Տժժում ենք բոլորս

Նախընտրական աղմուկը սովորականից ավելի շուտ հասել է գագաթնակետին: Շուտասելուկի պես կրկնվող կարգախոսներ, սեփական ես-եր շոյող ու ընդդիմախոսների ես-երը կեղտոտող պիտակավորումներ, աքլորային ինքնավստահություն… վերբալ վակխանալիա, կարճ ասած:

Հայաստանի քաղաքական իրականությունը կոտրում է մարդաբանության ու հազար այլ գիտությունների՝ հազար անգամ ապացուցած աքսիոմը, որ խոսքն ուղեղի մտածողության արգասիք է: Հայկական քաղաքականությունը բարձր հնչող մոնոլոգների մրցավազք է, որը դիալոգի, երկխոսության շանսը ոչ թե զրոյացնում, այլ դարձնում է զրոյից ցածր:

Իսկ առանց դիալոգի քաղաքականությունը նման է անբառ ոտանավորի կամ անկերակուր հյուրասիրության, առանց զրույցի չի կարող գոյություն ունենալ հարաբերություն, որի լինելիության հիմքը խոսքի, մտքի արգասիք խոսքի փոխանակությունն է: Հայաստանում, ահա, կա կարելիից ու անհրաժեշտից ավելի խոսք, որի ծնողը միտքը չէ, ծննդավայրն էլ՝ հաստատ ուղեղը չէ:

Անուղեղ այդ խոսքի սկզբնաղբյուրները քաղաքականությամբ զբաղվողների թաքնված արատներն են՝ ատելությունը, նախանձը, ընչաքաղցությունը, փառասիրությունը…
Քաղաքականության մեխանիզմի կազմաքանդումն, այսպիսով, տեղի է ունենում այդ անտեսանելի հարթությունում՝ քաղաքական խոսքի ծնունդի ու ծննդյան մեթոդի խեղման միջոցով: Հանրությունը՝ բնականորեն չմխրճվելով իրեն բոլոր կողմերից պարտադրվող խոսքի ծագումնաբանության մեջ, սպառում է անուղեղ ու անմիտք խոսքը, որի չափանիշը՝ փողի նման քանակն է ու արտաքին փաթեթավորումը:

Ամեն օրվա հետ մեծացող՝ հայկական պետության չգոյության պատճառների մեջ մակերեսից ներքև իջնելը ո՛չ մոդայիկ է, ո՛չ շահավետ, ո՛չ էլ անգամ սոցցանցային հավանումներ է հավաքում: Բայց մակերեսից անգամ մեկ շերտ ներքև այնքան ակնհայտ է, թե ինչու է ամեն ինչ այսպես ու այսքան ողբերգական, որ այդ շերտի հետ գոնե հպանցիկ աղերսը կարող է արդեն անխուսափելի թվացող կործանումը կախելու գոնե փորձի հանգեցնել:

Հակապետականության բանաձևը պարզ է առաջին դասարանցուն ուսուցանվող բանաձևի նման: Պետություն չի կարող լինել՝ առանց քաղաքականության: Քաղաքականություն չի կարող լինել՝ առանց բովանդակ խոսքի, իսկ խոսքն ու թանկանոց գովազդային կարգախոսը ոչ միայն նույնը չեն, այլ այնքան տարբեր են, որքան ազգին ծառայելու երդում տվողն ու հավաքագրված գործակալը: Բովանդակ խոսքն էլ անհնար է առանց քաղաքական մտքի, որի առկայությունը բացառվում է ոչ միայն քաղաքականությամբ զբաղվողների մտավոր պաշարների անդառնալի սպառման, այլ վերը նշած իռացիոնալ արատների ազդեցությամբ եղած մտավոր փշրանքներն էլ փոշիացնելու բերումով:

Պետությունը համակարգ է: Համակարգի համար պայքարել՝ պայքարի միավորների հիմքում դնելով անձերի պաշտամունքը, որն այնքան շատ է ու այնքան զզվելի, հնարավոր չէ ըստ սահմանման: Հնարավոր չէ նաև այն պատճառով, որ սեփական անձին տիեզերական կարևորություն հաղորդած մեկը՝ տիրապետելով տիեզերագնացների նման իրեն պաշտողների ոհմակին, արդեն իսկ պետության հետ անում է այն, ինչ պետությունն իրենից փրկել պատրաստվող մյուս անձնապաշտ խմբերն անելու են որևէ հրաշքով այս ոհմակից պետությունն ազատելու դեպքում:

Ինչպես պետությունն արդեն իսկ սեփական ավտոշարասյան հետ փոխածը, այնպես էլ նրան փոխել ցանկացողները որպես քաղաքականություն ներկայացվող իրենց անելիքն անում են քաղաքական մտքի անվերապահ բացակայությամբ: Դրա համար առաջիկա ընտրությունն ի սկզբանե պարտված խաղ է, պետության տեսանկյունից՝ զրոյական ելքով խաղ՝ անկախ դրա արդյունքներից:

Հայաստանի՝ որպես պետություն փրկվելու շանսը գրեթե զրոյական է այնքան ժամանակ, քանի դեռ քաղաքական ղալմաղալը չի ընդհատվել գոնե մեկ վայրկյան գիտակցված լռությամբ, որը, այդուհանդերձ, ուղեղում ծնված լինելու բերումով կարող է ցանել քաղաքական մտքի առաջին սերմը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930