Ադրբեջանը պատրաստվում էր երկու օր անց պատերազմ սկսել. Փաշինյանը՝ 1 տարի առաջ տված իր հարցազրույցի մասին, որը եթեր չհեռարձակվեց
Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը կառավարությանը հիշեցրել է պատերազմից առաջ ադրբեջանական մամուլի հրապարակումները Ալիև-Փաշինյան գաղտնի «շփումների» մասին, պատերազմից առաջ Ադրբեջանի ղեկավարության և Նիկոլ Փաշինյանի արած որոշ հայտարարություններ:
Մասնավորապես, 2020-ի սեպտեմբերի 25-ին Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը Ադրբեջանի ղեկավարության մասին կոնֆիդենցիալ ինֆորմացիաներ հրապարակելու «սպառնալիքի» մասին:
Պատգամավորը հիշեցրել է նաև սեպտեմբերի 26-ին Փաշինյանի` Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցի մասին, որը եթեր չի գնացել սեպտեմբերի 27-ին, ինչպես հայտարարվել էր, և որտեղ իրական կոնֆիդենցիալ հանգամանքներ էր բացահայտել Փաշինյանը:
Ագնեսա Խամոյան.– Շուտով կլրանա Արցախյան 2-րդ պատերազմի մեկ տարին, և շատ կարևոր է հասկանալ, թե ինչ իրադարձություններ են նախորդել սեպտեմբերի 27-ին: Կներկայացնեմ մի փոքր ժամանակագրություն:
Սեպտեմբերի 24– Ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակում են Ի.Ալիևի և Ն. Փաշինյանի միջև տեղի ունեցած կոնֆիդենցիալ շփումների մասին տեղեկություններ: Ըստ այդ հրապարակումների՝ «2018թ հուլիս-օգոստոս ամիսներին՝ գունավոր հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց մի քանի ամիս անց, նրա համախոհներից մեկը՝ հեղափոխության գլխավոր շարժիչ ուժը, Արսեն Խառատյանը դիմել է Ադրբեջանի կառավարական աղբյուրներին՝ ժամանակ խնդրելով Ադրբեջանից Հայաստանում ներքաղաքական խնդիրները լուծելու, մասնավորապես՝ ՀԱՊԿ ղեկավար Յուրի Խաչատուրովի դեմ քրգործ հարուցելու և կալանավորելու համար, խոստանալով դրանից հետո ուղիղ բանակցություններ սկսել Ադրբեջանի հետ: Սեպտեմբերի 25– Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է. «Ես ադրբեջանցի գործընկերներին խորհուրդ եմ տալիս չգնալ այդ ճանապարհով, որովհետև եթե մտանք այդ դաշտ ու սկսեցինք կոնֆիդենցիալ ինֆորմացիաներ տարածել, վախենամ՝ դրանից Ադրբեջանի ներքաղաքական վիճակը հուսահատորեն ապակայունանա: Այնպես որ, խորհուրդ եմ տալիս վերադառնալ կառուցողական դաշտ»։
Նույն օրը հարցազրույց է տալիս Հանրային հեռուստաընկերությանը, որը պետք է եթեր գնար հաջորդ օրը՝ սեպտեմբերի 26-ին, սակայն այդպես էլ եթեր չի գնում, չի գնում նաև 27-ին: Հարցազրույցը անոնսելիս՝ ֆեյսբուքյան էջում գրել է. «Հարցազրույց եմ տվել Պետրոս Ղազարյանին և բացահայտել կոնֆիդենցիալ հանգամանքներ, ոչ թե մտացածին կոնֆիդենցիալ, այլ իրական կոնֆիդենցիալ»: Պատերազմի օրերին այդպես էլ չհրապարակվեց այդ հարցազրույցը: Հիմա, մեկ տարի անց, երբ Ադրբեջանը սպառնում է Հայաստանի Հանրապետությանը, հնարավո՞ր է՝ այդ հարցազրույցը, ի վերջո, եթեր գնա:
Նիկոլ Փաշինյան.- Նախ ուզում եմ մի հանգամանք ավելացնել Ձեր բարձրացրած հարցին: Ադրբեջանը պատրաստվում էր 2 օր անց պատերազմ սկսել, և բնականաբար տեղեկատվական պատերազմը պետք է ակտիվանար, այն երբևէ չի էլ դադարել հակամարտության օրերի ընթացքում: Այդ հատվածը մինչև հարցազրույցը որևէ աղերս չունի իրականության հետ: Իմ հարցազրույցը եթեր չի գնացել միայն մի պատճառով, քանի որ պատերազմը սկսվեց: Կարծում եմ, այդ հարցազրույցը կա, և երբ քննիչ հանձնաժողով ստեղծվի, կարծում եմ, ոչինչ չի խանգարի, որ միացնեն և դիտեն եթերային տարբերակը: Իսկ ընդհանուր առմամբ, ուզում եմ ասել հետևյալը՝ մեզ այս ժամանակաշրջանում մեր առաջ դրված խնդիրները լուծելու համար պետք են բացառիկ ամուր նյարդեր, սառնասրտություն և հավասարակշռություն, և ՀՀ կառավարությունը առաջնորդվում է հենց այս տրամաբանությամբ: Հիմա հետին թվով հարցազրույցներ հրապարակելը, հայտարարություններ անելը, չեմ կարծում՝ գործին օգուտ կտան: Մյուս կողմից՝ ընդունում եմ, որ կան խնդիրներ, հարցեր, և ՀՀ քաղաքացիները, ՀՀ ԱԺ-ն պետք է ստանան: Հույս ունեմ, որ բոլոր հարցերի պատասխանները քննիչ հանձնաժողովի աշխատանքների շրջանակում կտրվեն: Մի բանում պիտի վստահ լինեն, և, կարծում եմ, վստահ են ՀՀ քաղաքացիները, և եթե վստահ չլինեին, մեր օգտին պիտի չքվեարկեին: Մենք ՀՀ քաղաքացիներից թաքցնելու որևէ բան չունենք: Սա ամենակարևոր արձանագրումն է: Այնուամենայնիվ, պետք է արձանագրել, որ ՀՀ ԱԺ-ն ընդունել է, հաստատել է կառավարության ծրագիրը, որտեղ առանցքային խնդիրներից մեկը ՀՀ և տարածաշրջանի համար, խաղաղ զարգացման դարաշրջան բացելու մեր պարտավորությունն է ՀՀ քաղաքացիների առաջ: Եվ մենք այս ճանապարհով հետևողական գնալու ենք:
Ագնեսա Խամոյան.- Փաստորեն իմացել եք, որ 2 օր հետո Ադրբեջանը հարձակում է գործելու, դուք տիրապետել եք տեղեկատվության, որը կարող էր ապակայունացնել Ադրբեջանում իրավիճակը: Ձեր հայտարարության մեջ դուք նշել եք, որ Դուշանբեում Ալիևը Ձեզ խնդրել է չանել այնպիսի հայտարարություն, որը կարող է ապակայունացնել իրավիճակը Ադրբեջանում, և դուք ձեռք եք բերել այդ պայմանավորվածությունը: Ի վերջո, ինչո՞ւ չեք հրապարակում այդ հարցազրույցը, դուք հղում եք անում քննիչ հանձնաժողովին, բայց ուզում եմ հիշեցնել, որ դուք իշխանության եք եկել այն լոզունգներով, որ թաքցնելու բան չունեք ժողովրդից, այդ դեպքում, նորից եմ կրկնում, ինչո՞ւ չեք հրապարակում այն հարցազրույցը, որը կարող է ապակայունացնել իրավիճակն Ադրբեջանում: Հիմա՞ էլ եք ուզում՝ իշխանության մնա Ալիևը:
Հետին թվով հարցազրույցների մասով հիշեցնեմ նաև ձեր հայտարարությունը, երբ ասում էիք, թե Ալիևը տրամադրված է կառուցողական, ասելով՝ ինքն էլ է ուզում հարցը լուծել, դուք էլ եք ուզում հարցը լուծել:
Փաշինյան.- Նախ պիտի ասեմ, որ ՀՀ համապատասխան ինստիտուտները մինչև 2020 թվականի սեպտեմբերի 25-ը ներառյալ պատերազմի վերսկսումը համարել են քիչ հավանական, խոսքն այն ինստիտուտների մասին է, որոնք իրավասու են այդպիսի գնահատական տալ: Այդ հարցազրույցը արվել է 2020թ. սեպտեմբերի 24-ին կամ 25-ին, և այդ հայտարարությունը տրվել է այդ իրավիճակի համար, և չեմ գտնում, որ սպորտային հետաքրքրությունից ելնելով՝ պետք է հրապարակենք այն: