Ինչպես Դավիթ Բեկի երբեմնի խիզախ զինվոր, քահանա Տեր-Ավետիքն ուրացավ զորքին և հետո փախավ Երուսաղեմ
1722-1730 թվականներին Սյունիքում սկսվեց ազատագրական շարժում, որի նպատակն էր կանխել թուրքական ներխուժումն Արևելյան Հայաստան և ազատել Սյունիքն օտար տիրապետությունից։ 1722թ.-ին հայ ազատագրական գործիչ Ստեփանոս Շահումյանը դիմում է Վրաց թագավոր Վախթանգ 6-րդ-ին՝ խնդրելով իր զորաբանակում ծառայող անվանի հայ զորահրամանատարներից մեկին ուղարկել Սյունիք, ով պետք է առաջնորդեր սկսված ազատամարտը։

Նույն տարվա վերջում մի խումբ զինվորականների հետ Սյունիք է ժամանում Դավիթ Բեկը։ Ժամանակակիցներն ու պատմիչներն առանձնացնում են Դավիթ Բեկի ոչ միայն՝ քաջությունն ու հերոսական կռիվները, այլև՝ զորավարի երկաթյա բնավորությունը և ամուր կարգապահությունը։
Արտաքին թշնամու դեմ մղվող պայքարին զուգահեռ՝ Դավիթ Բեկն անողոք կերպով ճնշում էր նաև ներքին անմիաբաններին: Նա սկսում է միաբանել տեղի բոլոր ուժերին, իսկ անմիաբանների հետ վարվում է շատ դաժան: Դրա մասին են փաստում պատմական տեղեկությունները.

«Հալիձորի Մելիք Փարսադանն ու նրա փեսա Տեր-Ավետիքը սկզբում չկամեցան միանալ ապստամբության և անտես արին Դավիթ Բեկի հրավերը: Եվ ահա առաջին հարմար միջոցին Դավիթ Բեկը ձերբակալում է երկուսին, բանտարկում Շնհերի բերդում: Մելիք Ավանի կարգադրությամբ ազատվելով բանտից, մելիքն ու քահանան այլևս անհնազանդ ու անմիաբան չեն. Նրանք մտնում են գործի մեջ և հանդիսանում են, մանավանդ քահանան, հերոսներ բազմաթիվ կռիվների մեջ»: (Լեո, Երկերի ժողովածու, հատոր 5, Երևան, 1986, էջ 474):

Տեր-Ավետիքը սկզբում՝ պարտադրողաբար, իսկ հետո՝ գործով և գաղափարով համախմբվելով Դավիթ Բեկի շուրջ, դառնում է Սյունիքի ազատագրական պայքարի կարևորագույն դերակատարներից և քաջագործություններ իրականացնող անհատներից մեկը.
«Սյունիքի պատերազմները շատ հարուստ են հերոսներով: Դրանց մեջ առաջնությունը, իհարկե, պատկանում է Դավիթ Բեկին: Բայց նրա ձեռքի տակ անուն ու հռչակ հանեցին քաջեր, որոնք նույնքան անմոռանալի են, որքան ինքը, ազատարար պատերազմը: Պատմությունը մեր առջև բաց է անում մի շարք գեղեցիկ անուններ: Ահա Մխիթար Սպարապետ, Թորոս իշխանը, ահա Մելիք Փարսադանը իր հուժկու փեսա Տեր-Ավետիքի հետ…:

Դավիթ Բեկի ստորադրյալները կատարում էին այդ կարգադրությունները բարեխղճությամբ, եռանդով: Ոչ միայն փոքրիկ արշավանքների մեջ, այլև ավելի բարդ ու դժվար գործերում նրանք ցույց էին տալիս հրամանատարի ընդունակություն, հերոսական քաջագործություններ: Այսպես, Մխիթար սպարապետն ու Տեր-Ավետիքը իրենց բազմաթիվ հաղթությունները պսակեցին Զևու անունով խիստ ամուր բերդի նվաճումով»: (Նույն տեղում, էջ 476):

Օսմանցիների հարձակման ժամանակ Հալիձորում Տեր-Ավետիքը կարողանում է դառնալ մի կարևոր գործողության առաջնորդներից մեկը, որով հերթական անգամ հաստատում է իր քաջազուն մարտիկ և հայ լինելը:
«Մխիթար Սպարապետը և Տեր-Ավետիքը հավաքեցին երեք հարյուր զինվորներ և սկսեցին պատրաստել նրանց հարձակում գործելու: Պարիսպների վրա կռվողները շարունակում էին իրենց գործը, Դավիթ Բեկի երկու հերոս օգնականները սիրտ էին տալիս այդ երեք հարյուրին, հասկացնում էին, թե որքան լավ է պատվով և քաջությամբ մեռնել պարիսպներից դուրս, քան մնալ բերդում և բաց աչքով տեսնել, թե ինչպես թշնամին պիտի կոտորե իրենց ընտանիքները և ուրիշ գազանություններ կատարե: Պատրաստելով ամենքին, Մխիթարն ու Տեր-Ավետիքը դուրս տարան այդ խումբը բերդի գաղտնի դռնով. Ամենքից առաջ իրենք էին գնում»: (Նույն տեղում, էջ 482):
1728 թվականին վախճանվեց Դավիթ Բեկը, և երբ զորքերի գլխավոր հրամանատար դարձավ Մխիթար Սպարապետը, Տեր-Ավետիքը կտրուկ փոխեց իր դիրքորոշումը, որի հանգուցալուծումը եղավ օսմանյան զորքին հպատակվելը և իր սեփական կաշին ազատելը:
«Սկզբում գործը, ըստ երևույթին, գնում էր իր կարգով: Դավիթ Բեկի տեղը, զորքերի գլխավորների հավանությամբ, բռնեց Մխիթար սպարապետը: Մխիթարը մի արժանավոր հաջորդ էր իբրև քաջ զինվոր, բայց Սյունիքում, ինչպես տեսանք շատ օրինակներից, միայն քաջ զինվոր չէր հարկավոր: Պետք էր երկաթի ձեռք, նվաճող, հպատակեցնող։ Այդպիսի ձեռք չուներ Մխիթարը: Եվ բորբոքվեցին ընտանի խռովությունները: Այս անգամ քայքայում մտցնողը Տեր-Ավետիքն էր… Պատմիչը չէ բացատրում, թե ինչից առաջացավ Տեր-Ավետիքի թշնամությունը Մխիթարի դեմ:
Բայց հեշտ կարելի է գուշակել, որ մեջտեղ գործում է քահանայի փառասիրությունն էլ: Նա, մի անպարտելի հերոս, ոչնչով պակաս չէր Մխիթար սպարապետից և իր հրաշալի քաջագործություններով՝ պակաս չէր Դավիթ Բեկի ժառանգությունը ստանալու, մանավանդ որ Հալիձորը իր աներոջն էր պատկանում: Մի տարի միայն շարունակվեց Մխիթարի իշխանությունը: Այդքան ժամանակն էլ բավական եղավ, որ Տեր-Ավետիքը թեքվի օսմանցիների կողմը:

Հալիձորը նորից պաշարվեց, բայց այս անգամ նա չէր դիմադրում թշնամուն: Նույն միջոցին, երբ պաշարողները կրակ էին թափում դրսից, բերդի ներսում տեղի ունեին խռովություններ: Տեր-Ավետիքը, վերցնելով իր հետ երկու մարդ, գնաց օսմանյան բանակը՝ անձնատուր լինելու պայմանների մասին խոսելու համար: Մխիթար սպարապետը չկամեցավ իր պատերազմական ընկերի բախտին ենթարկվել:
Օսմանցիների մոտ նա չգնաց, այլ՝ գտնելով հարմար միջոց, գիշերը միակ իջավ բերդի պարսպից և հեռացավ այդ անպատվության վայրից, թողնելով այնտեղ իր կնոջն ու երեխաներին: Տեր-Ավետիքը պայմանավորվել էր, որ օսմանցիները, տիրանալով Հալիձորին, ոչ ոքին վնաս չեն տա: Բայց մյուս օրը Հալիձորը հիմն ի վեր քարուքանդ դարձավ և ինքը, քահանան, ականատես եղավ մի սոսկալի կոտորածի, որի ժամանակ չխնայվեց ո՛չ հասակ, ո՛չ սեռ։
Որքա՜ն անփառունակ վերջ էր տալիս այդ հերոսը իր ամբողջ գործունեությանը: Սոսկալի տեսարանի ազդեցության տակ նրա մեջ վառվում է կրոնական կրակը: Նա նոր միայն զգում է, որ ինքը քահանա է, իսկ քահանային վայել չէ այդքան արյուն թափելը: Ու դառնում է ինքն իրեն դատապարտող մի ողորմելի հանցավոր: Թողնում է երկիրը, ուր այնքան մեծ գործեր էր կատարել, վերցնում է օսմանցիներից ծանր, սոսկալի գնով առած իր գլուխը ու ճանապարհվում Երուսաղեմ՝ իր մեղքերի թողությունը ստանալու համար»: (Նույն տեղում, էջ 484-485):
Տեր-Ավետիքի՝ Սյունիքի ազատագրման գործում ունեցած հերոսական դերն անկասկած է, և նա իր քաջագործություններով կանգնում է այդ շրջանի երևելիներին հավասար շարքում։ Սակայն ինչ-որ պահից երբեմնի ուժեղ անհատը հանձնվում է արտաքին թշնամուն, օգտագործվում թշնամու կողմից: Տեր-Ավետիքի անցումն օսմանյան կողմը դառնում է ողբերգական շրջադարձ, որի հետևանքները ճակատագրական եղան:
Նրա պատմությունը նաև նախազգուշացում է բոլոր ժամանակներում, որ ազգային գոյապայքարի մեջ յուրաքանչյուր անհատ կարող է վճռական դեր ունենալ ողջ ժողովրդի ճակատագրի համար։ Իսկ պատմությունն ուրացողներին երբեք չի մոռանում:
Զ. Շուշեցի

