
Գաղափար չունեմ՝ ինչի ինձ չկանչեցին Քննիչ հանձնաժողով. Արտակ Դավթյան

«Փաստինֆո»–ն գրել էր, որ «44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցում առանձնահատուկ անդրադարձ կա ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանին»:
Թե հատկապես ինչ համատեքստում է այդ անդրադարձը, հայտնի չէ, սակայն դժվար չէ ենթադրել՝ հաշվի առնելով որոշ բաց և ակնհայտ փաստեր:
Առաջին, ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը մի առիթով հայտարարել է, որ երբ խոսում է Գլխավոր շտաբի թերացումների մասին, դա չի վերաբերում Օնիկ Գասպարյանի կառավարման ժամանակահատվածին, որովհետև նա պատերազմը դիմավորել է, երբ ընդամենը մի քանի ամսվա ԳՇ պետ էր, այլ դա վերաբերում է ԳՇ մյուս նախկին պետ Արտակ Դավթյանին:
Երկրորդ, այն, որ Քննիչ հանձնաժողովի փորձագետներից է ՀՀ ԶՈՒ ԳՇ Ռադիոէլեկտրոնային պայքարի զորքերի բաժնի նախկին պետ, գնդապետ Վահան Ավետիսյանը, ով ոչ միայն շահագրգիռ կողմ է, այլև անցնում էր 42 միլիոնի զենքի գործով, Արտակ Դավթյանի դեմ նամակ էր գրել Նիկոլ Փաշինյանին:
Ավելին՝ Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած հանձնաժողովում փորձագետ է աշխատել նաև 44-օրյա պատերազմի ժամանակ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը, ով, մեղմ ասած, ևս ջերմ հարաբերություններ չի ունեցել ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանի հետ:
Երրորդ, դեռ Ապրիլյան պատերազմին առնչվող քննիչ հանձնաժողովի ժամանակահատվածից Անդրանիկ Քոչարյանի և Արտակ Դավթյանի միջև տարաձայնություններ են եղել:
Եվ վերջերս «Ֆակտորին» տված հարցազրույցում նա հերթական անգամ անդրադարձել էր երբեմնի 1-ին բանակային կորպուսի զորամասերի կրճատմանը՝ նշելով.
«Երևի չեն հասկացել, որ պատերազմը մոտ է: Դժվար թե Արտակ Դավթյանը վնասելու միտում ունենար, չէ՛, չէ՛, խելք պիտի ունենային»:
Հիշեցնենք, որ 2019 թվականին, երբ ԳՇ պետն Արտակ Դավթյանն էր, մեր տեղեկություններով, տեղի ունեցած խորհրդակցությունների ժամանակ պատերազմի հավանականությունը բարձր է գնահատվել, նույնիսկ նշվել է՝ հաջորդ պատերազմը լինելու է ավելի լայնածավալ, քան 2016 թվականի Ապրիլյան պատերազմը: Ընդ որում, այս մասին Արտակ Դավթյանն ասել է նաև 168TV-ի «Պրեսսինգ» հաղորդման ժամանակ:
Ինչ վերաբերում է զորամասերի կրճատման հարցին, ապա 168.am-ի հետ հարզազրույցներից մեկում գեներալ Արտակ Դավթյանը նշել էր.
«Առաջին, դրա հետ կապված բուն պրոցեսը սկսել էր ավելի վաղ՝ ինձնից առաջ: Երկրորդ, կրճատումներ ասելն այնքան էլ ճիշտ չէ, քանի որ եղել են վերակազմավորումներ, ընդ որում՝ պրոցեսը գնացել է ավելացման տեսակետից:
Երրորդ, այս հարցերը հարուցված քրեական գործի շրջանակում կային, ես վկայություն եմ տվել, ուստի շատ բաներ չեմ կարող ասել՝ ելնելով նախաքննական գաղտնիքի պահպանման անհրաժեշտությունից: Կհիշեք, որ Մովսես Հակոբյանը պատերազմից հետո հայտարարություններ էր արել»:
Այս հարցը բարձրացվել էր նաև Քննիչ հանձնաժողովում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հարցաքննության ժամանակ:
«Այս հարցին կանդրադառնամ փակ նիստին, բայց բնական է, որ պաշտպանության նախարարին զեկուցվում են ԶՈւ-ի կողմից այս կամ այն առաջնահերթությունները, փոփոխությունները։ Կարող եմ ասել, որ այդ ռեզերվային կրճատված ստորաբաժանումների հաշվին ձևավորվել են տասնյակից ավելի հատուկ նշանակության ստորաբաժանումներ տարբեր կորպուսներում: Դրա հիմնավորումը եղել է կոլեգիալ զինված ուժերի հիմնավորումը: Ես համաձայնել եմ այդ որոշման հետ, քանի որ գտել եմ, որ հատուկ նշանակության ստորաբաժանումների ձևավորումը և այլ հատուկ ստորաբաժանումների ձևավորումը շատ ավելի կարևոր է, քան թղթի վրա ներկայացված ստորաբաժանումները»,- ասել էր Տոնոյանը:
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն արձագանքել էր՝ «ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանն իր հարցաքննության ժամանակ ափսոսանք է հայտնել, որ իր նշանակվելուց առաջ այդպիսի որոշում է եղել», ինչին ի պատասխան՝ նախկին նախարարը հիշեցրել էր՝ «Օնիկ Գասպարյանը եղել է նաև ԳՇ պետի տեղակալ, եթե նա համաձայն չէր, և անհրաժեշտ էր փոփոխություն այդ մոտեցման մեջ, կարող էր ներկայացնել»:
Անդրանիկ Քոչարյանն իր հերթին՝ հավելել էր. «Եթե չեմ սխալվում՝ Արտակ Դավթյանն է եղել ԳՇ պետը, երբ այս որոշումը կայացվել է, և եթե հարցեր մնան, գուցե հաջորդիվ լսենք նաև Արտակ Դավթյանին»:
Բայց այդպես էլ ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանին 44-օրյային առնչվող քննիչ հանձնաժողով չկանչեցին, թեև Արտակ Դավթյանը մեզ հետ զրույցներումշեշտել է՝ «փախնելու առիթ չունեմ, եթե քննիչ հանձնաժողովից հրավեր ստանամ, կգնամ»:
Այսօր ևս մեկ անգամ փորձեցինք ԳՇ նախկին պետից ճշտել՝ ինչո՞ւ իրեն այդպես էլ չկանչեցին քննիչ հանձնաժողով:
«Գաղափար չունեմ՝ ինչի չկանչեցին: Ես ձեզ հետ զրույցում մի քանի անգամ ասել եմ, որ եթե հրավեր ստանամ՝ կգնամ: Այսինքն, ես նպատակադրված չեմ եղել հանձնաժողով գնալուց հրաժարվել, եթե համապատասխան որոշում կայացվեր: Միգուցե հանձնաժողովը բոլոր հարցերի պատասխանները ստացել է և կարիք չի՞ տեսել ինձ կանչելու, գաղափար չունեմ՝ ինչն է պատճառը»,- պատասխանեց Արտակ Դավթյանը:
Մենք փորձում ենք այս հարցի պատասխանը ստանալ նաև Քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանից, ստանալուն պես այն կհրապարակենք:
Իսկ մինչ այդ հավելենք, որ ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանը 44-օրյա պատերազմի ընթացքում՝ հոկտեմբերի 18-19-ից մինչև 30-ը, Նիկոլ Փաշինյանի որոշմամբ եղել է Սյունիքում, թեև ոչ մի պաշտոն այդ պահին զինված ուժերում չէր զբաղեցնում:
«Ինձ վրա դրված էր Սյունիքում ինքնապաշտպանության, համապատասխան միջոցառումների կազմակերպումը, ինչը կնպաստեր զինված ուժերի կողմից իրենց առջև դրված խնդիրների կատարմանը: Ինձ վրա դրված խնդիրները կատարվել են 100 տոկոսով, նաև՝ Մեղրիում: Մասնավորապես, իրականացվել է ինքնապաշտպանական ջոկատների կազմավորում, բնագծերի կահավորում, մեր զինված ուժերից որոշակի ստորաբաժանումներ, որ մնացել էին վերահսկողությունից դուրս, դրանց հաշվառումը և օգնելը ԶՈՒ ներկայացուցիչներին, որ բոլորին հաշվառեն և կիրառեն ըստ նշանակության: Այսինքն, առաջին խնդիրը տեղի ուժերի կազմակերպումն էր, կանոնակարգումը՝ սկսած զենքի հատկացումից՝ մինչև ղեկավարում և խնդիրների կատարում, ինչպես նաև՝ անհրաժեշտ էր ինժեներական աշխատանքներ կատարել բնագծերում, որոնք կարող էին պետք լինել մարտական գործողությունների ժամանակ»,- մեզ տված հարցազրույցներից մեկում մանրամասնել էր գեներալը:
Ի դեպ, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, 44-օրյա պատերազմից հետո Գլխավոր շտաբը (ԳՇ)՝ Օնիկ Գասպարյանի նախաձեռնությամբ և գլխավորությամբ մասնագիտական զեկույց էր սկսել պատրաստել, որը դեռ մոտ 4 տարի առաջ պիտի ներկայացվեր ԱԽ նիստում, սակայն 2021 թվականի մարտի վերջերին Օնիկ Գասպարյանն իրավունքի ուժով ազատվում է ԳՇ պետի պաշտոնից, և նրան փոխարինում է Արտակ Դավթյանը:
2021թ. ապրիլին, երբ Օնիկ Գասպարյանն արդեն ԳՇ նախկին պետ էր, 168.am-ի հետ զրույցում ասել էր, որ ԱԽ-ի պատվերով չի վերլուծություն նախաձեռնվել ԳՇ-ում, ինչպես հայտարարել էր ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:
«Իրենք չեն պատվիրել, ես եմ ներկայացրել, որ մանրակրկիտ վերլուծություն է նախապատրաստվում ԳՇ-ում»,- ընդգծել էր նա:
Եվ 2020թ. 44-օրյա պատերազմին առնչվող ԳՇ-ում կազմված զեկույց-վերլուծությունը փաստորեն նախաձեռնում է Օնիկ Գասպարյանը, ամփոփում՝ Արտակ Դավթյանը, և հնարավոր է՝ նա էլ հետո հասցնում է ԱԽ նիստում այն ներկայացնել՝ մինչև իր պաշտոնանկությունը:
Նշենք, որ ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցը, ըստ շրջանառվող տեղեկությունների, ստացել է գաղտնիության «Հույժ գաղտնի» աստիճան: