ԻՐԱՆՈՒՄ ԿՈՉ ԵՆ ԱՆՈՒՄ ՀԱՐՎԱԾԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱՎԹԱՄՈՒՂԻՆ. ՊԱՏԵՐԱԶՄԸ ՇԱՏ ԲԱՐԴ Է ԼԻՆԵԼՈՒ. ՓՈՒՅԱ ՀՈՍԵՅՆԻ
Չնայած այսօր՝ փետրվարի 6-ին, Օմանում մեկնարկած ԱՄՆ-Իրան բարձր մակարդակի բանակցություններին՝ Իրանի դեմ պատերազմի հավանականությունը շատ բարձր է. 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում այսպիսի կարծիք հայտնեց «Հայաստան-Իրան համագործակցության զարգացման հիմնադրամի» տնօրեն, իրանցի փորձագետ Փույա Հոսեյնին՝ խոսելով Իրանի շուրջ դիվանագիտական ու աշխարհաքաղաքական ընդհանուր իրավիճակի մասին։
«Իրանը հայտարարել է, որ միշտ դրական է վերաբերվել բանակցություններին, միշտ կողմ է եղել, որ բոլոր հարցերը լուծվեն բանակցությունների միջոցով, բայց մենք տեսնում ենք՝ մինչև բանակցությունները Միացյալ Նահանգները բոլոր ուժերը կենտրոնացրել են Իրանի շուրջ, և այդ բանակցություններն ընթանում են ուժի և սպառնալիքի ներքո։ Դա վկայում է պատերազմի հնարավորության մասին։ Քիչ առաջ էլ լուրեր տարածվեցին, որ ԱՄՆ CENTCOM-ի՝ զինված ուժերի կենտրոնական հրամանատարության հրամանատարը նույնպես գտնվում է Օմանում, և հնարավոր է՝ եթե բանակցությունները ձախողվեն, հարձակման հրամանը հենց Օմանից տան»,- մեկնաբանեց Փույա Հոսեյնին։

Իրանցի փորձագետի նկարագրած սցենարով՝ բանակցությունների ձախողման դեպքում «պատերազմը շատ բարդ է լինելու, և երկու կողմը մեծ վնասներ են կրելու»։
Նրա խոսքով՝ այնպես չէ, որ նոր զինված հակամարտությունը լայնածավալ չի լինելու, բայց ավելի շատ գերակայելու են օդային հարվածները, քանի որ ԱՄՆ նախագահ Թրամփը խուսափում է ցամաքային ներխուժումից։
«Լայնածավալ է լինելու, բայց ավելի շատ ոչ թե ցամաքային, այլ օդային գործողություններ կլինեն, օդային հարվածներ կլինեն Իրանին, և Իրանն էլ կխոցի Միացյալ Նահանգների և Իսրայելի թիրախներն ու ռազմաբազաները տարածաշրջանում»,- կանխատեսում է իրանցի փորձագետը։
Հոսեյնին հիշեցնում է, որ ինչպես պաշտոնական Թեհրանն է հայտարարել՝ իրանական կողմը պատրաստ է ամերիկյան կողմի հետ քննարկել միայն Իրանի միջուկային ծրագիրը, իսկ Իրանի բալիստիկ հրթիռների հարցը քննարկման առարկա չէ Թեհրանի համար։
Հոսեյնիի խոսքով՝ Իրանը մեծ ներուժ ունի հատկապես հեռահար հրթիռների, և, եթե նոր պատերազմ լինի Իրանի դեմ, նոր զենքեր ու տեխնոլոգիաներ կարող են ի հայտ գալ։
Խոսելով հարևան Թուրքիայի և Ադրբեջանի ներգրավվածության ու Իրանի հարցում նրանց երկակի խաղերի մասին՝ իրանցի փորձագետը նշեց, որ Իրանը չընդունեց ԱՄՆ-Իրան բանակցությունները Ստամբուլում անցկացնելու Թուրքիայի առաջարկը, որովհետև համարեց, որ դա թակարդ է։
Ինչ վերաբերում է Բաքվի ռեժիմին՝ Փույա Հոսեյնին հիշեցնում է, որ Ադրբեջանը մեծ ռազմական համագործակցություն ունի Իրանի թշնամիներից մեկի՝ Իսրայելի հետ։ Փորձագետի խոսքով՝ Իրանում կոչ են անում հարվածել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղին, որով նավթ է մատակարարվում Իրանի համար թշնամական Իսրայել Պետությանը կամ, ինչպես իրանցիներն են այն անվանում՝ «սիոնիստական ռեժիմին»։
«Բոլոր հարևանները, որ Իրանի թշնամիներին ռազմաբազա են տրամադրել և համագործակցել են Իրանի թշնամիների հետ, պահ է գալիս, որ իրենք էլ իրենց պատասխանը կրեն։ Ադրբեջանը մեծ ռազմական և էներգետիկ համագործակցություն ունի Իրանի ոխերիմ թշնամու՝ Իսրայելի հետ, և Իրանի ներսում հնչում են, որ թիրախներից մեկը կարող է լինել Ադրբեջանի Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը, որի մեծ մասն էներգետիկ տարանցում է Իսրայելին։ Նաև թիրախ կարող են լինել Ադրբեջանում գտնվող իսրայելական հետախուզական կետերը»,- հայտարարեց իրանցի փորձագետը։

Փույա Հոսեյնիի ընդհանուր նկարագրությամբ՝ ԱՄՆ նախագահ Թրամփի հիմնական նպատակն Իրանի էներգետիկ մեծ պաշարների և տրանսպորտային ու տնտեսական ուղիների նկատմամբ վերահսկողություն հաստատելն է՝ Չինաստանի հետ հեռահար դիմակայության համատեքստում։ Հոսեյնիի խոսքով՝ աշխարհի ապագա 50 կամ 100 տարին այսօր է որոշվում, և Արևելքն էլ՝ ի դեմս Չինաստանի, Ռուսաստանի, Իրանի, փորձում է փլուզել հին՝ միաբևեռ աշխարհը։ Ըստ նրա՝ «Ռուսաստանը և Չինաստանը գիտակցում են՝ եթե Իրանն ընկավ, հաջորդը իրենք են»
Հիշեցնենք, որ ինչպես նախապես հայտարարվել էր՝ փետրվարի 6-ին Օմանի մայրաքաղաք Մասկատում տեղի են ունեցել ԱՄՆ-Իրան բարձր մակարդակի բանակցություններ։ Կողմերի պատվիրակությունները ղեկավարել են ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը և Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ Իրանը հայտարարել էր, որ պատրաստ է քննարկել միայն միջուկային ծրագիրը, իսկ բալիստիկ հրթիռների հարցը քննարկման առարկա չէ: Իսկ Թրամփը հայտարարել էր, որ եթե Իրանի հետ գործարքը չկնքվի, «վատ բաներ կարող են տեղի ունենալ»։
Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում։
