Ո՞վ է «բոլորին դեմ եմ» մոդելի շահառուն

Հայաստանում հունիսի 7-ին նշանակված խորհրդարանական ընտրությունները սկզբնապես ընկալվում էին՝ որպես դասական մրցակցություն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և բազմաբևեռ ու գաղափարապես տարաբնույթ ընդդիմության միջև։ Ընդդիմադիր դաշտը կներկայացնեն՝ ինչպես նախկին նախագահների հետ կապված (ՀԱԿ, ՀՀԿ) կամ ասոցացվող (ՀՅԴ) կուսակցությունները, այնպես էլ՝ վերախմբավորվող կամ համեմատաբար նոր նախաձեռնությունները, որոնց միավորում է մեկ հիմնական նպատակ՝ վերջ դնել ՔՊ-ի ավելի քան 8 տարի ձգվող մենիշխանությանը։

Այս հարաբերականորեն ընկալելի դասավորությունը խախտում է «Բոլորին դեմ եմ» քաղաքական շարժումը (ԲԴ)։ Դիմելով շախմատային փոխաբերությանը, կարող ենք ասել, որ խաղալու ենք Ֆիշերի շախմատ, որտեղ խախտված է ֆիգուրների մեկնարկային դիրքը ու այդ պատճառով չափազանց դժվարացած է խաղացողների գործը։ ԲԴ-ն ցանկանում է ընտրություններին մասնակցել ոչ որպես հերթական քաղաքական ուժ, այլ որպես բոլոր քաղաքական ուժերի բացասում՝ միաժամանակ հավակնելով ձևավորել 100-օրյա կառավարություն, փոխել ընտրական օրենսդրությունը՝ չեղարկելով կայուն մեծամասնության սկզբունքը, նվազեցնելով ընտրական շեմը (մինչև 1%) և քվեաթերթիկում ամրագրել «բոլորին դեմ եմ» տող։

Առաջին հայացքից սա կարող է ընկալվել՝ որպես հասարակական խոր դժգոհությունն ինստիտուցիոնալացնելու փորձ։ Սակայն ավելի խորքային դիտարկումը բացահայտում է հիմնարար հակասություն։ «Բոլորին դեմ եմ» կարգախոսով հանդես եկող շարժումն ընտրողին իրականում առաջարկում է քվեարկել ոչ թե «բոլորին դեմ», այլ հե՛նց իր օգտին։ Այլ կերպ ասած՝ ժխտողական լեզուն օգտագործվում է՝ որպես ինքնահաստատման միջոց։ Ստացվում է պարադոքս-բանաձև․ «բոլորին դեմ եմ, բացի ինձնից»։

Համաշխարհային ընտրական պրակտիկայում կա ԲԴ-ին արտաքուստ նման, բայց էությամբ բոլորովին այլ կարգ։ 2013-ից սկսած Հնդկաստանի համապետական և նահանգային բոլոր ընտրություններում ընտրողը կարող է քվեարկել հօգուտ NOTA-ի։ Դա քաղաքական շարժում կամ կուսակցություն չէ, այլ քվեարկության տարբերակ։ Ընտրողը քվեաթերթիկում կամ էլեկտրոնային սարքում կարող է նշել «Վերոնշյալներից ոչ մեկը» («None of the Above») տողը՝ ցույց տալու համար, որ չի աջակցում ներկայացված թեկնածուներից կամ կուսակցություններից ոչ մեկին։ 2014թ․ խորհրդարանական ընտրություններում NOTA-ն ստացել է 1.1%-ը, 2019-ին՝ 1.0%, մի շարք նահանգներում՝ մինչև 3% քվե։ Սակայն NOTA-ն չի առաջադրում թեկնածուներ, չի ստանում մանդատներ, չի ազդում ընտրությունների արդյունքների իրավական վավերության վրա, չի կազմում կառավարություն։ Այն յուրատեսակ «սև արկղ» է՝ ցույց տալու, որ ընտրողների որոշակի մաս մերժում է առաջարկվող ընտրությունը։ Հնդկաստանում «բոլորին դեմ»-ն ինստիտուցիոնալ բողոք է, իսկ Հայաստանում փորձ է արվում «բոլորին դեմ»-ը դարձնել իշխանության ձևավորման սուբյեկտ։ Հնդկաստանում դժգոհելու իրավունքը սահմանազատված է իշխանության լեգիտիմացումից։

Կարդացեք նաև

«Բոլորին դեմ» (կամ դատարկ) քվեաթերթիկը Կոլումբիայում 2014թ․ նախագահական ընտրությունների 2-րդ փուլում ստացել է շուրջ 6% ձայն։ Պերուում 2000-ականների սկզբին դատարկ և անվավեր քվեների բաժինը երբեմն հասել է 15%-ի։ Արգենտինայում 2001թ. քաղաքական ճգնաժամի օրերին լայն արձագանք ստացած «Բոլորդ հեռացեք» (Que se vayan todos) կարգախոսը վերածվեց զանգվածային «դատարկ» քվեարկության, սակայն քաղաքական համակարգը կազդուրվեց դասական կուսակցական մեխանիզմների միջոցով։ Թվարկված դեպքերում «բոլորին դեմ» դիրքավորումը չվերածվեց քաղաքական նախագծի, այլ մնաց զուտ որպես համակարգային ճգնաժամի ախտանշան։

Ռուսաստանում «բոլորին դեմ» (Против всех) տողը (տարբերակը) մի շարք տեղական ընտրություններում հավաքում է 5-10%, միամանդատ ընտրություններում երբեմն հաղթում որոշ թեկնածուների, սակայն 2006 թվականին վերացվեց՝  գնահատվելով որպես քաղաքական անկայունության աղբյուր։ Հիմա վերականգնվել է տեղական մակարդակում, բայց առանց իշխանության ձևավորման վրա իրական ազդեցության։ Ռուսական փորձը հուշում է․ անգամ ավտորիտար համակարգերը զգուշանում են «բոլորի դեմ» քվեի ինստիտուցիոնալ ուժեղացումից։

Այս օրինակների համապատկերում հայկական ԲԴ-ն առանձնանում է մեկ առանցքային տարբերությամբ․ այն փորձում է հանդես գալ միաժամանակ և՛ բողոքի ձև, և՛ իշխանության ձևավորման մեխանիզմ։ Այս հանգամանքը դրդում է ինձ առաջադրելու վարկած, ըստ որի՝ ինչ-որ իրավիճակում ԲԴ-ն կարող է և՛ ՔՊ-ին, և՛ որևէ ընդդիմադիր ուժի օբյեկտիվորեն ձեռնտու նախագիծ լինել։

ԲԴ-ի ասպարեզ գալու գործում ՔՊ-ի մեղսակցության վարկածին եմ հակվում այն պատճառով, որ ընտրողների դժգոհությունը խաղարկելու (մանիպուլացնելու) վրա հիմնված նախաձեռնություններն առհասարակ ծառայում են այդ ձայները փոշիացնելու նպատակին։ Երբ իշխանությանը քննադատող ընտրողները ձայն են տալիս ոչ թե ընդդիմադիրներին, այլ քվեարկում են հօգուտ դժգոհ, ծրագրային առումով անորոշ նախաձեռնության, ապա շատ ձայներ «փախնելու» դեպքում արդյունքը կարող է լինել գործող իշխանության հարաբերական առավելության ապահովումը՝ նույնիսկ նվազած հանրային աջակցության պարագայում:

Ինչ վերաբերում է ընդդիմության «մեղսակցության» վարկածին, ապա ենթադրում եմ՝ եթե ընդդիմադիր մի ուժ ունի կայուն, բայց մեծամասնություն ձևավորելու համար ոչ բավարար ընտրազանգված, ապա ԲԴ-ն կարող է նրա համար գործել որպես քամոց՝ կլանելով գաղափարապես չկողմնորոշված դժգոհ ընտրողին և դրանով իսկ թուլացնելով ընդդիմադիր դաշտում իր մրցակիցներին և հարաբերական առավելության հույսեր արթնացնել։ Այսպիսի սցենարում ԲԴ-ն դառնում է ընդդիմության ներսում ուժերի վերաբաշխման գործիք։

Անկախ նրանից, թե վերջնարդյունքում ո՞վ է «բոլորին դեմ եմ» մոդելի շահառուն, այն պարունակում է համակարգային ռիսկեր, քանի որ 100-օրյա կառավարությունը չունի հստակ լեգիտիմացման աղբյուր, կայուն մեծամասնության չեղարկումը կարող է հանգեցնել կառավարության քրոնիկ ճգնաժամի, իսկ ընտրական շեմի կտրուկ իջեցումը՝ խորհրդարանի բզկտման։

ԲԴ-ն գուցե արժանի է ուշադրության այն առումով, որ թարմություն կհաղորդի տարտամ ընտրապայքարին։ Բայց դա քիչ է։ Նաև ակներև է, որ քվեարկողին կտա դժկամ քաղաքացու պատյանում պատսպարվելու միջոց։ Մինչդեռ պետք է վճռորոշ լինի գիտակից քաղաքացու ձայնը, որն ունակ է պատասխան պահանջելու 8 տարի իշխող ՔՊ-ից՝ երկրի անվտանգությունն ու պաշտպանունակությունը թուլացնելու, մարդկային իրավունքները ոտնահարելու, արդարադատության իրականացմանը, եկեղեցու ներքին կյանքին միջամտելու, նախընտրական խոստումները դրժելու, իշխանությունը չարաշահելու  համար։

ԱՐԱ ՍԱՀԱԿՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս