ԹՈՂ ԱՆԵ՛Ն, ԱՄԵՆ ԻՆՉԻ ՊԱՏՐԱՍՏ ԵՆՔ. ՍՐԱՆՔ Ի՞ՆՉ ԵՆ, ՈՐ ԵԿԵՂԵՑԻՆ ՉՏԱՆԻ. ԺՈՂՈՎՈՒՐԴ, ԹԵՎ ՈՒ ԹԻԿՈՒՆՔ ԵՂԵՔ, ԼՑՐԵՔ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԸ
«Դասեր» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրերը Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանն ու Արագածոտնի թեմի Հովհաննավանքի քահանա, Կարմրավորի և Արուճի հովվության հոգևոր սպասավոր Տեր Մանուկ քահանա Զեյնալյանն են։

Ի դեպ, Տեր Վրթանես քահանա Բաղալյանը 44-օրյա պատերազմում մասնակցել է Լոռվա կամավորականների խմբի հետ՝ որպես շարքային մասնակից, իսկ Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը պատերազմի առաջին իսկ օրից մինչև ռազմական գործողությունների ավարտը, որպես զորամասի գնդերեց, եղել է Արցախում՝ Քարվաճառում, ապա Ջրականում (Ջաբրայիլ), որտեղ արկերի ու ռումբերի կարկուտ էր թափվում երկնքից: Ականատես է եղել, թե ինչպես է թշնամական ավիացիան հարվածել Շուշիի սուրբ Ղազանչեցոց եկեղեցուն, բնակելի շենքերին… Մինչև նոյեմբերի 4-5-ը նա մնացել է Շուշիում։ Նոյեմբերի 9-ից հետո տեր Մանուկը և իր հոգևոր եղբայրները գրեթե ամեն օր Եռաբլուրում հուղարկավորություններ էին կատարում…
Օրերս ՀՀ Պաշտպանության ՔՊ-ական նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով 20 և ավելի տարիներ իր հոգևոր ծառայությունը բերած ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդությունը լուծարվել է։ Կարգալույծ քահանաների մասնակցությամբ Փաշինյանի «կեղծ պատարագ» հակաեկեղեցական շոուներին մասնակցելուց հետո նախկինում «Հայոց պատմություն» և «Հայ եկեղեցու պատմություն» դասավանդող ուսուցիչ Սուրեն Պապիկյանն ամբողջությամբ լծվեց Հայ Առաքելական Եկեղեցու դեմ պայքարին։
Հիշեցնենք` տևական ժամանակ է՝ ՀՀ ԶՈւ բարձրաստիճան որոշ զինվորականներ ճնշումներ են գործադրում գնդերեցների հանդեպ՝ Հայ եկեղեցու բարենորոգման խորհրդին, այսինքն՝ կաթողիկոսի պաշտոնանկությունը պահանջող հոգևորականներին միանալու համար։
Շաբաթ օրը՝ հունվարի 31-ին, Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքն առավոտից գտնվում էր Ռազմական ոստիկանության մեքենայի հսկողության տակ։ Ըստ Տեր Պսակ քահանա Մկրտչյանի՝ եկեղեցին, որը պատկանում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, փաստացի արգելափակված էր հոգևորականների համար։ Նպատակը՝ հոգևորականների մուտքը խոչընդոտել։ Պաշտպանության նախարարությունից 168.am-ին պարզաբանել էին, թե ռազմական ոստիկանության մեքենայի հերթապահությունը պայմանավորված է տվյալ վարչական շրջանում մի քանի զորամասերի առկայությամբ և կապ ունի բնականոն ծառայության իրականացման հետ։
Պապիկյանի որոշման մեջ մասնավորապես ասվում է․ «ՀՀ Պաշտպանության նախարարի հրամանով սույն թվականի փետրվարի 1-ից դադարեցվում է ՀՀ ԶՈՒ Հոգևոր ծառայության առաջնորդի և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կողմից նշանակված հոգևոր ծառայողների գործունեությունը ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում։ Քննարկվում է ՀՀ ԶՈՒ հոգևոր ծառայություն իրականացնելու գործառույթներով ավագ սպայական «մայոր» և կրտսեր սպայական «կապիտան» կոչումային դասակարգմամբ համապատասխանաբար ավագ գնդերեցի և գնդերեցի ոչ հրամանատարական զինվորական պաշտոնների ստեղծումը, որոնց համար պարտադիր պայման պետք է լինի Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու հոգևոր կրթություն ստացած լինելու հանգամանքը»։
Սուրեն Պապիկյանի հրամանի ձևակերպումը՝ «Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու հոգևոր կրթություն», ենթադրում է, որ Զինված Ուժերում առանձին հոգևոր ծառայության համակարգ են ստեղծելու, որտեղ ներգրավվելու համար պարտադիր չէ լինել «հոգևորական», բավարար է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու հոգևոր կրթություն ստացած լինելու հանգամանքը: Ասել է թե՝ նրանց մեջ կարող են լինել նաև ոչ հոգևորականներ, աղանդավորներ, նաև՝ կարգալույծ քահանաներ։ Այսինքն՝ կարևորը, որ չենթարկվեն Վեհափառ Հայրապետին:
Տեր Վրթանես քահանա Բաղալյանի և Տեր Մանուկ քահանա Զեյնալյանի հետ զրույցի հիմնական թեզերը՝ ստորև

Տեր Մանուկ.- Երկու տասնամյակ շարունակ Հայոց բանակի հոգևոր սպասավորությունն ուղղակի փայլել է։ Մենք բազմաթիվ գնդերեցներ ենք ունեցել, ովքեր եղել են բանակի սիրտը։ Ավետարանական պատգամ փոխանցող միակ միջոցը գնդերեցն է։ Գնդերեցը ոչ միայն հոգևոր կրթություն է տվել, այլև թև-թիկունք է եղել սպային ու զինվորին… Արցախում գնդերեցներն ամենաշատն էին ծառայում, որովհետև խնդիր էր դրված, որ ճակատային հատվածներում իրենք շատ լինեն։ Հոգևոր սպասավորությունն իսկապես հաջողվել է՝ մինչև 2018թ․-ի հեղափոխությունը։

Բանակում մենք իբրև խորհրդատու ենք եղել։ Իսկապես գնդերեցները հաջողել են։ Որ զորքի հետ գնդերեց է եղել, այդ զորքը պատերազմի ժամանակ ամենաքիչ զոհերն է տվել։ Էլ չեմ խոսում՝ որքան ինքնասպանություններ են կանխվել գնդերեցների կողմից…
Վեհափառ հայրապետն ամենօրյա ուշադրությամբ հետևել է գնդերեցների ծառայությանը, գիտեր՝ ով որտեղ ինչպես է ծառայում։ Ամենածանրը, դժոխքը սկսվեց պատերազմից հետո, երբ օրը 15-18 զինվոր էր հուղարկավորվում Եռաբլուրում…
Տեր Վրթանես.- Պատերազմի ժամանակ հասկացանք, որ ժողովրդի աջակցությունից բացի, բանակի ղեկավարությունն ապաշնորհ է։ Բարձրակետը եղավ, երբ բանակի հոգևոր սպասավորությունը լուծարվեց։ Եթե Սուրեն Պապիկյանը բանակից հասկանար, նման բան չէր անի։
Բոլոր գնդերեցների ուղղությամբ աշխատել են, որ վերջիններս միանան ուրացողների խմբին։ Եվ փոխանակ ուրախանան, որ կան գնդերեցներ, ովքեր հրամանատարության պահանջով չեն դավաճանում իրենց Վեհափառին, հավատքին ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, լուծարում են բանակի հոգևոր ծառայությունը։
Իրենք բանակի ներքին կյանքը չեն կարողանում կառավարել, բազմաթիվ խնդիրներ կան, որոնց մասին չենք բարձրաձայնում, որ չթիրախավորենք, բայց իրենք գնում են այս քայլին։
Բանակում չծառայած ղեկավարությունը եթե պատերազմի ժամանակ լիներ, տեսներ՝ դա ինչ արհավիրք է, այն միլիարդները, որ մսխում են պատգամավորների ու կառավարության անդամների, իրենց աշխատակազմերի պարգևավճարների վրա, կդնեին բանակը վերականգնելու վրա։
Տեր Մանուկ.– Սուրեն Պապիկյանի այդ հրամանից ես կարող եմ եզրակացնել, որ բանակ կարող են մտնել հերձվածողները կամ, ասենք, «Կյանքի խոսք» աղանդի սպասավորներն ու քարոզ անեն։ Օրինակ՝ կարող ենք Արման Սարոյանին տեսնել մի գնդում քարոզ անելիս…
Ես անձամբ գնդերեց եմ եղել, և բոլորս էլ անձամբ ենթարկվել ենք գնդի հրամանատարին։ Պատերազմի ժամանակ հրամանատարն ինչ հրաման տվել է զորքին, մենք էլ նույն հրամանը կատարել ենք։ Ի՞նչն է խնդիրը։ Միակ եզրահանգումս այն է, որ մեկ այլ կազմակերպություն հայտ է ներկայացրել բանակում ներգրավվելու։
Տեր Վրթանես.- Ես չեմ կարող բացառել, որ գնդերեցների ինստիտուտը վերացնելու պահանջն ադրբեջանական է, ինչպես պահանջեցին, և կատարվեց իրենց այն պահանջը, որ բանակում ծառայության ժամկետը կրճատեն։ Ադրբեջանի պահանջն էր, որ եկեղեցին դուրս գա բանակից, և այս իշխանություններն այդպես էլ արեցին…
Բանակի տեղը չէ քաղաքականությունը։ Բանակ գնում են և՛ իշխանավորների, և՛ ընդդիմադիրների երեխաները։
Իրենք ուզում են և՛ Մայր Աթոռում դրածո ունենալ, և՛ կամակատար գնդերեցներ ունենալ, այսինքն՝ լինել այն դատավորների նման, որոնք ապօրինի գործողություններ են կատարում Նիկոլի հանձնարարությամբ։
Բանակում եղողները տեսել են ու գիտեն գնդերեցների արժեքը։ Իշխանությունը չի՛ եղել ու չգիտի։
Հիշեցնենք, որ Իլհամ Ալիևը 2023թ. մարտին հայտարարեց. «Մեր բանակում չի եղել ոչ մի դասալիք։ Հայկական բանակում, վերջին տվյալներով, եղել է ոչ թե 10 հազար, այլ 11 հազար դասալիք»։ Ալիևից հետո Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, ապրիլի 1-ին Տավուշ կատարած այցի ընթացքում հայտարարեց, թե 11.000 դասալիք ենք ունեցել 44-օրյա պատերազմի ընթացքում՝ կամավոր, զինվորական և այլն: Աննա Հակոբյանին ու Ալիևին էր միացել նաև տխրահռչակ Արծրուն Հովհաննիսյանը:
Քննչական կոմիտեն, սակայն, 168.am-ի հարցմանն ի պատասխան՝ հերքել էր վերոնշյալ եռյակի հնչեցրած թիվը
Տեր Մանուկ.– Եթե թշնամին խոսի հայ զինվորի դասալիք լինելու մասին, նորմալ է, կհասկանամ՝ ինչու է անում։ Բայց կարծում եմ՝ իրենք շատ լավ գիտեին, որ հայ զինվորին իրենք զիջում են։ Հայ զինվորը երբեք չի պարտվել։ Ես ծառայել եմ մի գնդում, ուր և՛ սպաները, և՛ զինվորները կատարյալ պատրաստվածություն ունեին։ Ես մեկ դասալիք զինվոր չեմ տեսել։
Հետաքրքիր էր, որ պատերազմի ժամանակ տղաներն ավելի հզոր հավատք ձեռք բերեցին՝ օրինակ ունենալով իրենց գնդերեցներին։ Ավելի հավատացյալ հետ եկան։ Մինչ այսօր կապը պահում ենք։
Ցավում եմ․ փաստորեն երեկ փակվեց 2-րդ թեմը Սուրեն Պապիկյանի թեթև ձեռքով, Արցախից հետո՝ երկրորդը։ Հիմա 40-ից ավելի գնդերեցներ Վեհափառ Հայրապետի կողմից նոր նշանակում պիտի ստանան։
Տեր Վրթանես.- Նիկոլ Փաշինյանը մի քանի փաստաբան ունի՝ Արդարադատության նախարար, գլխավոր դատախազ և Մարդու իրավունքների պաշտպան, ովքեր կույր ու խուլ են եկեղեցու դեմ հարձակումների հետ կապված դեպքերով։ Սպասում են, որ Արման Սարոյանը (կարգալույծ եղած նախկին հոգևորական, Հայ Առաքելական եկեղեցու Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը) հայց գրի, դատարաններն էլ ամբողջ գիշեր աշխատեն, որ բավարարեն։ Տպավորություն է, որ Արման Սարոյանը Մասիսի միլպետն է։ Հանձնարարել է, անում են։
Ես տեսել եմ արցախցիների հերոսական պայքարն Արցախում՝ պատերազմի ժամանակ, և մեկ էլ տեսնում ես՝ նիկոլական ազդեցության տակ գտնվող մեկը գրում է՝ արցախցիները չեն կռվել, կամ ադրբեջանա-թուրքական ազդեցության տակ գտնվող մի ուրիշը ասում է՝ բա հոգևորականներն ո՞ւր էին, չէին կռվում… Չեն ասում, որ պատերազմի օրերին մի քահանան օրը երկու հուղարկավորություն էր անում, որ նահատակ զինվորի հուղարկավորությունը շուքով անի, կամ կռվում էին պատերազմի դաշտում։
Օրեր առաջ տեսանք՝ մարզադահլիճում մարզում են Ստեփան Ասատրյանին։ ՔՊ-ական կոկորդիլոսաբան Գարիկ Սարգսյանը լուսանկար էր հրապարակել։ Հետաքրքիր է՝ ո՞ւմ դեմ են նրան մարզում՝ տեր Մանուկի՞, ի՞մ, թե՞ Տեր Սարգսի։

Երկիրը օկուպացված՝ վարչապետը համերգ է կազմակերպում, առողջապահության նախարարն էլ պարում է… Ճիշտն ասած՝ ուզում էի մասնակցել այդ համերգին, բայց ճաշակս ու արժանապատվությունս թույլ չտվեցին։
Պաշտպանության հակաեկեղեցական նախարարը կիրակի օրերը պարապ է, Նիկոլ Փաշինյանի հետ օրը մի եկեղեցի է գնում։ Բանակաշինությունը ձախողած նախարարը կարող է մի վայրկյանում վերացնել 20 տարվա կառույցը։
Տեր Մանուկ.- Պատմության մեջ միշտ էլ այդպես է եղել։ Երբ եկեղեցու վրա հարձակում է լինում, եկեղեցին էլ ավելի ուժեղացած է դուրս գալիս։ Մենք մեր տեր ու փրկիչ Հիսուս Քրիստոսի ու ժողովրդի միջև միջնորդներն ենք։ Թեև շատ քիչ ենք, բայց հոգևոր դասն իր քաջությամբ ժողովրդին Ավետարանով ուղղորդում է դեպի հոգու փրկություն։ Պատմության ընթացքում միշտ էլ Եկեղեցին հալածանքների ներքո է եղել։ Անգամ աքսորներից չեն վերադարձել եկեղեցականները, խեղվել է հոգևորականների կյանքը։ Բայց Սուրբ Հոգին գործում է մեր մեջ, դրա համար ամուր ենք, որովհետև ամեն հալածանք մեզ ուժեղացնում է աղոթքով, ավելի միավորվելով։

Ուզում եմ բոլոր ծնողներին խնդրել․ծառայության ուղարկելուց առաջ մկրտեք ձեր զավակներին, ավելի շուտ մկրտեք, մի թողեք՝ առանց մկրտվելու հասնեն մարտի դաշտ…
Պատմությունից հիշեցնեմ Աշոտ արքեպիսկոպոս Շախյանի դեպքը (20-րդ դար), որին կարգալույծ էր հռչակել Տ․ Տ․ Գևորգ Ե Սուրենյանց կաթողիկոսը։ Վերջին պահին, երբ այդ Աշոտ եպիսկոպոսը, ով Գևորգ Ե Սուրենյանց Կաթողիկոսի դեմ արշավի առաջամարտիկն էր, արդեն մահվան մահճի մեջ էր, Վեհափառին նամակ էր գրել՝ խնդրելով վերականգնել եպիսկոպոսական աստիճանը, որ օծմամբ մեռնի։
Ի՞նչ անենք, նստենք ամեն օր պատմենք՝ 26 տարվա մեջ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդն ինչ աշխատանքնե՞ր է արել։ Կգա ժամանակը, բոլորը կիմանան։
Հիշեցնենք. 1920-ական թվականների սկիզբը Խորհրդային Միության կազմում նշանավորվեց հատկապես հակաեկեղեցական քաղաքականության բուռն ընթացքով: Այդ շրջանում զարգացան հակակրոնական կառույցները և սկսեցին մի քանի ուղղությամբ պայքար մղել կրոնի և եկեղեցու դեմ: Հիմնական նպատակն այն էր, որ եկեղեցու հեղինակությունը մեծ ազդեցություն կունենա ժողովրդի շրջանում, այդ իսկ պատճառով ամեն ինչ արվում էր, որպեսզի եկեղեցին կազմաքանդվի: 1924 թվականին Հայաստանում ձևավորվեց «Ազատ եկեղեցի» շարժումը: Հայաստանյան շարժման նպատակներն ու գաղափարները ևս նույնն էին. քանդել Հայ Առաքելական եկեղեցին, այսպես կոչված, եկեղեցական բարեփոխումների կեղծ գաղափարով պայմանավորված:
Տեր Վրթանես.- Տևական ժամանակ զրպարտության հիման վրա կալանավայրում է Վեհափառի եղբայրը, եղբոր որդին՝ նույնպես։ Քրոջ որդին՝ Մկրտիչ սրբազանը, նույնպես զրպարտությամբ է կալանավորվել՝ Ստեփան Ասատրյանի ու Արամայիս Թախմազյանի կամքով։ Ստեփան Ասատրյանի զրպարտություններին վաղուց եմ ծանոթ՝ սկսած այն ժամանակներից, երբ Բյուրականի եկեղեցու բակում առանց ՀԴՄ կոշիկ էր վաճառում ու հայհոյում Նիկոլին… Այդ ամենի վկաները կան…

Լկտի սուտ խոսեց մարդամեկը, երբ ասաց՝ Վեհափառ Հայրապետը КГБ գործակալ է՝ առանց հիմնավորելու։ Տեսավ՝ չի ստացվում, հիմա էլ եղբորը՝ Եզրաս սրբազանին մեղադրեց նույն բանում։
Հիմա էլ ասում են՝ գլանակը՝ իրեղեն ապացույցը, որի հիման վրա Արշակ սրբազանը կալանավորված է, կորել է Քննչական կոմիտեից։ Հուսանք՝ որևէ մեկիս գրպանից չեն գտնի։
Նիկոլ Փաշինյանը կարո՞ղ է փորձել նույն այն լկտի վերաբերմունքը, որը դրսևորում է Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ, դրսևորել այլ կրոնական կազմակերպության հանդեպ։ Գայլի մորթով գառի կերպարանքով է հանդես գալիս, միջամտում է մեր հոգևոր կյանքին։ Մենք այսօր Հովհաննավանք ուխտի չենք կարողանում գնալ։ Ոստիկանական ուժերով խոչընդոտում են մեր մուտքը։
Տեր Մանուկ.– Երկու ամսից ավելի է՝ չենք գնացել Հովհաննավանք, փորձ էլ չենք անում արդեն, որ սադրանքներ չկազմակերպեն։
Սպասելի էր, որ կփորձեն այնպես անել, որ խոչընդոտվի եպիսկոպոսների մասնակցությունն Ավստրիայում փետրվարի 16-19-ը տեղի ունենալիք Եպիսկոպոսաց ժողովին։ Այդպես էլ անում են։
Մենք՝ հոգևորականներս՝ Վեհափառ Հայրապետի գլխավորությամբ, ամեն ինչի պատրաստ ենք։ Թող անե՛ն։
Տեր Վրթանես.– Երեք միլիոն ժողովրդով ու մի ողջ իրավապահ համակարգով գերի ենք Նիկոլ Փաշինյանի ձեռքում։ Էդ մարդուն ո՞նց բացատրենք, որ ինքն իրավունք չունի միջամտել Եկեղեցու գործերին։ Ես ստենտավորված եմ, առավոտ-իրիկուն սրտիս դեղերը խմում եմ։ Դժվա՞ր է, որ ինքն էլ իր դեղերը խմի ու հոգեկան անհավասարակշիռ վիճակում որոշումներ չկայացնի…
Ես էլ երազանք ունեմ՝ ուզում եմ խելացի ու աստվածասեր վարչապետ ունենալ, որ չամաչեմ, երբ դրսում ներկայացնում է մեր երկիրը։ Թող նայի իր տված խոստումները։ Այնտեղ մի բան կա՞ գրված, որ ինքը գալիս է, որ եպիսկոպոս կալանավորի… իշխանության գալուց ժողովրդին խոստացել է, որ դիսկոտեկ պիտի կազմակերպի, ինքն էլ թմբուկ նվագի՞։
Ես ուզում եմ հասկանալ Ստեփան Ասատրյանի եկամտի աղբյուրները։ Ինքն Օհանավանի բնակիչներից գումար չի վերցնում, բայց 80 միլիոնանոց առանձնատուն է կառուցո՞ւմ… Ինչո՞վ… որտեղի՞ց այդ գումարները: Ու այնպիսի մեղք դեմքով է խոսում Վեհափառ Հայրապետի տրամադրած բնակարանն ազատելու մասին։ Ես համայնքային քահանա եմ, բյուրականցիներից տարբեր արարողությունների համար գումար վերցնում եմ, բայց չեմ կարողանում այդպիսի առանձնատուն կառուցել։
Տեր Մանուկ.- Եկեղեցականներս միշտ փորձում ենք մնալ մեր հոգևոր օրենքի ու Սահմանադրությամբ ամրագրված օրենքի շրջանակներում։ Ցավալիորեն էս բաժանությունը ոչ մի լավ տեղ չի տանելու։ Մեկ-մեկ զարմանում եմ՝ համայնքապետը, մարզպետը, մինչև ամենաբարձր պաշտոնյա, ըստ Աստվածաշնչի, պետք է միտված լինեն համերաշխություն ու իմաստնություն ժողովրդի մեջ սերմանելու, բայց ցավալիորեն 2018թ. հեղափոխությունից մինչ այսօր միայն տեսել ենք բաժանություն բոլոր ասպարեզների մեջ։ Բաժանի՛ր, որ տիրես։ Մի անդաստան կա, որտեղ դեռ չեն հաջողում։ Դա եկեղեցին է, և երբեք իրենց չի էլ հաջողվելու, որ եկեղեցին բաժանեն։ Աստված ու ժամանակը դավաճանների դատը կտան։

Ժողովուրդը հստակ տեսնում է, որ սա անձերի խնդիր չէ, հարձակումները Եկեղեցու դեմ են։ Սրանք ի՞նչ են, որ եկեղեցին չտանի։ Ավելի ծանր հալածանքներ են լինելու։ Բայց ժողովրդի մեծամասնությունը դեմ է այս ամենին։
Մկրտիչ սրբազանը 50 տարեկան եպիսկոպոս է, արդեն 25 տարվա հոգևորական։ Միայն էս Հայրենիքին ու ժողովրդին է ծառայել անշահախնդիր կերպով։ Տարել եք դատարան, դիմացն էլ նստեցրել երկու անօրենների, ովքեր ամաչում էլ էին նայել նրա երեսին։ Բա ամոթ չէ՞։
Տեր Վրթանես.– Ստեփան Ասատրյանն ու Արամայիս Թախմազյանը բացառիկ քծնող են եղել, հիմա էլ կատարյալ զրպարտիչ են։ Բա ամոթ չէ՞ նրանց ցուցմունքով թեմի առաջնորդ կալանավորելը։
Մեր եկեղեցում Նիկոլ Փաշինյանի պատկերացրած բռնի միջոցները, որ ինքը կիրառում է կառավարության անդամներից սկսած՝ մինչև դատավորներ, չկան։

Տեր Մանուկ.- Սիրելի ժողովուրդ, թև ու թիկունք եղեք ձեր հոգևորականներին, լցրեք եկեղեցիները։ Ժողովուրդ, համախմբվեք մեր եկեղեցու շուրջ։
Ապշել կարելի է՝ մարդը հասնի եպիսկոպոսի աստիճանի ու գնա դավաճանությա՞ն։ Սա երբեք չի ներվելու։ Դավաճանի կնիքը դեմքներին՝ գնալու են մինչև գերեզման։

