ՍՅՈՒՆԻՔԻ ԳԼԽԻՆ ԱՆԸՆԴՀԱՏ ՎՏԱՆԳԸ ԿԱԽՎԱԾ Է ԼԻՆԵԼՈՒ, ՔԱՆԻ ԴԵՌ ԱՐՑԱԽՆ ՈՒ ՆԱԽՋԵՎԱՆԸ ՄԵՐ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱԿ ՉԵՆ. ԲԵՆԻԱՄԻՆ ՊՈՂՈՍՅԱՆ
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն «Ապրի Արմենիա» (APRI Armenia) վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Բենիամին Պողոսյանն է։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

- ԱՄՆ փոխնախագահ Ջեյ դի Վենսը տարածաշրջան՝ Հայաստան ու Ադրբեջան, գալու մի քանի նպատակ ունի, եթե հիմնվենք Թրամփի արած գրառման վրա: Առաջինը, ինչպես Թրամփն է ասում, առաջ մղել խաղաղությանն ուղղված ջանքերը Հարավային Կովկասում և, մասնավորապես, Թրամփին ուղին: Երկրորդ՝ նշվում է, որ Ադրբեջանում զենքի վաճառքի հետ կապված քննարկումներ կլինեն: Եվ երրորդ՝ ենթադրվում է, որ Հայաստանում կստորագրվի համաձայնագիր, որը թույլ կտա ամերիկյան քաղաքացիական միջուկային տեխնոլոգիաներն արտահանել Հայաստան: ԱՄՆ-ը այս այցով ցույց է տալիս նաև, որ իր հետաքրքրությունը տարածաշրջանի նկատմամբ շարունակում է արդիական մնալ:
Հիշեցնենք. Դոնալդ Թրամփը սոցիալական իր ցանցում արված գրառմամբ տեղեկացրել էր, որ փետրվարին Ջեյ Դի Վենսը կայցելի տարածաշրջան, մասնավորապես՝ Հայաստան ու Ադրբեջան։
«Փետրվար ամսին Միացյալ Նահանգների փոխնախագահ Վենսը կայցելի երկու երկրներ՝ շարունակելու մեր խաղաղարար ջանքերը և առաջ մղելու Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի նախաձեռնությունը: Մենք կուժեղացնենք մեր ռազմավարական գործընկերությունն Ադրբեջանի հետ, Հայաստանի հետ կստորագրենք խաղաղ նպատակներով միջուկային համագործակցության գեղեցիկ համաձայնագիր, կկնքենք գործարքներ մեր հիանալի կիսահաղորդչային արտադրողների համար, ինչպես նաև Ադրբեջանին կվաճառենք ԱՄՆ-ում արտադրված պաշտպանական սարքավորումներ, ներառյալ՝ զրահաբաճկոններ, նավակներ և այլ միջոցներ»,- գրել էր Թրամփը։
- Վրաց փորձագետների մի մասը կարծում է՝ չինական ներդրումներով Անակլիայի պրոյեկտն ի սկզբանե փուչիկ էր, այսինքն՝ չկար նման շատ խոշոր նավահանգստի կարիք: Նախ՝ այդ փուչիկը փչում էր Սահակաշվիլին, այնուհետև Իվանիշվիլին հասկացավ, որ այս փուչիկը ժողովրդին դուր է գալիս, որ տեսեք՝ նոր նավահանգիստ կկառուցենք, միլիարդավոր դոլարների ներդրումներ կգան, ինքն էլ սկսեց այդ փուչիկը փչել: Այս պահի դրությամբ, որքան ես տեղյակ եմ, Անակլիա նավահանգստում անգամ շինարարություն չի սկսվել: Կա նաև այլ տարբերակ: Եթե ընդունենք, որ այն փուչիկ չէ, վրացական կառավարությունն Անակլիայի ծրագրից չինական կոնսորցիումին զրկելով ու ամերիկացիներին տալով՝ փորձում է այն որպես մանրադրամ օգտագործել:
- Իրանի հետ կապված՝ 2 սցենար եմ տեսնում. սցենար-1՝ ԱՄՆ կողմից թիրախային հարվածներ քաղաքական և ռազմական ղեկավարությանը կամ ռազմական թիրախներին, կամ կարող են լինել կոմբինացված հարվածներ, և սցենար-2՝ կարող են լինել երկարաժամկետ հարվածներ, որոնք կապակայունացնեն երկրի ներքին իրավիճակը։ Իսկ մենք գիտենք, որ Իրանի ներքին բնակչության մեջ մեծ թիվ են կազմում էթնիկ փոքրամասնությունները։ Առաջին սցենարի դեպքում ռեժիմի փոփոխություն չի լինի։ Երկրորդ սցենարի դեպքում կարող է լինել փոփոխություն, և հոգևոր նոր առաջնորդ կարող են ունենալ, որը կլինի անգլիական թագուհու կարգավիճակում։ Ինչպես Պակիստանում է: Բայց փորձագետներն ասում են՝ Իրանը Վենեսուելա չէ, և Իրանի քաղաքական ու ռազմական ղեկավարությունն ԱՄՆ-ի հետ գործարքի չի գնա։ Ամեն դեպքում առաջիկա ժամանակներում Իրանին հարվածելու հավանականությունը շատ մեծ է՝ 60 տոկոս և ավելի։

- Սովորաբար իրանցի դիվանագետները զուսպ են խոսում, բայց այս դեպքում Հայաստանում Իրանի դեսպանի խոսքերը շատ հասցեական էին։ Մի բանում դեսպանի հետ կհամաձայնեմ։ Իմ գնահատմամբ՝ հիմա իսկապես Իրանում ընկալումը փոխվում է, և Հայաստանն աստիճանաբար դառնում է պետություն, որտեղից կարող են խնդիրներ ծագել։ Այսինքն՝ հայ-իրանական սահմանը, ի տարբերություն իրանա-ադրբեջանական սահմանի, նախկինի պես անվտանգ չէ։ Եվ սա, իհարկե, կապված է TRIPP-ով պայմանավորված՝ սահմանին ամերիկյան ներկայության հետ։
- Հիմա Իրանն այնպիսի լուրջ խնդիրների առաջ է կանգած, որ որքան էլ դժգոհ լինի հայ-իրանական սահմանին ամերիկյան ներկայությունից, չի կարող մտածել Հայաստանի ուղղությամբ քայլեր ձեռնարկելու հնարավորության մասին։ Դա նրա համար հիմա հարյուրերորդական հարց է։
- Ես չգիտեմ՝ եթե Հայաստանը հայտարարություն անի այն մասին, որ երբեք թույլ չի տա, որ Հայաստանի տարածքից հարվածներ հասցվեն Իրանին, ինչպե՞ս կընկալվի Իրանում։ Արդյո՞ք Իրանում չեն մտածի, որ ուրեմն Հայաստանում այդ հարցը քննարկվել է, որ դրա մասին խոսում են։ Չեմ պատկերացնում նաև, թե Հայաստանի տարածքն ինչպե՞ս պետք է օգտագործվի, որովհետև Իրանին ԱՄՆ-ը կհարվածի կամ հրթիռներով, կամ ավիակիրներով, կամ Քաթարի տարածքից։ Հետևաբար՝ Հայաստանի տարածքից Իրանին հարվածելու հնարավորությունը մոտ է 0–ի։
- Մենք երբեք չենք իմանա՝ արդյո՞ք Իրան-Իսրայել 12–օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի տարածքն օգտագործվել է Իրանին հարվածներ հասցնելու համար։ Իրանից կասկածներ հայտնեցին, որոնք Ադրբեջանը հերքեց, բայց քննարկումները կան։ Բազմակի անգամ ավելի հավանական է, որ Իրանի դեմ նոր պատերազմի ժամանակ հարվածներ կհասցվեն Ադրբեջանի տարածքից։
- Մի բան հստակ է, որ TRIPP-ը չունի միայն տնտեսական կոմպոնենտ, և այն նաև աշխարհաքաղաքական նախագիծ է, որում առաջնահերթը Կենտրոնական Ասիա-Թուրքիա կապն է։ Երկրորդ կոմպոնենտն Իրանի հարցն է, քանի դեռ այն չի դարձել պրոարևմտյան։ Եվ երրորդ կոմպոնենտը ռուսների հարցն է։ Հարավային Կովկասը միշտ ընկալվել է՝ որպես ռուսական ազդեցության գոտի, և հիմա դրված է այդ ազդեցության նվազեցման հարցը։
- Կրկնում եմ՝ Ադրբեջանը զրո (0) ցանկություն ունի ստորագրել Խաղաղության պայմանագիրը, և այս համատեքստում Ադրբեջանի պահանջները սոսկ պատրվակներ են։ Նա այդ պայմանագիրը կստորագրի մի դեպքում՝ եթե նրան լրջորեն ստիպեն, ու ստիպողը պետք է լինի լուրջ պետություն։

- Ադրբեջանցի փորձագետներն ասում են, որ TRIPP-ի փաստաթուղթն իրենց բավարարել է մասամբ։ Նրանք ասում են՝ մեր այն պայմանը, որ ադրբեջանցիները հայի երես չեն տեսնելու, այո, բավարարված է ՀՀ իշխանությունների կողմից։ Սակայն Ադրբեջանի երկրորդ, ամենահիմնական պահանջը վերաբերել է նրան, որ Հայաստանը պետք է սոսկ տեղեկացվի՝ ովքեր ու ինչ բեռներ են անցնելու այդ տարածքով, բայց վերահսկելու ու որոշումներ կայացնելու հնարավորություն չի ունենալու։ Բայց TRIPP-ի փաստաթղթի մեջ գրված է, որ բեք օֆիսը, այսինքն՝ Հայաստանի իշխանությունը, որոշումներ կայացնելու լիարժեք իրավասություն ունի։ Ադրբեջանին սա չի բավարարում, դժգոհ են։ Բայց իրենց հույսն այն է, որ փաստաթուղթը չունի իրավական ուժ։ Ենթադրում եմ, որ հարցը լուծելու համար պետք է ստորագրվեն իրավաբանական ուժ ունեցող պայմանագրեր։ Իրենց պատկերացմամբ՝ իրենք հիմա 100 տոկոս անխոչընդոտ անցում չեն ստացել, և ասում են՝ ամեն ինչ անելու են, որ իրավական փաստաթղթերում ամրագրվի դա։
- Եթե TRIPP-ի մեր բաժնեմասը լիներ ոչ թե 26%, այլ 100 %, միևնույն է, Հայաստանն այս վիճակում Ամերիկային «ոչ» ասել չէր կարող։ Ընդհանրապես ջունգլիների աշխարհում Հայաստանը «ոչ» ասել չի կարող ուժեղներին։ Քանի դեռ ամերիկացիներն այստեղ կան ու հետաքրքրված են տարածաշրջանով, դու չես կարող բարկացնել թիվ 1 առյուծին։
- Թրամփն ԱՄՆ-ում խնդիրներ ունի: Դեմոկրատները հստակ ասում են, որ եթե գան իշխանության, Թրամփը պիտի դատվի։
- Ինչո՞ւ 25 պետություն համաձայնեցին լինել մի կազմակերպության մեջ՝ Թրամփի ստեղծած «Խաղաղության խորհուրդ» կոչվածի, որտեղ մեկն իրեն հռչակում է ցմահ նախագահ։ Նույն այդ առյուծին չբարկացնելու տրամաբանության մեջ, որովհետև վախենում են, որ այլապես Թրամփը կհրամայի կա՛մ իրենց առևանգել, կամ մի 300 % մաքսատուրքեր կսահմանի։
- Քանի դեռ մենք ապրում ենք ջունգլիների աշխարհում, եթե Ամերիկան ասի, որ Հայաստանում անցանկալի անձ համարվող որևէ ադրբեջանցի պիտի Սյունիքով անցնի Նախիջևան, Հայաստանի ներկայացուցիչները լիմուզինով կգնան, կդիմավորեն նրան, կտանեն, հանգիստ կանցկացնեն։ Այս իրավիճակը կարող է փոխվել մի դեպքում, եթե ռուսներն ու ամերիկացիները պայմանավորվեն, որ TRIPP-ում ռուսներն էլ են դեր ունենալու, և այս հարցում ասողը Ռուսաստանն է լինելու։ Այս դեպքում էլ նույն ազդակը կարող է գալ Ռուսաստանից։ Ցավոք, մենք փոքր և թուլացած պետություն ենք, և մեր պարագայում գործում է ոչ թե իրավունքի ուժը, այլ ուժի իրավունքը։
- Մենք պետք է ընդունենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը տարբեր քաշային կատեգորիաներում են, և դա ոչ միայն այն պատճառով, որ մենք պարտվել ենք, այլ նաև այն պատճառով, որ Ադրբեջանը ռազմավարական սերտ հարաբերություններ ունի Իսրայելի հետ, ու նրա թիկունքին կանգնած է Թուրքիան։

- Եթե Հայաստանը չի վերահսկում ո՛չ Արցախը, ո՛չ Նախիջևանը, ապա անհնար է, որ առնվազն չստանա էականորեն հեշտացված կապ Սյունիքից դեպի Նախիջևան։ Ու այդ հեշտացված անցման մեջ պետք է ներգրավված լինեն խոշոր խաղացողներ։ Քանի դեռ մենք առնվազն Արցախը չենք վերադարձրել, դա այդպես է լինելու։
- ԱԺ ընտրությունից ամիսներ առաջ բանակում ծառայության ժամկետը կրճատելու մեջ կա քաղաքական, նախընտրական կոմպոնենտ․ ժողովրդի որոշակի հատվածի այդ որոշումը դուր կգա, և իշխանությունը դա գիտի։
- Ադրբեջանն ունի նավթ, Իսրայել ու այլևայլ աջակցություն, բայց մենք էլ ունենք Սփյուռք, ինչը հզոր ուժ է։ Անգամ, եթե Սփյուռքում առավել ակտիվ ու կայացած 10 %–ը՝ 700.000 մարդ, մտահոգվում է Հայրենիքում տեղի ունեցողով, դա արդեն լուրջ թիվ է։ Այո՛, Սյունիքը հայտնվել է սենդվիչի կարգավիճակում՝ Արցախի և Նախիջևանի արանքում: Սյունիքն այսօր ավելի շատ պաշտպանության կարիք ունի։ Մենք կորած չենք, և եթե չենք ուզում, որ Սյունիքի գլխին անընդհատ վտանգը կախված լինի, ցանկացած մարդ, ով ունի առողջ դատողություն, քարտեզին նայելով՝ պետք է հասկանա, որ Ադրբեջանն ուժեղ է, որովհետև Արցախն ու Նախիջևանը վերահսկվում են Ադրբեջանի կողմից։ Հետևաբար, եթե չենք կարողանում առաջիկա 50 տարում վերադարձնել կա՛մ Արցախը, կա՛մ Նախիջևանը, կա՛մ երկուսը միասին, Սյունիքի գլխին անընդհատ վտանգը կախված է լինելու։
- Դժվար թե ամերիկացիները պահանջեն ԵԱՏՄ–ից դուրս գալ, իրենց համար ավելի կարևոր է, որ TRIPP-ը լինի ամերիկյան։ Բայց ռուսները կարող են ասել՝ դուք ոտնահարում եք ԵԱՏՄ կանոնները, ու սկսեն ԵԱՏՄ–ից մեզ դուրս բերելու գործընթաց, կամ մաքսատուրքեր սահմանեն։

- Առաջիկա ամիսներին Ադրբեջանի կողմից լայնածավալ հարձակման հավանականությունը մոտ է զրոյի, բայց հաստատված խաղաղության մասին խոսել վաղ է։ Թրամփի իշխանության մնացած 3 տարիներին ադրբեջանցիները ամեն ինչ կանեն ավելի շատ բան պոկելու համար՝ բաց թողնելով լայնածավալ պատերազմի հավանականությունը, և, իհարկե, իրենց համար լավագույն եղանակը կլինի Սյունիքի ամբողջական վերահսկողությունը՝ առանց ամերիկացիների և ռուսների։
Մանրամասները՝ տեսանյութում։
