«Միրզախանյանի հեղինակությունն առ այսօր խնդրահարույց է. այդ մարդիկ պարտվել են, բայց չեն ուզում հետ կանգնել, քանի որ հանձնարարություն ունեն կատարելու». Հայկազուն Ալվրցյան
Վաղը՝ փետրվարի 8-ին, Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու հարակից պուրակում նախատեսված է զորակցության հանրահավաք՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու:
«Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոն»-ի տնօրեն, հայագետ Հայկազուն Ալվրցյանի խոսքով՝ հայ ազգը եկեղեցու կողքին է, իսկ Նիկոլ Փաշինյանի և «տիրադավ» անվանումը ստացած սրբազանների հակակաթողիկոսական ու հակաեկեղեցական օրակարգը՝ տապալված։
«Նիկոլ Փաշինյանին միացած Վիրահայոց թեմի նախկին առաջնորդ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը Վիրահայոց թեմը թողել է՝ որպես վարկաբեկված մի մարդ։ Իմ տեղեկություններով՝ այդ անձը Թբիլիսիում իրեն բավականին անվայելուչ է պահել, հայկական համայնքում վարկաբեկել է իր անունը, դրանից հետո Մայր Աթոռը նպատակահարմար չի գտել նրան այնտեղ թողնելու։ Նրա հեղինակությունն առ այսօր խնդրո առարկա է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Հայկազուն Ալվրցյանը։
Ըստ մեր զրուցակցի, զավեշտ է տեսնելը, թե ինչպես են կարգալույծ հռչակված նախկին հոգևորականները դատարան դիմում՝ իրենց կարգը վերականգնելու համար։
«Նիկոլն ու իր այդ թիմն անցել են բոլոր սահմանները՝ անցել են բանականությունից անդին։ Զավեշտալի է նաև տեսնելը, թե ինչպես էր Նիկոլը ժամանակին ասում, որ եկեղեցին ինքնուրույն կառույց է, պետությունը չպետք է նրա գործերին խառնվի, բայց մյուս կողմից՝ եկեղեցու պաշտոնյաների հարցերն է որոշում դատական կարգով, որն իր գործառույթներից դուրս է։
Այդ եպիսկոպոսները Նիկոլ Փաշինյանի, դատավորի կամ դատախազի կողմի՞ց են օծվում, որ դատարանի կամ Նիկոլի միջոցով էլ վերականգնվեն»,- հավելեց Հայկազուն Ալվրցյանը։
Նա նաև շեշտեց՝ Նիկոլ Փաշինյանն ու իր «տիրադավները» պարտված են եկեղեցու դեմ սկսած արշավում՝ իրավական, բարոյական ու մարդկային առումներով պարտված են։
«Այդ մարդիկ պարտվել են, բայց չեն ուզում հետ կանգնել, քանի որ հանձնարարություն ունեն կատարելու՝ եկեղեցու իրավունքներն աստիճանաբար սահմանափակել։ Եթե նույնիսկ չկարողանան ոչնչացնել, գոնե դարձնեն իրենց ենթակա մի կառույց, որը հայ ժողովրդի դեմ կգործի այնպես, ինչպես Նիկոլ Փաշինյանը և իր թիմը։
Արևմուտքում սկիզբ առած այս այլասերության քարոզի ճակատագիրը ձախողումն է»,- նշեց Հայկազուն Ալվրցյանը։
Այս համատեքստում նա պատահական չի համարում Էփշտեյնի դեմքը, նմանները պարտություն են կրել և այդ պարտություն կրողների թիմի մեջ են նաև փոքր պետությունների ղեկավարները, որոնց մեջ է նաև Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը։
