Շուրջդ բազում չարագործներ` արյունարբու շնական, չե՛մ վախենում ժանտ չարիքից, թեկուզ անցնեմ ստվերներով ես մահվան. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանը նոր բանաստեղծություն է գրել` Սուրբգրային մոտիվներով. Այս կիրակին մեր եկեղեցում կոչվում է Կանաչ Կիրակի
Կանաչ Կիրակի
(Մտորումներ Առաքյալի շավիղներով) 
Քեզ համար, իմ սեր, խոցված Հայրենիք,
Եվ Քեզ հետ հավերժ հոգով շաղախված,
Հողիդ հառաչը սրտիս բաբախն է,
Մայրական կանչդ` ավիշս արյան:
Տիրոջ հետքերով խաչս ուսամբարձ,
Գամերը պարգև իմ ճանապարհին,
Առաքյալի ջինջ ձայնին ունկնդիր,
Թույլ տուր, որ սիրտս հանձնեմ Քո Սրտին.
«Ամեն ինչում նեղության մեջ,
Բայց ոչ երբեք ընկճված,
Կարոտյալ ենք ու հալածված,
Բայց ոչ լքված հուսահատ:
Չարչարվել ենք ու տառապել,
Բայց չենք ծնկել` կործանվել,
Որքան մահը զորանում է,
Այնքան կյանքը առավել:
Վշտերի մեջ համբերությամբ,
Դառնության մեջ` քաղցրացած,
Շղթաների կապանքներին
Սիրով, սրտով ենք փարված:
Զրպարտանքին դեմ հանդիման,
Ստին, կեղծին խոլական,
Զինավառ ենք ճշմարտությամբ,
Զրահով արդարության:
Անարգանքի խոցոտումից,
Պարսավանքից կեղեքող,
Փառքիդ լույսով օծուն ենք միշտ,
Գովքդ հյուսում հմայող:
Խաբեբաներ համարվեցինք,
Մոլորեցնող դավաճան,
Բայցև դարձանք ճշմարտության
Հուսավառված ռահվիրան:
Թվում է, թե մեզ պատժել են,
Մահվան վախով կարծեցյալ,
Բայց շարունակ ուրախ ենք մենք,
Մշտազվարթ ու ազատ:
Թվում է, թե մեզ զրկել են,
Աղքատացրել, անարգել,
Բայց լի հույսով և հավատքով
Շատերն են հարստացել:
Հավաքվեցին արյունաշուրթ
Մունետիկները գազան,
Պաշարեցին Քեզ, իմ հոգի,
Հայրենիք իմ անվախճան:
Շուրջդ բազում չարագործներ,
Արյունարբու շնական,
Չեմ վախենում ժանտ չարիքից, թեկուզ
Անցնեմ ստվերներով ես մահվան:
Մեզ կարող են մահվան մատնել,
Բայց ոչ երբեք պարտության,
Մեր ընթացքը անխափան է,
Երազն հավերժ` հաղթական:
Թեկուզ մեզնից հեռու փախնեն,
Ընկերներ ու բարեկամ,
Քեզնով միայն մենք կմնանք
Ճանաչված ու հարազատ:
Քո շնորհը ինձ բավ է, Տե’ր,
Երբ տկար եմ, զորավոր եմ ես այդժամ,
Քո զորության ճառագումով
Տկարության մեջ անգամ:
Զերթ մահամերձ մեզ ցանկացան,
Բայց դեռ ողջ ենք և դեռ կանք»,
Հայկից սերված, Վարդանացած,
Վստահ գիտցեք` դեռ կգանք:
Բագրատ արք. Գալստանյան
Կանաչ Կիրակի
17.04.2026
Բ Կորնթ. 4:7-11, 6:4-13, 12:1-3
Եփես. 6:10-19
Սաղմ. 21, Սաղմ. 22



