Եթե այս վարչախումբը վերարտադրվեց, Հայաստանը դառնալու է Արցախ-2, մեզ նորից ցեղասպանելու են․ Հուսիկ Արա
Անհնար է մեր ժողովրդի հիշողությունից ջնջել կամ նրա էությունից տարանջատել այն լուսավոր կետերը, այն զարթոնքը, որը պատմության ընթացքում ունեցել ենք, օրինակ՝ արցախյան շարժումը։ Այս խմբակն ըմբոստանում է մեր բոլոր արժեքների դեմ, ասում են՝ մեր խնդիրները Մեսրոպ Մաշտոցից են գալիս։ Այսինքն ի՞նչ, առաջիկայում դուք մեզ ստիպելու եք մեսրոպատառի՞ց հրաժարվել, անցնել լատինատառի՞։ Եթե մնացին իշխանության, դա էլ են անելու։ Մեր բոլոր արժեքներից փորձում են մեզ հեռացնել, ազգային զարթոնքն էլ համարում են արկածախնդրություն։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց բանաստեղծ Հուսիկ Արան:

«Եթե խորհրդային մյուս ժողովուրդներին անկախությունն ինքնաբերաբար նվեր տրվեց, մեր անկախությունը վերակերտվեց արցախյան ազատամարտով։ Մեր ժողովրդի պատմության փայլուն էջերից մեկը փորձում են սևացնել, ջնջել, վրան խաչ դնել։ Սա միայն թշնամին կարող է անել։ Լացդ գալիս է, երբ տեսնում ես, որ քո անկախ պետականության շրջանում նման հալածանք կա քո արժեքների, ինքնության, խորհրդանիշների, պատմության դեմ, երբ ասում են՝ եկեք ջնջենք, նորը գրենք։ Նիկո՛լ, քո նվիրած բրոշի չափ էլ Հայաստան չունենք։ Ձեր խոստովանությամբ՝ 240 քառ․ կմ-ն բռնազավթված է, այնպես որ՝ այդ բրոշը մկրատով կտրի՛ր»,- ասաց արվեստագետը:
«Նիկոլ Փաշինյա՛ն, քո քաղաքականությունը մեզ վերջնականորեն տանում է ցեղասպանվելու։ Էրդողանին ու Ալիևին թվում է, թե կոտրել են մեր գաղափարական հիմքերը, և այս վարչախմբի հետ նրանք փորձում են ամեն ինչ ավերել ու փոշիացնել, բայց չի հաջողվելու։ Մեր ժողովուրդը դրա հետ անհաշտ է, իր միջից չի կարող հանել ո՛չ Հայ Առաքելական եկեղեցին, ո՛չ Ցեղասպանության հիշողությունն ու դատապարտումը, ո՛չ պատմական արդարությանը հետամուտ լինելու մղումը, ո՛չ Արարատ լեռը և մեր մյուս խորհրդանիշները։ Այսօր մեզ ցեղասպանվածից վերածում են ցեղասպանողի։ Այդ ինչպե՞ս է, որ մենք իբր ցեղասպանել ենք ձեզ, թուրքե՛ր, բայց ամբողջ տարածքը ձեզ է մնացել»,- նշեց բանաստեղծը:
Հուսիկ Արայի կարծիքով՝ 2021 թ․-ին Էրդողանը պաշտպանեց Նիկոլին, որ նա ընտրվի և մնա, հիմա էլ են պաշտպանում, որ նա Սյունիքը, Գեղարքունիքը, Երևանը տա, վերջացնի.
«Դրանից հետո էլ ո՛չ Նիկոլ կլինի, ո՛չ հայեր կլինեն այստեղ, ո՛չ էլ մնալ-չմնալու խնդիր կլինի։ 2021 թ․-ին ասում էինք՝ եթե ՔՊ-ն իր ղեկավարով մնաց, մենք Արցախը կորցնելու ենք։ Հիմա ասում ենք՝ Սյունիքն ու Գեղարքունիքը պահենք, շուտով Երևանը պահելու խնդիր է լինելու։ Եթե նորից վերարտադրվեցին, Հայաստանը դառնալու է Արցախ-2։ Հայաստանին նույն ճակատագիրն է սպասում, ինչ Արցախին։ Արցախը թարմ օրինակ է, աչքներիս առաջ է, 100 տարվա հեռավորություն չէ, երեկվա կատարվածն է, և այսօր այդ նույնը սպառնում է մեզ»:

«Հայաստանը պիտի դառնա «Արևմտյան Ադրբեջա՞ն», դա պիտի կոչվի խաղաղությո՞ւն։ Հավատանք մի մարդու, որն ամենաքիչը երեք մեծ պատերա՞զմ է բերել իր իշխանության ութ տարվա ընթացքում։ Պատերազմ բերողն ինչպե՞ս կարող է խաղաղություն բերել։ Խաղաղությունն ուժով և արժանապատվությամբ են կերտում։ Հունիսի 7-ն, այո՛, ճակատագրական ընտրության օր է։ Սա մեր լինել-չլինելու վերջին հնարավորությունն է»,- ասաց Հուսիկ Արան։
Մանրամասները՝ տեսանյութում



