Մոտ ապագայում փոքր և միջին բիզնեսները հնարավորություն են ունենալու իրենց վաստակած գումարը թողնել շրջանառության մեջ. Հայկ Ֆարմանյանը՝ 0% հարկ վճարելու մասին

Հարգելի՛ հայրենակիցներ, ձեր ուշադրությանն եմ ներկայացնում Սամվել Կարապետյանի կողմից ներկայացված հինգ տնտեսական կետերից մեկը, որը վերաբերում է փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների կողմից 0% հարկ վճարելուն. այս մասին սոցիալական ցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել «Մեր ձևով» շարժման անդամ Հայկ Ֆարմանյանը:

«Շատ մոտ ապագայում փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչները հնարավորություն են ունենալու իրենց վաստակած գումարը թողնել շրջանառության մեջ: Ինչպես տեղյակ եք 2025 թվականի հունվարի 1-ից գործող իշխանությունը կրկնապատկել է շրջանառության հարկը, որն առաջացրել է լուրջ սոցիալական խնդիրներ և որի պատճառով բազմաթիվ ընկերություններ, մինչև 3600 տնտեսվարող սուբյեկտներ փակվել են: Դա ենթադրում է բազմաթիվ աշխատատեղերի կորուստ, հարկերի կորուստ:

Այս ծրագրի շրջանակում առաջարկում ենք լուծել սոցիալական խնդիր, ինչը հնարավորություն կտա ստվերից դուրս գալ բազմաթիվ տնտեսվարող սուբյեկտների, ինչն էլ իր հերթին կգեներացնի համախառն ներքին արդյունքի աճ»,-նշել է նա։

Ֆարմանյանն ընդգծել է, որ մարդիկ, հաճախ տարակուսանքով են վերաբերում այս ծրագրին, ասելով՝ հնարավոր չէ:

«Վստահեցնում եմ ձեզ, որ դա հնարավոր է, որովհետև փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների կողմից վճարված հարկերը կազմում են մեր ընդհանուր բյուջեի ընդամենը 2,4%-ը:

Սա հնարավոր է իրականացնել, և մոտ ապագայում մենք ունենալու ենք նաև այս ծրագրի շրջանակում շատ ուժեղ Հայաստան, ուժեղ պետություն, որտեղ տնտեսվարողները կունենան նոր հնարավորություններ»,-եզրափակել է շարժման անդամը։

Տեսանյութեր

Լրահոս