻՆՅԱՆԸ. ՀՈՎՀԱՆՆԵՍ ԻՇԽԱՆՅԱՆ
Նիկոլ Փաշինյանը «էփշտեյնյան կոալիցիայի» մաս է, նա իրենով խորհրդանշում է ոչ միայն Հայաստանի, այլև աշխարհի կարգուկանոնի խախտումը, և իր ելույթներով կրկնում է էրդողանա-թալեաթական հակահայկական ու ռասիստական տեքստերը։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում այսպիսի գնահատական տվեց վավերագրական ֆիլմերի ռեժիսոր, իրավապաշտպան Հովհաննես Իշխանյանը՝ իր կարծիքը հայտնելով Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանի երեկվա աղմկահարույց ելույթի և ընդդիմության ընտրողներին «շուն ու շանգյալ» անվանելու մասին։

Իրավապաշտպանն առաջ է քաշում շատ ուշագրավ տեսակետ՝ նշելով, որ Նիկոլ Փաշինյանն իր վարքով ու գործողություններով, ըստ էության, խորհրդանշում է ներկայիս համաշխարհային միտումները՝ աշխարհի կարգուկանոնի խախտումն ու իրավունքի ստորադասումը բիրտ ուժին։
Իշխանյանի խոսքով՝ «Բաքվի բանտերում բանտարկված է աշխարհի կարգուկանոնը»՝ միջազգային իրավունքով ինքնորոշված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության բանտարկումը դա է նշանակում։
«Այս տղան էրդողանա-թալեաթական ռասիստական ու հակահայկական տեքստերն այստեղ ասում է, ընդ որում՝ սա ոչ միայն հայերին է վերաբերում. չէ՞ որ նա քրդերին էլ է հանձնում, չէ՞ որ Իրանն էլ է հանձնում այդ «Զանգեզուրի միջանցքով», չէ՞ որ այս վարքով հանձնեց ժողովրդավարությունը. Արցախը ժողովրդավարության զարգացման ճանապարհով ինքնորոշված պետական միավոր էր, բայց նա հանձնեց Ալիևին։ Ու այս տղան խորհրդանշում է ոչ միայն Հայաստանի, այլև աշխարհի կարգուկանոնի խախտումը։ «Էփշտեյնյան կոալիցիա» որ ասում են՝ իրենք այդ «էփշտեյնյան կոալիցիայի» մաս են՝ բարի ժպիտներով մանկապիղծներ։
Ամերիկան Իրանում առաջինն ո՞ւմ հարվածեց՝ դպրոցական աշակերտներին։ Միջազգային իրավունքի կոլապս է իրականացրել այս «Էփշտեյնյան կոալիցիան», և այստեղ հայերիս անելիքը շատ փոքր բան է թվում՝ Նիկոլից ազատվելը, բայց իրականում Երկիր մոլորակի զարգացմանը նպաստող շատ էական աշխատանք է։ Մեր ռազմաքաղաքական պատանդները, որ բանտարկված են Բաքվի բանտերում, մասնակից են աշխարհի կարգուկանոնի վերականգնման։ Ադրբեջանում բանտարկված է աշխարհի կարգուկանոնը»,- մեկնաբանում է Հովհաննես Իշխանյանը։
Իրավապաշտպանն անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի այսօրվա մեկ այլ հայտարարության՝ «եթե ժողովուրդը որոշի, որ պետք է կանգնեմ գնդակահարության պատի տակ, ես հլու կկանգնեմ գնդակահարության պատի տակ»։
Իրավապաշտպանն ի պատասխան հիշեցնում է՝ Հայաստանում մահապատիժը վերացված է, և արդարադատությունը Հայաստանում որոշում են դատարանները. «Քանի որ Նիկոլ Փաշինյանը սահմանադրախախտ է ու տեղյակ չէ, որ Հայաստանն իրավական պետություն է, Հայաստանում մահապատիժը վերացված է. այն վերացվել է 2001 թվականին, երբ Հայաստանը մտավ Եվրախորհուրդ, քանի որ տեղյակ չէ այս մասին, ասեմ՝ Հայաստանում ինքը գնդակահարության պատի տակ չի կարող կանգնել, որովհետև Հայաստանում մահապատիժ չկա՝ սա մեկ, երկրորդ՝ Հայաստանում ոչ թե ժողովուրդը որոշում է՝ ում ոնց պետք է դատել, այլ ժողովրդի քվեի միջոցով ստեղծվում են այն մարմինները, որոնք մասնագիտորեն և հմտությունների միջոցով իրականացնում են արդարադատությունը։
Հույս ունեմ՝ սա ՔՊ-ում վերջապես կընկալեն, որ ժողովրդավարությունը ոչ թե ժողովրդի որոշումն է, այլ հակակշիռների մեխանիզմներ ստեղծելն է, որի ամենամեծ թշնամին ՔՊ-ն է։ Բացարձակ հակակշիռ չկա. ինչ ուզում՝ անում են՝ ՄԻՊ ինստիտուտից սկսած, դատախազի ինստիտուտով վերջացրած։ Այսօր փաստացի ՔՊ-ն ինքն ընտրում է Մարդու իրավունքների պաշտպան։ Սա չեղավ անկախ մարմին, սա չեղավ մարմին, որը կախված չէ իշխանությունից, և ժողովրդավարությունը հենց այս հարցերում հակակշիռների ստեղծելն է, որտեղ էական է ժողովրդի քվեն, բայց մնացած հարցերի կարգավորումներին ժողովուրդն ուղղակի մասնակից է, ոչ թե ասում է՝ «Փաշինյանին տարե՛ք, պատի տակ գնդակահարե՛ք»։ Դու ո՞վ ես, որ ասես։ Մենք դատարաններ ունենք դրա համար, ու մահապատիժ էլ Հայաստանում չկա»։

Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 18-ին, Կառավարության ճեպազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը լրագրողի հարցին ի պատասխան ասել էր. «Երբ որ ՀՀ ժողովուրդը կորոշի, որ ես պետք է հեռանամ, ես կհեռանամ։ Ես հեղափոխությամբ եմ դարձել վարչապետ և ես, բնականաբար, միշտ ճանաչել եմ և ճանաչում եմ Հայաստանի Հանրապետության ժողովրդի՝ հեղափոխություն անելու իրավունքը։ Եթե ժողովուրդը որոշի, որ ես պետք է կանգնեմ գնդակահարության պատի տակ, ես հլու կկանգնեմ գնդակահարության պատի տակ»։
Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում։



