Ով որքանով է ճիշտ գնդերեցների շուրջ բորբոքված վիճահարույց պատմության մեջ
Հունվարի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը տարածել է հրաման՝ թվագրված 2026թ. հուլիսի 29-ին, որով ուժը կորցրած է համարվում 2000թ. հուլիսի ՀՀ պաշտպանության նախարարի N 728 հրամանը, որի համաձայն՝ գործողության մեջ պետք է դրվեր «ՀՀ զինված ուժերում Հայաստանյայց Առաքելական եկեղեցու հոգևոր ծառայության կանոնադրությունը»։
Սուրեն Պապիկյանի հրամանում, մասնավորապես, նշվում է. «2026 թվականի փետրվարի 1-ից դադարեցնել ՀՀ ԶՈւ Հոգևոր ծառայության առաջնորդի և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կողմից նշանակված հոգևոր ծառայողների գործունեությունը ՀՀ պաշտպանական համակարգում»:
Այնուհետ ԳՇ պետին հանձնարարվում է մինչև սույն հրամանի ուժի մեջ մտնելը շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչված և ՀՀ զինված ուժերում ավագ գնդերեցի կամ գնդերեցի զինվորական պաշտոնի նշանակված անձանց կողմից հոգևոր ծառայության իրականացումը՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ բարոյահոգեբանական ապահովման վարչության ընդհանուր համակարգմամբ և ծառայության վայրի զորամասի հրամանատարի անմիջական ենթակայությամբ:
Բացի այս, խոսվում է ՀՀ զինված ուժերում հոգևոր ծառայություն իրականացնելու գործառույթներով ավագ սպայական «մայոր» և կրտսեր սպայական «կապիտան» կոչումային դասակարգմամբ համապատասխանաբար ավագ գնդերեցի և գնդերեցի ոչ հրամանատարական պաշտոններ ստեղծելու մասին, որի դեպքում պարտադիր պայման է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր կրթություն ստացած լինելու հանգամանքը:
Պաշտպանության նախարարի այս հրամանից հետո որոշ մասնագետներ և փորձագիտական շրջանակներ սկսեցին պնդել, թե Սուրեն Պապիկյանը խախտել է հիշատակված՝ 2000 թվականի Կանոնադրության այն կետը, որը սահմանում է՝ ՀՀ զինված ուժերում Հոգևոր ծառայության լուծարումը պետք է տեղի ունենա Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնագրով և ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով:
Իսկ Պաշտպանության նախարարությունը հետագայում մանևրելու տեղ էր թողել։ 168.am-ը՝ «Պապիկյանի ընտրած սխալ մարտավարությունն ու ժամանակը. Հոգևոր ծառայությո՞ւնն է հանվել, թե՞ ոչ ձեռնտու հոգևորականների գործունեությունն է դադարեցվել» վերտառությամբ իր հոդվածում գրել է՝ ոչ ձեռնտու գնդերեցներից ազատվելու, առհասարակ, գնդերեցներին ՊՆ հսկողության տակ վերցնելու մտադրության մասին, ուշադրություն հրավիրելով փաստի վրա, որ 2000 թվականի սեպտեմբերին հաստաստված Կանոնադրությամբ՝ «հոգևոր սպասավորների թույլ տված խախտումները սահմանվում են՝ համաձայն ՀԱԵ-ի կանոնադրության», այսինքն, ԶՈւ համապատասխան կանոնագիրքը չէր տարածվում նրանց վրա, թեև բանակային կորպուսների և զորամասերի հոգևոր սպասավորները հաշվետու են եղել Հոգևոր ծառայության առաջնորդին և բանակային կորպուսների և զորամասերի հրամանատարներին: Իսկ Հոգևոր ծառայության առաջնորդն էլ հաշվետու է եղել Ամենայն Հայոց Կաթողիկոսին, ՀՀ պաշտպանության նախարարին և նրա դաստիարակչական գծով տեղակալին:
Եվ հենց նշվածը նկատի ունենալով է, որ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 6-ին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց, որ իր գործողություններն օրինաչափ են, փորձել են ընդամենը փոխել բանակում հոգևոր ծառայության բնույթը և վերացնել երկակի ենթակայությունը, իսկ ովքեր իր հրամանում խախտումներ են տեսնում, կարող են դիմել դատարան:
«Այն շահարկումները, որ հոգևոր ծառայությունը բանակում դադարեցվել է, ճիշտ չեն։ Բանակում կարող է շարունակվել հոգևոր ծառայությունը, պարզապես նրանք պետք է ենթարկվեն ԶՈՒ բարոյահոգեբանական գծով վարչությանը»,- ընդգծեց Պապիկյանը՝ հավելելով, որ կարող են պայմանագիր կնքել ՀՀ-ում ՀԱԵ-ի հոգևոր կրթություն ստացած սպասավորների հետ, որպեսզի նրանք ծառայեն և կատարեն իրենց առաքելությունն այնպես, ինչպես նկարագրված է իր հրամանում՝ զինվորական պաշտոնների նշանակմամբ և սպայական «մայոր» և «կապիտան» կոչումային դասակարգմամբ:
Արդյոք հնարավո՞ր է ակնկալել, որ այս դեպքում գնդերեցների հնարավոր խախտումների լինել-չլինելու ճիշտ գնահատում կլինի, և նրանք կաշկանդված չեն լինի արձանագրել իրենց զինվորական վերադասի պաշտոնական դիրքի չարաշահումները:
Պարզ է, որ զինվորականները քաղաքական չեզոքություն պիտի պահպանեն, թեպետ այն վաղուց խախտվել է։ Այլ հարց է՝ որքանո՞վ է սա խոստովանում ՀՀ պաշտպանության և ԳՇ ղեկավարությունը:
Ի դեպ, հունվարի 13-ին հրավիրված ասուլիսի ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը լրագրողի հարցին ի պատասխան՝ նշել էր, որ ինքը Նիկոլ Փաշինյանի հրավիրած ուխտերթին մասնակցել է՝ որպես ՔՊ վարչության անդամ, ՀՀ պաշտպանության նախարար և ՀՀ քաղաքացի, հետո շարունակել, թե ինքը զինվորական չէ, ուսադիրներ չի կրում: Այսինքն, առնվազն ենթագիտակցորեն կա ընկալում, որ զինվորականի մասնակցությունը կրոնաքաղաքական միջոցառմանը ճիշտ չէ, թեպետ ուխտերթին մասնակցում էին ՊՆ ղեկավարներ՝ զինվորական և ուսադիրներ կրող:
Այս համատեքստում վերադառնանք գնդերեցներին ճնշել-չճնշելու վերաբերյալ վերջին շրջանում օրակարգային դարձած թեմային:
Լրագրողների հետ ճեպազրույցում Սուրեն Պապիկյանը հերքեց, թե գումարի դիմաց գնդերեցներին առաջարկվել է միանալ Նիկոլ Փաշինյանի՝ Եկեղեցին «բարենորոգելու» օրակարգին՝ ասելով. «Սուտ է, նման բան չկա»:
Նշենք, որ Պաշտպանության նախարարի խոսնակը ևս թռուցիկ հերքել էր, թե ՊՆ ղեկավար անձանցից ճնշում են գործադրել գնդերեցների վրա և առաջարկել դեմ գնալ Վեհափառին:
Այնուամենայնիվ, հետաքրքիր է՝ Պաշտպանության նախարարությունում հրավիրվե՞լ է խորհրդակցություն, ե՞րբ է այն հրավիրվել, ովքե՞ր են եղել ներկա հոգևոր ծառայությունից և ովքե՞ր՝ ՊՆ և ԳՇ ղեկավար կազմից, ինչի՞ համար է այն հրավիրվել, ի՞նչ է քննարկվել:
Եթե իրապես նման խորհրդակցություն հրավիրվել է, արդյո՞ք դրան, ըստ գնդերեցների՝ ներկա ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը, ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը, ԶՈՒ ԳՇ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ Սերյոժա Ստեփանյանը, 2024 թվականին նշանակված Զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ Արտակ Բուդաղյանը կարո՞ղ են նրանց ներկայությամբ պնդել, որ փորձ չի արվել ստուգել գնդերեցների վերաբերմունքը Նիկոլ Փաշինյանի՝ Եկեղեցին «բարենորոգելու» կրոնաքաղաքական շարժման վերաբերյալ:
Ի դեպ, նույնն էլ գնդերեցներին է վերաբերում՝ կարո՞ղ են նրանք իրենց հայտարարություններն անել ՊՆ և ԳՇ այն ղեկավարների ներկայությամբ, որոնց անունները հնչեցնում են։
Հավելենք, որ, ըստ տարածվող տեղեկությունների, վերը նշված գործողություններում բավականին ակտիվ է եղել նաև ՀՀ ԶՈՒ Հատուկ բանակային կորպուսի հրամանատար Արմեն Գյոզալյանը, Հատուկ նշանակության ուժերի հրամանատար Լևոն Դավիդյանը, վերջինի դեպքում հատկապես անընդունելի է, ելնելով այս ուժերի ծառայողական սպեցիֆիկայից:
Հիշեցնենք, որ 2021 թվականի փետրվարի 25-ին այն ժամանակ ԶՈՒ ԳՇ Օպերատիվ գլխավոր վարչության օպերատիվ վարչության պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը, ԶՈՒ ԳՇ Հետախուզության գլխավոր վարչության տեղեկատվական վերլուծական վարչության պետ-գլխավոր վարչության պետի տեղակալ, գնդապետ Լևոն Դավիդյանը, 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Արտակ Բուդաղյանը ստորագրել են ԳՇ հայտնի հայտարարության տակ, որով պահանջվում էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:
Ի դեպ, քանի որ հոդվածի թեման «բանակում հոգևոր ծառայության բնույթի փոփոխությունն» է, հարց է առաջանում նաև՝ արդյո՞ք Սուրեն Պապիկյանի պաշտոնավարման ժամանակ և դրանից առաջ ինչ-ինչ խնդիրներ է առաջացրել բանակում երկակի ենթակայությունը:
Այս և հոդվածում բարձրացված բոլոր հարցերը գրավոր հարցման միջոցով ուղղել ենք նաև ՀՀ պաշտպանության նախարարությանը, պատասխանը ստանալուն պես՝ այն կհրապարակենք:
