Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը 2025 թվականին բռնագանձել է շուրջ 64 մլրդ դրամ
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի մասնակցությամբ տեղի է ունեցել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 2025 թվականի գործունեության հաշվետու խորհրդակցությունը. այս մասին հայտնում են ծառայությունից և մանրամասնում. «2025 թվականի ընթացքում ՀԿԱԾ կողմից ընթացք է տրվել շուրջ 2,8 մլն․ կատարողական վարույթի, բռնագանձվել շուրջ 64 մլրդ․ դրամ, ինչը նախորդ տարվա համադրելի ցուցանիշը գերազանցել է 11%-ով:
Բռնագանձված գումարից պետական բյուջեի օգտին գանձվել է շուրջ 21 մլրդ․ դրամ, իրավաբանական անձանց օգտին՝ ավելի քան 39 մլրդ․ դրամ, ֆիզիկական անձանց օգտին` 3 մլրդից ավելի, ոչ գույքային բնույթի կատարողական վարույթներով՝ 9 մլն․ դրամ։ Ծառայության ամփոփ տվյալների համաձայն՝ 2025 թվականի փետրվարի 1-ից Կառավարության որոշմամբ ուժի մեջ մտած անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրից հաշվետու տարում օգտվել է շահառու ճանաչված 12,464 պարտապան։
Ամփոփելով արձանագրված ցուցանիշները՝ գլխավոր հարկադիր կատարող Սիրո Ամիրխանյանը դրական է գնահատել ծառայության 2025 թվականի գործունեությունը՝ միաժամանակ շեշտելով, որ 2026 թվականին անելիքները շատ են։
«Հարգելի՛ գործընկեր, պետք է նշեմ, որ ներկայացված թվական ցուցանիշներն, ըստ էության, խոսում են Ծառայության դրական գործունեության մասին։ 2025 թվականի ընթացքում թեև հարուցված և վերսկսված կատարողական վարույթների քանակը նվազել է, այնուամենայնիվ, հօգուտ պահանջատերերի բռնագանձված գումարն էականորեն գերազանցում է Հարկադիր կատարման ծառայության պատմության ընթացքում որևէ տարեթվին կատարված գանձումները։
Նշված դրական ցուցանիշների հետ մեկտեղ պետք է արձանագրեմ, որ Ծառայությունը դեռևս ամբողջ ծավալով չի իրացրել իր պոտենցիալը կատարման ենթակա ակտերի կատարումն ապահովելու մասով։ Պետք է աշխատենք թիմային մթնոլորտում՝ նպատակ ունենալով ապահովել պետության և քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը»,- նշել է Ամիրխանյանը»:
