Թվային կոնցլագերի վերածվող Հայաստանի պարագայում կասկածից վեր է, որ էլեկտրոնային սարքերի միջոցով իրականացվում է ապօրինի գաղտնալսում. Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է լուսանկար՝ կից գրառմամբ. «Հայաստանում մոլեգնող բռնաճնշումների պերիոդիկ փուլայնության տրամաբանության մեջ տնային կալանքը օգտագործվում է որպես որոշ ապօրինի գործերով գոլորշին մասնակի թողնելու միջոց։

Օրինակ, վերջին օրերին, երբ տնային կալանքի ռեժիմի են տեղափոխվել մի շարք քաղբանտարկյալներ, այդ թվում՝ այսօր Միքայել սրբազանը։

Հիշեցնում եմ նաեւ անձնական փորձից. տնային կալանքը ոչ միայն անազատություն է, այլեւ նույն Քր. օրենսգրքով իր ժամկետով հավասարեցված է բանտային կալանքին։

Տնային կալանքի ընթացքում կալանավորի ոտքին կամ ձեռքին է փակցվում էլեկտրոնային բրասլետ, իսկ տանը տեղադրվում է համապատասխան «մայր-սարքը»։

Եւ թվային կոնցլագերի վերածվող Հայաստանի պարագայում կասկածից վեր է, որ այդ սարքերի միջոցով իրականացվում է ապօրինի գաղտնալսում։

Այդ գաղտնալսման վտանգի մասին քանիցս բարձրաձայնել եմ իմ դատական նիստերի ընթացքում՝ պահանջելով սարքերի անկախ փորձաքննություն, սակայն ապարդյուն. ոչ մի պատկան մարմին այդպես էլ չարձագանքեց իմ օրինական եւ հիմնավորված պահանջին։

Իմ անձնական կյանքի անձեռնմխելիության, քաղաքական գործունեության ազատության եւ փաստաբանական գաղտնիքի ապահովման գերակայությունից դրդված՝ ստիպված դիմում էի մի լայֆ-հակի՝ բրասլետն անհրաժեշտության դեպքում տեղադրելով ջրով լցված դույլի մեջ եւ ապավինելով ջրի՝ վատ ձայնահաղորդիչ լինելու հատկությանը։

Կիսվում եմ այս լայֆ-հակով՝ խնդրելով պայքարի իմ բոլոր ընկերներին, որ գտնվում են տնային կալանքի ռեժիմում, զգոն լինել։

Ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին»։

Տեսանյութեր

Լրահոս