«Ականատես ենք սեփական իշխանության կողմից, սեփական հասարակության հանդեպ «սուր ուժի» կիրառման. սա բնորոշ է արտաքին ուժերին». Քաղաքագետ
Այսօր ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը շարունակեց ներկայացնել Կառավարության 2025 թվականի կատարողականի և իրականացման արդյունքների մասին հաշվետվությունը և, ինչպես նախորդ 2 օրերի ընթացքում, այսօր ևս հայտարարեց՝ ժողովուրդն այնպես պետք է անի, որ ՔՊ-ն կրկին դառնա իշխանություն, հակառակ դեպքում վատ բան կլինի։
Նա ԱԺ ամբիոնից կրկին սպառնաց, որ ազգային բարերար Սամվել Կարապետյանի և ընդդիմադիր հայացքներ ունեցող մյուս գործարարների աղքատացման գործընթացը մեկնարկած է։
«Եթե Սամվել Կարապետյանը, Ծառուկյանը և Քոչարյանը մտնեն ԱԺ, ապա վատ բան կլինի»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Քաղաքագետ Արա Պողոսյանը խոսելով Նիկոլ Փաշինյանի վերջին ամիսների եղած խոսույթի մասին, որ «եթե ՔՊ-ն իշխանություն չկազմի, ապա պատերազմ կլինի», նկատեց՝ նման հայտարարությունները բովանդակային քննարկման ենթակա չեն մեկ պարզ պատճառով, քանի որ դրանք սովորական քաղաքական հայտարարություններ են։
«Եթե այս հայտարարությունները մենք փորձենք տեղավորել դասական քաղաքագիտության մեջ, ապա այն լիովին տեղավորվում է «սուր ուժի» մեջ, որին այսօր Հայաստանում իշխանությունն անվանում է «հիբրիդային պատերազմ»։ Այսինքն՝ դասական առումով սա ժողովրդի, հասարակության դեմ կիրառվող «սուր ուժ» է, որը մանիպուլյատիվ տեխնոլոգիաներով ու հնարքներով, իրականության աղճատման միջոցով փորձում են վախ սերմանել մարդկանց մեջ, ինչը պետք է բերի էլեկտորալ դիվիդենտներ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արա Պողոսյանը։
Քաղաքագետը նաև շեշտեց՝ այս հայտարարությունները նաև չպետք է բովանդակային քննարկման առարկա դարձնեն մեկ այլ պատճառով՝ իրականության մեջ չկա օբյեկտիվ չափելի գործիք, քանի որ իշխանությունը փորձում է մյուս ուժերին պարտադրել որոշակի կոնստրուկտ։
Օրինակ, եթե մյուս ուժերը չեն ընդունում Նիկոլ Փաշինյանի պատրաստած «բրոշը», որը, ըստ նրա` ՀՀ քարտեզն է, ուրեմն՝ այդ ուժերը տարածքային պահանջներ ունեն Ադրբեջանից, իսկ եթե տարածքային պահանջներ ունեն, դա ենթադրում է պատերազմ։
«Սա տրամաբանության աղճատման միջոցով փորձ է՝ ինչպես արդեն նշեցի, «սուր ուժ» կիրառել սեփական հասարակության նկատմամբ։ Առհասարակ նմանօրինակ քիչ ռեժիմներ կան, սա բնորոշ է տոտալիտար և ավտորիտար ռեժիմներին, որոնք սեփական հասարակության նկատմամբ են այս ուժը կիրառում։ Սովորաբար սա բնորոշ է արտաքին ուժերի կողմից որևէ պետության նկատմամբ ուժ կիրառելուն, մինչդեռ մեր պարագայում ականատես ենք սեփական իշխանության կողմից, սեփական հասարակության հանդեպ «սուր ուժի» կիրառման»,- հավելեց մեր զրուցակիցը։
Քաղաքագետը շեշտեց, որ հայ հասարակությունը միաշերտ չէ, և պետք է հասկանալ, թե այս հայտարարությունը, որ շերտի վրա կարող է ազդեցություն ունենալ ընտրություններում։ Հասարակության յուրաքանչյուր շերտ այդ ընտրություններից ունի իր ակնկալիքները և սեփական պատկերացումները։
«Տարբեր սոցիալական խմբեր, որոնք ունեն տարբեր խնդիրներ, խմբեր, որոնք սովոր են գտնվել հարմարավետ զոնայում, այս խոսույթն այդ շերտի վրա չի կարող ազդեցություն չունենալ։ Քաղաքական տարբեր ուժեր, մտային կենտրոններից շատ բաներ է կախված, թե նրանք ինչպես կմեկնաբանեն։
Եթե այս հայտարարությունները վերցնենք որպես քաղաքական հայտարարություն, որի նպատակն է վախ ներարկել սեփական ժողովրդի մեջ, և սա կարողանանք բացատրել մարդկանց, ապա դա այլ ազդեցություն կունենա»,- ընդգծեց Արա Պողոսյանը։



