Լավրովը և Օվերչուկը զգուշացրին․ Սիմոնյանի այցն արդյունք չի տալու․ Հայկ Խալաթյան
Ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Խալաթյանն այն կարծիքին է, որ Ալեն Սիմոնյանի այցը Մոսկվա պատահական կամ հերթական այց չէր, այլ փորձ էր Հայաստանի իշխանությունների կողմից՝ մի փոքր հանգստացնել Մոսկվային։
«Հասկանում են, որ վերջին շրջանի հայտարարությունները լուրջ դժգոհություն և հարցեր են առաջացրել Մոսկվայում, և պատահական չէ, որ այդ նույն հարցերը հնչեցրեց թե՛ Լավրովը, թե՛ Օվերչուկի կողմից եղավ զգուշացում՝ տնտեսական հետևանքների մասին։ Հայաստանի տնտեսական կախվածությունը Ռուսաստանից շատ ավելի է մեծացել, և ստացվում է, որ եթե ՌԴ-ն լուրջ քայլերի գնա, ապա դա կարող է բերել սոցիալական լարվածության, որն էլ ներքաղաքական խնդիրներ կարող է առաջացնել իշխանությունների համար։ Դրա համար Ալեն Սիմոնյանն այս այցով փորձում էր համոզել, որ՝ գիտե՞ք ինչ, այս հակառուսական հայտարարություններին որևէ քայլ չի հետևելու, բայց մյուս կողմից էլ՝ ՌԴ-ում շատ լավ հասկանում են, որ կոնկրետ քայլեր տեղի ունենում են»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա։
Ըստ նրա՝ եթե Հայաստանի իշխանությունների այս քաղաքականությունը շարունակվի, ապա նույնիսկ չուզենալով էլ Ռուսաստանը ստիպված է լինելու իր պատկերացմամբ պատասխանել Հայաստանի իշխանություններին․ «Թե ինչ գործողությամբ կպատասխանեն, կտեսնենք»։

Հայկ Խալաթյանի դիտարկմամբ՝ իր աջակցությամբ ԵՄ-ն պահանջելու է ոչ թե հայտարարությունների մակարդակով փոխհատուցում ՀՀ իշխանություններից, այլ կոնկրետ քայլեր․ «Իսկ ինչպես տարբեր թե՛ փորձագետներ, թե՛ ընդդիմադիր գործիչներ ասել են, միակ ապրանքը, որ կարող է Արևմուտքին վաճառել ներկայիս իշխանությունը, հակառուսականությունն է։ Դրա համար Մոսկվայում էլ են շատ լավ հասկանում, որ ինչ էլ ասի Ալեն Սիմոնյանը, միևնույն է, մոտակա ամիսներին փորձելու են այդ հակառուսականությունը կապիտալիզացնել, որպեսզի ավել ձայներ ստանան ընտրություններին։ Դրա համար այս այցը ոչ մի արդյունք չի տալու, մաքսիմալ կարող են չնչին մարտավարական փոփոխություններ լինեն, բայց հասկանում են, որ առկա խնդիրները չեն վերացել և երկու կողմերից էլ ցանկություն չկա հրաժարվել այդ մոտեցումներից, որպեսզի լարվածությունը վերանա․․․ Ֆորմալ առումով այս այցը չտվեց այն արդյունքը, որն ակնկալում էր ՀՀ իշխանությունը»։
Անդրադառնալով այս իրավիճակում Հայ Առաքելական եկեղեցու դեմ արշավին և հատկապես՝ Ավստրիայում կայանալիք եպիսկոպոսաց ժողովի անցկացմանը խոչընդոտելու իշխանությունների ջանքերին, նա նշեց, որ այդ ժողովը շատ հարցերի պատասխաններ կարող է տալ, «որոնք ճակատագրական կարող են լինել Փաշինյանի և նրա շուրջ հավաքված տիրադավների համար», դրա համար ամեն ինչ անում են, որպեսզի տապալվի այդ ժողովը։
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում
