Միքելանջելոյի՝ Սիքստինյան կապելայի առաստաղի որմնանկարի էսքիզն աճուրդում վաճառվել է ռեկորդային գնով
Միքելանջելոյի նախկինում անհայտ նկարը Christie’s աճուրդում վաճառվել է իր մեկնարկային գնից քսան անգամ ավելի բարձր գնով՝ 27,2 միլիոն դոլարով՝ սահմանելով նկարչի համար աճուրդի նոր ռեկորդ: Այս մասին հաղորդում է աճուրդի տան մամուլի ծառայությունը։
Աճուրդում Միքելանջելոյի նկարի վաճառքի նախորդ ռեկորդը սահմանվել է 2022 թվականին՝ կազմելով 24,3 միլիոն դոլար։
Christie’s-ի տվյալներով՝ նկարի սեփականատերը նախնական գնահատման համար առցանց հարթակի միջոցով ներկայացրել է նկարը։ Աճուրդի տան մասնագետն աշխատանքը նույնականացրել է որպես Վատիկանի Սիքստինյան կապելլայի առաստաղի որմնանկարի գլխավոր դեմքերից մեկի՝ Լիբիական սիբիլլայի աջ ոտքի էսքիզ։
Կարմիր կավիճով նկարված էսքիզը թվագրվում է 1511-1512 թվականներին, երբ Միքելանջելոն աշխատում էր առաստաղի երկրորդ մասի վրա։
Christie’s-ը նշում է, որ այս նկարը Սիքստինյան կապելլայի որմնանկարների համար նախկինում չփաստաթղթավորված միակ էսքիզն է, որը երբևէ ներկայացվել է աճուրդի, և Միքելանջելոյի մոտ 10 նկարներից մեկը, որոնք գտնվում են մասնավոր ձեռքերում։
Միքելանջելոյի էսքիզը մաս էր կազմում Christie’s-ի «Հին վարպետների նկարներ և բրիտանական նկարներ» աճուրդի, որը ներառում էր նաև Ռեմբրանդտի, Տիցիանի և Ուիլյամ Բլեյքի աշխատանքները։
