14.5 միլիարդ դոլարի ռեկորդային պարտքը. ինչո՞ւ է իշխանությունը լռում պետական բյուջեի վրա դրված ահռելի բեռի մասին

Հայաստանի այսօրվա կառավարիչները կարճ ժամանակում  ֆինանսական ահռելի բեռ են դրել պետության ու սերունդների վրա։ Վաղուց նորություն չէ, որ տարեկան 1 միլիարդից պակաս պարտք չեն ավելացնում։ Բայց այն, ինչ տեղի ունեցավ անցած տարի, վեր է ամեն ինչից։ Մեկ տարում կառավարության պարտքը 1.7 մլրդ դոլարով ավելացրեցին։ Ընտրությունների նախօրյակին սա ևս մեկ հնարավորություն է՝ պարտքերի հաշվին ընտրողներին ավելի շատ կաշառելու համար։

Սպասվող ընտրություններից առաջ դեռ շատ առիթներ կլինեն խոսելու կառավարության ու քաղաքական իշխանության նախորդ 5 տարիների գործունեության մասին, մինչ այդ՝ ներկայացնենք այն ռեկորդային «ձեռքբերումները», որին հասել են պետական պարտքի կուտակման առումով։

2021-2025թթ. ընթացքում 6 մլրդ 563 մլն դոլարով ավելացրել են պետական պարտքը։ 7.9 մլրդ դոլար էր, ընդամենը 5 տարում հասցրել են 14.5 միլիարդի։

Սա նշանակում է, որ 5 տարում պարտքը գրեթե 82 տոկոսով ավելացրել են։

Կարդացեք նաև

Հայաստանում երբևէ նման ժամանակահատված չի եղել, որ պարտքը նույնիսկ դրան մոտ տեմպերով աճի։ Անվանական արտահայտությամբ աճի մասին նույնիսկ անիմաստ է խոսելը։ Ժամանակին տարիների ընթացքում էր պարտքը 1 մլրդ դոլարով ավելանում, վերջին տարիներին ավելացել է միջին տարեկան 1.3 միլիարդով։

Անցած 5 տարվա գործունեության ընթացքում այս իշխանություններն այնքան պարտքեր են վերցրել, որքան չէին վերցվել նախորդ 3 նախագահների կառավարման տարիներին միասին։ Գրեթե չի եղել տարի, որ պարտքը 1 մլրդ դոլարից  պակաս ավելացնեն։ 2021թ. կառավարության պարտքն ավելացել է 1.257 միլիարդով, 2022թ.՝ 1.412 միլիարդով, 2023թ.՝ 1.208 միլիարդով, 2024թ.՝ գրեթե 1 մլրդ դոլարով, իսկ անցած տարի բացարձակ ռեկորդ գրանցեցին՝ պարտքն ավելացրին 1.7 միլիարդով, ավելի շատ, քան նախատեսել էին։ Նախատեսել էին, որ տարեվերջին կառավարության պարտքը կկազմի 13.9 մլրդ դոլար, բայց կազմեց գրեթե 14.1 միլիարդ։

Պարտքի ցուցանիշն է, որը ոչ միայն կատարեցին, այլև գերակատարեցին։

Այս պարտքերի հույսով էին ժամանակին ասում, թե Հայաստանում փողի խնդիր չկա։ Եվ ինչո՞ւ պիտի լինի, եթե կարող են 1 տարում 1.7 մլրդ դոլարով պարտք ավելացնել պետական բյուջեի վրա։ Բյուջեի փողերով իրենց բարձր աշխատավարձեր են նշանակել, պարգևատրում են՝ ինչքան ուզում են, բայց միլիարդների պարտքեր են վերցնում ու թողնում սերունդների վրա։ Այս պարտքերը, որոնք վերցրել են, դրանց մարման ժամանակը դեռ տարիներ հետո է գալու։ Այսօր իրենք ցոփ ու շռայլ ծախսում են այդ գումարները, լավ իմանալով, որ վաղն իրենք չեն լինելու վերադարձնողները։

Ցանկացած իշխանության համար Հայաստանի այսօրվա կառավարիչների թողած այս հսկայական պարտքերը սպասարկելն ու փակելը ծանր բեռ է լինելու։ Քաղաքացիների բերանից են կտրելու ու վճարեն պարտքերը։ Բայց դա այսօրվա կառավարիչներին քիչ է մտահոգում։ Դրա համար էլ կարող են իրենց թույլ տալ 1 տարում կառավարության պարտքը 1.7 մլրդ դոլարով ավելացնել։

Կառավարության պարտքի աճն անցած տարի գերազանցեց 13.7 տոկոսը։ Քանի՞ այսպիսի ոլորտ գիտեք, որտեղ նման բարձր աճեր են գրանցել։

Անցած տարի շուրջ 596 մլն դոլարով ավելացրել են՝ արտաքին, 1.1 միլիարդով էլ՝ ներքին պարտքը։ Կառավարության ներքին պարտքն արդեն գրեթե 1 միլիարդով անցել է արտաքինից։ Հինգ տարում ներքին պարտքի տեսակարար կշիռը 25-ից հասցրել են 53 տոկոսի։

Վերջին տվյալներով, այն մոտեցել է 7.5 մլրդ դոլարի։ Նախկինում ընդամենը 1.9 միլիարդ էր։ Փոխել են պարտքի ռազմավարությունն ու ներքին պարտքն այսպիսի մեծ քայլերով ավելացրել, որպեսզի կարողանան այդ գումարներն իրենց ուզածի պես, որտեղ ուզենան ու ինչպես ուզենան, ծախսել։

Արտաքին պարտքերը միշտ չէ, որ նման հնարավորություն տալիս են։ Դրա համար էլ նախապատվությունը տվել են ներքին պարտքերին ու ուզածին չափ ներքին պարտք են վերցրել, չնայած դրա չափազանց թանկ լինելուն։

Անցած տարի կառավարությունը ոչ միայն նախատեսվածից ավելի շատ է պարտք վերցրել, այլև չի կատարել նախանշած պարտքի ուղենշային ցուցանիշները։ Նախատեսել էին պարտքի միջին ժամկետայնությունը դարձնել 7.6 տարի, անցած տարվա վերջին եղել է 6.9 տարի։ Ավելի ցածր, քան նույնիսկ սահմանված նվազագույն ժամկետայնությունն է։ Սահմանված նվազագույն ժամկետը 7 տարի է, այնինչ՝ հիմա 7-ից ցածր է։

Այս ցուցանիշով պարտքի «կարմիր լույսն» արդեն վաղուց վառվում է։ Տևական ժամանակ է, չեն կարողանում վերադարձնել սահմանված անգամ նվազագույն ժամկետի մեջ ու դեռ պարտքի արդյունավետ կառավարումից են խոսում։

Առաջիկա 3 տարվա ընթացքում պարտքի մարման տեսակարար կշիռը նախատեսել էին իջեցնել 24.8 տոկոսի, անցած տարվա վերջին կազմել է 27 տոկոս։

Այսպես ձախողել են պարտքի բարելավման բազմաթիվ ցուցանիշներ։ Ու դա բոլորովին էլ զարմանալի չէ, եթե հաշվի առնենք, թե ինչ տեմպերով են ավելացնում պարտքերը։

Վերջին 5 տարիներին պարտքի գնահատման բազմաթիվ ցուցանիշներ ուղղակի գահավիժել են։

Պարտքի միջին տոկոսադրույքը 5 տարի առաջ կամ 2021թ. սկզբին ընդամենը 4.3 տոկոս էր։ Անցած տարվա վերջին կազմել է 7.2 տոկոս։ Պարտքը 5 տարում 67 տոկոսով թանկացրել են։ Պարտքի գինը 2021-2025թթ. ավելացել է 2.9 տոկոսային կետով, ինչն ահռելի ծանրաբեռնվածություն է պարտքի մարման համար։ Պատկերացրեք՝ ինչքան թանկ փողեր են վերցրել, որ պարտքի գինը 4.3-ից հասել է 7.2 տոկոսի։

2021թ. սկզբին պարտքի միջին կշռված ժամկետը 8.7 տարի էր, հիմա 6.9 է։ Որքան ժամկետայնությունը կարճ է, այնքան պարտքի մարումներն ավելի ծանր են։

Ժամկետայնությունը կրճատվել է՝ ավելի կարճաժամկետ պարտքեր ներգրավելու հետևանքով։

Հինգ տարի առաջ 1 տարվա ընթացքում մարման ենթակա պարտքի կշիռը 5.8 տոկոս էր, հիմա հասցրել են 10.6 տոկոսի։ Դրա համար էլ տարեկան արդեն 3 միլիարդ դոլարից ավելի գումար է պետք՝ պարտքն ամբողջությամբ սպասարկելու ու տոկոսները վճարելու համար։ Ու քանի որ այդքան գումար չկա բյուջեում և՛ նախատեսվող ծախսերը կատարելու, և՛ պարտքերը փակելու համար, տարեկան միլիարդների նոր պարտքեր են վերցնում, որպեսզի եղածները սպասարկեն։ Թե սա ո՞ւր է տանում երկիրը՝ հանճարեղ ֆինանսիստ կամ տնտեսագետ պետք չէ լինել՝ հասկանալու համար։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս