ՔՊ-ԻՆ «ՈՒՏԵԼՈՒ» ՄԻԱԿ ՏԱՐԲԵՐԱԿԸ ԴԱ Է… ՀՈՒՅՍ ՈՒՆԵՄ՝ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ԿՈՆՍՈԼԻԴԱՑԻԱ. ԱՐՄԻՆԵ ԱԴԻԲԵԿՅԱՆ
Եթե ընդդիմության կոնսոլիդացիա տեղի չունենա, իշխող ՔՊ-ն անհաղթելի է։ ՔՊ-ին ընտրություններում «ուտելու» միակ տարբերակը դա է։ Այսպիսի կարծիք հայտնեց 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում Ադրբեջանի հարցերով փորձագետ, սոցիոլոգ Արմինե Ադիբեկյանը՝ խոսելով Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների հնարավոր արդյունքների և սոցիոլոգիական հարցումների տվյալների մասին։
«Ես հույս ունեմ, որ ընդդիմության կոնսոլիդացիա տեղի կունենա, հակառակ դեպքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն անհաղթելի է, այսինքն՝ ՔՊ-ին «մարսելու», «ուտելու» միակ գրավականն այն է, որ բոլոր ընդդիմադիր ուժերը կոնսոլիդացվելու են առնվազն այն հարցի շուրջ, որ «իրար ոտի տակ» չեն փորելու և մտնելով խորհրդարան՝ գործելու են մեկ ուժի սկզբունքով։ Դա միակ տարբերակն է. ուրիշ տարբերակներ գոյություն չունեն»,- նշեց Արմինե Ադիբեկյանը։

Նրա խոսքով՝ հունիսի 7-ին նախատեսված ՀՀ Ազգային ժողովի ընտրություններում ընդդիմության հաղթանակի թիվ 1 գրավականն այն է, որ ընտրությանը մասնակցի ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 50 տոկոսից ավելին։
«Ինչքան շատ մարդ մասնակցի ընտրություններին, այնքան ավելի քիչ է հավանականությունը, որ Նիկոլ Փաշինյանը լեգալ կհավաքի իր 51 տոկոսը»,- ընդգծում է Ադիբեկյանը։
Խոսելով Հայաստանի գործող իշխանությանն արտաքին ուժերի կողմից ցուցաբերվող բացահայտ աջակցության մասին՝ սոցիոլոգը նաև կանխատեսում է. «Եթե հանկարծ Փաշինյանը զգաց, որ չի հաղթում ընտրություններում, բնականաբար, նա կազմակերպելու է բախումներ, որովհետև նա չի հանդուրժի իր իշխանության չվերարտադրվելը։ Կրկնեմ՝ այստեղ խոսքը ոչ թե ԹՐԻՓՓ-ի, ոչ թե խաղաղության, ոչ թե Հայաստանի ապագայի և «սրտիկների», այլ իր անձնական անվտանգության և գոյության մասին է, և Փաշինյանը դա շատ լավ գիտակցում է։ Ես նկատի ունեմ քաղաքացիական բախումներ երկրի ներսում։ Ուրեմն մենք պետք է լինենք պատրաստ՝ յուրաքանչյուրս պաշտպանենք մեր քվեն»։
Սոցիոլոգը համամիտ է այն հարցադրման հետ, որ եթե Նիկոլ Փաշինյանի գլխավորած ՔՊ-ն սահմանադրական մեծամասնություն չստանա Ազգային ժողովի հունիսի 7-ի ընտրությունների արդյունքում՝ ինչպես ոչ վաղ անցյալում ցանկություն էր հայտնել և ըստ էության, պահանջել էր հանրությունից Նիկոլ Փաշինյանը՝ հակառակ դեպքում վախեցնելով «աղետաբեր պատերազմով», ապա իր իսկ սահմանած չափանիշներով կարելի է համարել, որ Նիկոլ Փաշինյանը պարտվել է ընտրություններում։
Արմինե Ադիբեկյանի կարծիքով՝ Թուրքիայի և Ադրբեջանի համար իրականում բացարձակապես միևնույն է՝ ով կընտրվի և ով կգա իշխանության Հայաստանում, քանի որ Անկարան և Բաքուն կարծում են, որ իրենք արդեն ապահովել են այն «բուֆերային կոնֆիգուրացիան», որը փոփոխության ենթակա չէ, հետևաբար՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության մնալը ցանկալի է Թուրքիայի և Ադրբեջանի համար, բայց պարտադիր չէ։
Ադիբեկյանի գնահատմամբ՝ երբ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարում է, թե «Հայաստանի անվտանգության երաշխավորը Ադրբեջանն է», նա նկատի ունի, որ Ադրբեջանն անձամբ իրենց և ՔՊ-ի անվտանգության երաշխավորն է։
«Ալեն Սիմոնյանը փորձել է Թուրքիային ներգրավել այս գործընթացի մեջ, որ՝ «գոնե դուք մեզ պաշտպանեք, գոնե դուք երաշխավորեք, որ մենք կլինենք իշխանության»։ Սա է ընդհանուր գաղափարը»,- կարծում է փորձագետը։
Խոսելով Հայաստանի և Ադրբեջանի քաղհասարակությունների ներկայացուցիչների միջև հանդիպումների մասին՝ Արմինե Ադիբեկյանն ասում է՝ «դա շատ հին պատմություն է». տարիներ առաջ էլ տեղի էին ունենում նմանատիպ փոխադարձ այցեր, որոնք չբերեցին որևէ արդյունքի, որովհետև եթե մարդիկ խաղաղություն են ուզում՝ հաստատում են խաղաղությունը ցանկացած պարագայում, իսկ Ադրբեջանն ընդամենը հող էր նախապատրաստում, որ շոշափի հայ հասարակության թույլ տեղերը և տեսնի, թե ում միջոցով կարող է հարվածել Հայաստանին։ Իսկ «արևմտամետների» ու «եվրոպամետների» և մյուս կողմից՝ արևմտյան ու եվրոպական ֆոնդերի հետ աշխատող մարդկանց մասին խոսելիս՝ Արմինե Ադիբեկյանն ընդգծում է, որ դրանք տարբեր հասկացություններ են, նաև հավելում է՝ Հայաստանը Եվրոպային պետք չէ։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը մոտ մեկ ամիս առաջ՝ լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում, հայտարարել էր, թե խաղաղության ռևիզիայի դիրքերից հանդես եկող ուժերը պատրաստում են «նոր սեպտեմբերյան պատերազմ»։ Հետո մեկ այլ առիթով ասել էր, թե «Ռոբերտ Քոչարյանի, Սամվել Կարապետյանի, Գագիկ Ծառուկյանի ղեկավարած ուժերը որդեգրել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը վերանայելու քաղաքականություն՝ բացելով դուռը պատերազմի համար»։ Մարտի 22-ին ներկուսակցական քարոզարշավի երևանյան օրն ամփոփելիս՝ Նիկոլ Փաշինյանը կուսակիցների հետ զրույցում ասել էր. «Լինելու է պատերազմ սեպտեմբերին, ընդ որում՝ աղետաբեր պատերազմ, եթե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, չեմ ասում՝ ընտրություններում հաղթի, սահմանադրական մեծամասնություն չստանա»։
Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում։



