«Եղիցին կամք Քո». Երբ վստահ ենք, որ Նա սիրում է
Տերունական աղոթքում ինչո՞ւ ենք խնդրում, որ Նրա կամքը լինի, մի՞թե այդպես չէ, եթե Նա ամենազոր է, մեկնաբանում է Արշավիր Գաբուճյանը:
Ի՞նչ է նշանակում՝ կատարել Աստծո կամքը
«Թագավորություն և կամք բառերը միմյանց լրացնող տերմիններ են: Աստծո թագավորության մեջ լինել, նշանակում է՝ կատարել Նրա կամքը՝ հնազանդվել Նրան: Աստծո կամքը կատարելապես կատարած յուրաքանչյուր մարդ գտնվում է Տիրոջ թագավորության մեջ: Ով Աստծո կամքը չի կատարում, չի հնազանդվում օրենքներին, դուրս է դրվում այդ թագավորությունից կամ իշխանությունից։ Աստծո թագավորությունը ոչ թե ազգերի, ժողովուրդների թագավորության պատմությունն է, այլ յուրաքանչյուրիս: Թագավորությունն աշխարհի ամենաանանձնական բանն է՝ մեր անձերից դուրս, բայց մեր անձերով: Թագավորությունը պահանջում է իմ կամքի, սրտի հնազանդությունն առ Աստված: Երբ մեզնից յուրաքանչյուրը կայացնում է իր անձնական որոշումը և հնազանդվում է, այն ժամանակ գալիս է Թագավորությունը:
Եթե ես կատարում եմ Աստծո կամքը, հիմք եմ դնում Աստծո թագավորությանն իմ կյանքում»։
Ինչո՞ւ ենք խնդրում, որ Նրա կամքը լինի, մի՞թե այդպես չէ
«Աստված Իր կամքը կատարում է, բայց այս աշխարհը հեռու է այն միջավայրից, տարածքից, որտեղ Տիրոջ կամքը կատարվում է կատարելապես, ամեն իշխան չէ, որ երկրի վրա կատարում է Նրա կամքը: Աստված մարդուն ազատ է ստեղծել և տվել է բանականություն, գիտակցություն, որ իր արարքները հիմնվեն մի կողմից ազատության, մյուս կողմից՝ բանականության վրա։ Միևնույն ժամանակ այս աշխարհում ամենակարևորը Աստծո կամքին հնազանդվելն է: Ե՞րբ է տունը գեղեցիկ, հաճելի միջավայրով, երբ անդամները միմյանց հանդեպ հնազանդ են։ Պատկերացրեք, Աստված երբեմն ավելի է հնազանդվում մարդուն, քան մարդը՝ Նրան, քանի որ մենք շարունակ պահանջներ ենք ներկայացնում, բայց ո՞ւր է մեր հնազանդությունն Աստծո և միմյանց հանդեպ:
Շատ կարևոր են այս խոսքերը. «Քո կամքը թող լինի»՝ ուղղված ոչ միայն Տիրոջը, այլ նաև մեր դիմացինին: Այս խոսքերով է սկսվում միմյանց հանդեպ սրտակցությունը»:
Ինչպե՞ս պիտի ասենք. «Եղիցին կամք Քո»
« Երբեմն մարդիկ այս նախադասությունը՝ «Քո կամքը թող լինի», ասում են պարտված, հուսալքված։ Կան մարդիկ, որ այս արտահայտությունն անում են վրդովմունքով և զայրույթով՝ Տիրոջը համարելով թշնամի՝ հասկանալով, որ Նրան չեն կարող դիմակայել: Եվ կան մարդիկ, որոնք այս բառերն արտաբերում են կատարյալ սիրով, վստահությամբ և նվիրվածությամբ: Նրանք գիտեն, թե որն է Աստծո կամքը։ Քրիստոնյան կարող է վստահ լինել Աստծո իմաստության մեջ։ Մենք վստահ պիտի լինենք, որ մեր իմաստությունը չի հասնում Նրա իմաստությանը: Եվ վերջապես, քրիստոնյան կարող է վստահ լինել Տիրոջ սիրո մեջ։ Ոչ ոք չի կարող նայել խաչին և կասկածել Աստծո սիրուն։
Երբ մենք վստահ ենք, որ Աստված մեզ սիրում է, մենք կարող ենք ասել. «Եղիցին կամք Քո»…
Պատրաստեց Անի Ավագյանը



