«Մենք մեր տներից լացելով ենք դուրս եկել… Արցախի ու արցախահայերի վերադարձի հարցը պետք է «թարմ» լուծվի». Արծվիկ Սարգսյան

Մեկ անգամ չէ, որ Նիկոլ Փաշինյանն և իր թմակիցները հայտարարել են, որ իրենց համար փակված է ոչ միայն Արցախի հարցը, այլև արցախահայերի վերադարձի հարցը։ Նիկոլ Փաշինյանը մշտապես ասում է, որ` «արցախահայերը պետք է մոռանան Արցախ վերադարձի մասին ու տնավորվեն Հայաստանում»։

Այսօր էլ ԱԺ ճեպազրույցների ժամանակ ՔՊ-ական Թագուհի Ղազարյանը հայտարարեց, որ Ադրբեջանի հետ առհասարակ «փախստականների հարց չեն քննարկում, հետևաբար՝ Արցախից բռնի տեղահանվածները պետք է օգտվեն ՀՀ կառավարության առաջարկած ծրագրերից և մնան Հայաստանում»։

Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշի քաղաքի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանն ասում է, որ արդեն 2 տարուց ավելի է՝ Հայաստանի իշխանությունների կողմից նման հայտարարություններ լսում է, սակայն սա չի նշանակում, որ իրենք պետք է հրաժարվեն Արցախ վերադարձի իրավունքն իրացնելուց։

«Ադրբեջանը 30 տարի շարունակ ասում էր, թե՝ մի օր Արցախն «ազատագրելու» ենք, ասում էին, բայց չէին պատկերացնում, հիմա որ ՀՀ իշխանությունն ասում է՝ Արցախի հարցը փակ է, չեն պատկերացնում, չէ՞, որ օրը գալու է, ու արցախցին վերադառնա իր բնօրրան։

Կարդացեք նաև

Իհարկե, Հայաստանի իշխանությունների այս հրաժարման քաղաքականությունը որևէ տրամաբանություն չունի, արցախահայերը բռնի են տեղահանվել իրենց բնօրրանից՝ ֆիզիկական բնաջնջման վտանգի տակ, հետևաբար՝ նրանք պետք է վերադառնան  իրենց տները։ Արցախահայերը ցեղասպանվելու էին, եթե մնային Արցախում, դրա համար են լքել իրենց տները, բայց այս հարցի լուծման օրը պետք է անշուշտ գա»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արծվիկ Սարգսյանը։

Օկուպացված Շուշիի քաղաքապետը հավատում է, որ մի օր արդարությունը վերականգնվելու է, և աշխարհն ընդունելու է, որ Արցախը հայկական տարածք է։ Այս համատեքստում նա կրկին հիշեցրեց Ադբեջանի քաղաքականությունը՝ 30 տարի շարունակ Ադրբեջանի նպատակն է եղել օկուպացնել Արցախը, մինչդեռ ՀՀ իշխանությունն Արցախի կորստից հետո որդեգրել է Արցախն ուրանալու քաղաքականությունը։

«Արցախը մենք չենք կորցրել, որովհետև Ադրբեջանը հաղթել է պատերազմում, այլ կորցրել ենք՝ կազմակերպված պարտության արդյունքում։

Արցախում մենք ամեն ինչ ենք թողել՝ սրբավայրեր, գերեզմաններ, որոնց ճակատագրի վերաբերյալ մենք ոչինչ չգիտենք, չնայած որոշ գերեզմանների վրա Ադրբեջանը ճանապարհներ է կառուցում ու ստանում Աստծո պատիժը՝ այդ ճանապարհները քանդվում են անընդատ»,- շեշտեց Արծվիկ Սարգսյանը։

Միաժամանակ մեր զրուցակիցը նշեց՝ Արցախի ու արցախահայերի վերադարձի հարցը պետք է «թարմ» լուծվի, այսինքն՝ չպետք է սպասել տասնամյակներ անցնեն, այնուհետև հարցը բարձրացնել, խնդրի մասին մշտապես պետք է խոսել, խոսել այնքան, մինչև այն ստանա իր դրական լուծումը։

«Հարցի լուծումը մոտ ապագայում պետք է լինի, որպեսզի հեշտ լինի։

Եթե ՀՀ ղեկավարն Արցախը չճանաչեր Ադրբեջանի մաս, այսպես չէր լինի, Ալիևն առիթից չէր օգտվի ու չէր ասի. «Իմն է, ինչպես ուզում, այնպես էլ կանեմ, հայերն էլ այստեղ չպետք է ապրեն»։

Սա էր պատճառը, որ արցախահայերին 2023 թվականի սեպտեմբերին համատարած հանեցին, բայց սա փախուստ չէր, այլ փրկություն, քանի որ արդեն ասացի՝ եթե արցախահայերը մնային, ապա կցեղասպանվեին։ Որևէ մեկի համար հաճելի չէ իր բնօրրանը թողնել ու դուրս գալ, իր տունը լքել ու այսօր նման կարգավիճակում ապրել։ Մենք մեր տներից լացելով ենք դուրս եկել, հատկապես մեծահասակները, ինչքան դժբախտ դեպքեր եղան գաղթի ճանապարհին։

Այսքանից հետո, այն մարդը, ով Արցախից, Արցախ վերադառնալու նպատակից հրաժարվեց, ուրեմն՝ արցախցի չէ, ես այսքանը կարող եմ ասել»,- ընդգծեց Արծվիկ Սարգսյանը։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930