Փաշինյանի զգուշացում-ակնարկը՝ «ղարաբաղցի գեներալներին»
Նոյեմբերի 13-ին ԱԺ-ում «ՀՀ 2026թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ իր եզրափակիչ ելույթում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է 2020 թվականի 44-օրյա պատերազմին առնչվող քննիչ հանձնաժողովի զեկույցին:
«44-օրյա պատերազմի մասին զեկույցի կարգավիճակում բան չի փոխվել, ի սկզբանե էլ պիտի լիներ գաղտնի, գնացեք կարդացեք։ Գնացեք կարդացեք՝ ի՞նչ ա գրած, ուզում եք ասեք, որ որևէ բան կա… Լսե՛ք, ես 2020 թվականից հետո էնքան ինֆորմացիա եմ կիսել 44-օրյա պատերազմի ժամանակի, ամենայն հարգանքով, հազար ներողություն, բայց վեց հատ էդպիսի հանձնաժողով էլ լինի, իմ ասածից ավելի ինֆորմացիա չի կարա հավաքի՝ ուղղակի էդ ինֆորմացիայի բացակայության պատճառով: Չի կարա հավաքի»,- հայտարարել է նա:
168.am-ը գրել է, որ Քննիչ հանձնաժողովում չեն ծանոթացել Նիկոլ Փաշինյանի նախապատերազմական հարցազրույցի ամբողջական տարբերակին, ինչը պարզ է դարձել մեր գրավոր հարցմանն ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի պատասխանից: Այսինքն, Փաշինյանը չի տրամադրել, չի ցանկացել։
Հիշեցնենք, որ Փաշինյանը 2021 թվականի սեպտեմբերին ԱԺ-ում անդրադառնալով իր նախապատերազմական հարցազրույցը չհրապարակելուն՝ մասնավորապես ասել էր.
«Իմ հարցազրույցը եթեր չի գնացել միայն մի պատճառով, քանի որ պատերազմը սկսվեց: Կարծում եմ, այդ հարցազրույցը կա, և երբ քննիչ հանձնաժողով ստեղծվի, կարծում եմ, ոչինչ չի խանգարի, որ միացնեն և դիտեն եթերային տարբերակը»:
Հարկ է հիշեցնել նաև, որ Փաշինյանը չէր համաձայնել 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հետ համատեղ մասնակցել բաց հարցաքննության։
Ավելին, քննիչ հանձնաժողովում հարցաքննության չհրավիրվեցին 2020 թվականի պատերազմի ժամանակահատվածում աշխատած Հայաստանի և Արցախի ԱԱԾ տնօրենները, ՊԲ երկու հրամանատարները, ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանը:
Այն դեպքում, երբ, օրինակ, ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը մի առիթով հայտարարել է, որ երբ խոսում է Գլխավոր շտաբի թերացումների մասին, դա չի վերաբերում Օնիկ Գասպարյանի կառավարման ժամանակահատվածին, որովհետև նա պատերազմը դիմավորել է, երբ ընդամենը մի քանի ամսվա ԳՇ պետ էր, այլ դա վերաբերում է ԳՇ մյուս նախկին պետ Արտակ Դավթյանին:
Ի դեպ, նա բազմիցս ասել է՝ պատրաստ է եղել գնալ քննիչ հանձնաժողով: Իսկ վերջին շրջանում մամուլում և մամուլից դուրս շրջանառվող տարբեր տեղեկություններով, 44-օրյայի զեկույցում անդրադարձ կա նաև ԳՇ նախկին պետի անձին, այսպես ասած, կան ինչ-ինչ ակնարկներ 5-րդ շարասյան տրամաբանության մեջ:
Ինչ վերաբերում է Փաշինյանի ձևակերպմանը՝ «վեց հատ էդպիսի հանձնաժողով էլ լինի, իմ ասածից ավելի ինֆորմացիա չի կարա հավաքի՝ ուղղակի էդ ինֆորմացիայի բացակայության պատճառով», կարո՞ղ ենք ենթադրել, որ Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած հանձնաժողովը, ամեն դեպքում, չի կարողացել հավաքել որոշ արժեքավոր տեղեկություններ կամ համապատասխան կառույցներից՝ Պաշտպանության նախարարությունից, ԶՈՒ գլխավոր շտաբից չեն տրամադրել ինչ-ինչ փաստաթղթեր և տվյալներ, եթե չասենք՝ հարցաքննվողների շրջանակն էլ է Փաշինյանի իմացությամբ ընտրվել:
Հիշեցնենք, որ 2024 թվականի հոկտեմբերի 2-ին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Փաշինյան, անդրադառնալով 44-օրյա պատերազմին առնչվող քրեական գործերին, դրանցով անցնող բարձրաստիճան զինվորականներին՝ հայտարարել էր.
«Ինձ պետք չէ որևէ քրեական գործի մասին նյութ, որպեսզի ես իմ հետևություններն անեմ, որովհետև ես այնքան ինֆորմացիա ունեմ այդ պատերազմի մասին, որ ամբողջ իրավապահ համակարգն իրար հետ վերցրած՝ դրա կեսի ինֆորմացիան էլ չունի»:
Այսինքն, դիտավորյալ 44-օրյային առնչվող կարևոր փաստե՞ր են թաքցվել և թաքցվում:
Արդյո՞ք սա Նիկոլ Փաշինյանի «խոստովանական ցուցմունքը» կամ «հանցագործության մասին հաղորդումը» չէ իր իսկ դեմ: Թե ով կամ ովքեր կարող են դրանից շահած լինել, կամ՝ ըստ քաղաքական պահի՝ դրանց գաղտնազերծումից ով կամ ովքեր կարող են տուժել, կարող ենք միայն ենթադրել:
Մյուս կողմից, եթե իրավապահ համակարգը գերագույն հրամանատար հռչակված Փաշինյանի ձեռքի տակ եղած փաստերի կեսն էլ չունի, այնպես, ինչպես Քննիչ հանձնաժողովը, նշանակում է՝ ո՛չ ՀՀ քննչական կոմիտեն, ո՛չ էլ քննիչ հանձնաժողովը չէին կարող տալ պարտության պատճառների իրական և ամբողջական պատկերը, ինչպես հատկապես ժամանակին վստահեցրել էր պատերազմի որոշակի ժամանակահատվածում ԱԱԾ տնօրեն աշխատած և պատերազմից հետո ՔԿ նախագահ նշանակված Արգիշտի Քյարամյանը:
Իսկ, ըստ էության, Փաշինյանի՝ պատերազմին առնչվող շատ ավելի մեծ տեղեկատվական բազայի տիրապետելու մասին հայտարարությունները մեսիջ են պաշտոնաթող և գործող բարձրաստիճան զինվորականությանը, որոնք այս կամ այն ձևով առնչություն են ունեցել 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետ:
Նման մի դրվագ էլ արձանագրվել է նոյեմբերի 13-ին, ԱԺ-ում «ՀՀ 2026 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծին քննարկման շրջանակում Փաշինյանի եզրափակիչ ելույթի ժամանակ:
«Այսօրվա մեր զինված ուժերի ղեկավարության կեսը ղարաբաղցի է, ամենաբարձր աստիճան, մեր այսօրվա զինված ուժերը, հասկանո՞ւմ եք՝ ինչ եմ ասում, մեր զինված ուժերը ղեկավարվում է ղարաբաղցիների կողմից, բա եթե մենք ղարաբաղցիներին չենք վստահում, չենք սիրում, ո՞նց ենք էդ մարդկանց տարել այդ տեղերում նշանակել: Եթե մենք դավաճանել ենք, մեզ ասում են՝ դավաճանել եք, էս եք արել, էն եք արել, այդ մարդկանց նկատմամբ ոչ մի տեղ ես չեմ լսել, որ պրետենզիա ներկայացնեն, որ այդ մարդիկ՝ ծագումով ղարաբաղցի, որևէ դավաճանական գործարքի մեջ մտել են: Բա էդ մարդիկ ո՞նց են մեզ հետ աշխատում, եթե մենք դավաճան ենք, ո՞նց են… Իրենք գիտեն, չէ՞, ամեն ինչ։ Իրանք ներսից գիտեն, չէ՞, ամեն ինչ, ո՞նց են էդ մարդիկ մեզ հետ աշխատում: Բա էս հարցի պատասխանը ո՞վ ա տալու: Ես անունով չնշեմ, բայց ասում եմ՝ չափազանցություն չկա, մեր զինվորական բուրգի ամբողջ վերևն ամենաառանցքային կետերում ղարաբաղցիներ են»,- ԱԺ ամբիոնից ասել է Փաշինյանը:
Հայտնի է, որ արցախցի գեներալներն ու զինվորականները միշտ էլ բարձր պաշտոններ են զբաղեցրել ՀՀ զինված ուժերում, բայց Նիկոլ Փաշինյանն ինքը չէր լինի, եթե նման հայտարարության տակ այլ ենթատեքստ չունենար:
Օրինակ, ասում է՝ «այդ մարդկանց նկատմամբ ոչ մի տեղ ես չեմ լսել, որ պրետենզիա ներկայացնեն, որ այդ մարդիկ՝ ծագումով ղարաբաղցի, որևէ դավաճանական գործարքի մեջ մտել են»: Կամ՝ հայտարարում է՝ «էդ մարդիկ ո՞նց են մեզ հետ աշխատում, եթե մենք դավաճան ենք, իրենք գիտեն, չէ՞, ամեն ինչ, իրանք ներսից գիտեն, չէ՞, ամեն ինչ»:
Արդյո՞ք սրանով նա արցախցի գեներալներին զգուշացում չի անում, ինչ-որ բան հասկացնում, եթե մի կողմ ենք դնում անուղղակի այն միտքը, թե՝ «եթե ինքը դավաճան է, ուրեմն՝ իրենք մեղսակից են»:
Այստեղ հարկ է հիշեցնել, որ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը ծագումով Արցախից է, և 44-օրյա պատերազմի ժամանակ նա ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության օպերատիվ վարչության պետն էր: Իսկ պատերազմից հետո արդեն ղեկավարեց ԳՇ օպերատիվ գլխավոր վարչությունը, ավելին՝ դարձավ ԳՇ պետ:
Նշենք, որ ՀՀ ԶՈւ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչությունը գլխավոր շտաբի կառուցվածքային առաջատար ստորաբաժանում է, որն ապահովում է խաղաղ և պատերազմական պայմաններում զինված ուժերի առջև դրված խնդիրների պլանավորումը, զորքերի (ուժերի) օպերատիվ կառավարումը:
Ավելին, ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետի պաշտոնակատար գեներալ Կարեն Շաքարյանը 44-օրյա պատերազմի ժամանակ եղել է ՊԲ 10-րդ լեռնահրաձգային դիվիզիայի հրամանատարը, և քրեական գործերով որպես վկա է հարցաքննվել: Այս շարքը կարելի է շարունակել, և չմոռանանք, որ Փաշինյանին, մեղմ ասած, չընդդիմացած, ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանն այսօր ազատազրկված է, թեև, հակահարվածի հայտնի օպերացիայի ձախողման դրվագը նրա վրայից հանեցին:
Մի առիթով 168.am-ը նաև գրել է, որ 44-օրյա պատերազմի օրերին Փաշինյանի հայտարարությունները «ղարաբաղցի գեներալների» մասին հեռահար նպատակներ ուներ: Այնպես որ՝ Փաշինյանի այսօրվա քաղաքական կամքը, որ արցախցի գեներալները բարձ դիրք ունենան ռազմական կառավարման բուրգում՝ ավանսով է։

