Իտալիայի վարչապետն առաջիկա շաբաթներին կայցելի Ադրբեջան. Եվրոնյուզ
Սպասվում է, որ առաջիկա շաբաթներին Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին կայցելի Ադրբեջան. տեղեկացրել է Euronews-ը։ Այցը, որը, ինչպես սպասվում է, տեղի կունենա մայիս-հունիսին, քաղաքական եւ տնտեսական շարունակվող համագործակցության մասն է կազմում։
Էներգետիկան լայնորեն դիտարկվում է որպես Հռոմի եւ Բաքվի միջեւ հարաբերությունների կենտրոնական հենարան, քանի որ Ադրբեջանը բնական գազ է մատակարարում Իտալիա Տրանսադրիատիկ խողովակաշարով (TAP), որը ավելի լայն Հարավային գազային միջանցքի մասն է, այն Կասպյան տարածաշրջանը կապում է Եվրոպայի հետ։ TAP-ի կառավարիչ տնօրեն Լուկա Շիպատին Euronews-ին տեղեկացրել է, որ առեւտրային գործունեության սկզբից ընկերությունը Իտալիա է մատակարարել ավելի քան 47,5 մլրդ խորանարդ մետր բնական գազ։
Նա ավելացրել է, որ իտալական SNAM SpA բաժնետիրական ընկերության տվյալներով՝ «2025թ․ TAP-ի միջոցով տեղափոխված գազը ապահովել է Իտալիայի գազի ընդհանուր պահանջարկի մոտ 16 տոկոսը»։
Շիպատիի խոսքով՝ TAP-ը Եվրոպա է մատակարարել ավելի քան 57 մլրդ խորանարդ մետր գազ՝ նպաստելով մատակարարման ուղիների դիվերսիֆիկացմանը եւ եվրոպական գազային համակարգի դիմադրողականության բարձրացմանը։
Նա նաեւ նշել է, որ Իտալիան TAP-ի միջոցով տեղափոխվող ադրբեջանական գազի հիմնական ուղղությունն է եւ եվրոպական շուկա խողովակաշարային մատակարարումների հիմնական մուտքի կետը։



