Թուրքիայի և Եվրոպական Միության համատեղ հայտարարությունը՝ ըստ թուրքական լրատվամիջոցների

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ։ Թուրքիայի ԱԳՆ-ի Nsosyal սոցիալական ցանցի պաշտոնական էջում հրապարակված հաղորդագրության համաձայն՝ Ֆիդանը հանդիպել է Կոսի հետ Անկարայում՝ գրում է «Անադոլու» գործակալությունը և մանրամասնում.  «Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հրապարակել է համատեղ հայտարարություն՝ Ֆիդանի և Կոսի հանդիպման արդյունքներով։

Հայտարարության համաձայն՝ Ֆիդանն ու Կոսը վերահաստատել են Թուրքիայի՝ որպես ԵՄ անդամակցության թեկնածու երկրի կարգավիճակը, ընդգծել են Թուրքիայի և Եվրոպական Միության հարաբերությունների ռազմավարական նշանակությունը տարածաշրջանային կայունության ու տնտեսական դիմակայունության ամրապնդման համար՝ արագ փոփոխվող աշխարհաքաղաքական միջավայրի պայմաններում։

Կողմերը գոհունակությամբ են նշել  վերջին շրջանում ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում ցուցաբերված փոխադարձ հանձնառությունը և հաստատել են այդ գործընթացը կոնկրետ քայլերի վերածելու իրենց վճռականությունը։

Նշվել է, որ 2025 թվականին անցկացված բարձր մակարդակի հինգ հանդիպումները նպաստում են առաջընթացին՝ շարունակելու ԵՄ աջակցությունը Թուրքիայի ջանքերին՝ փախստականներին ժամանակավոր պաշտպանություն տրամադրելու հարցում, ինչպես նաև Թուրքիայի քաղաքացիների համար բազմակի Շենգենյան վիզաների հասանելիության հեշտացման գործում»:

Ըստ լրատվամիջոցի՝ վերահաստատվել է Թուրքիայի և ԵՄ միջև տնտեսական ինտեգրման կարևորությունը:

Տեսանյութեր

Լրահոս