Ինչո՞ւ ընտրեցին գեներալ Ասրյանին
ՀՀ նախագահի հրամանագրով՝ գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը 5 տարի ժամկետով նշանակվել է ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի (ԳՇ) պետ:
Մինչ այս՝ գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը զբաղեցնում էր ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ-ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի պաշտոնը, որում նշանակվել էր 2021թ. մայիսի 21-ին:
Նշենք, որ ՀՀ նախագահի 2021-ի սեպտեմբերի 27-ի հրամանագրով Էդվարդ Ասրյանն ազատվել էր Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից:
Այդ ժամանակ 168.am-ը գրել էր, որ գեներալ-մայորի ազատման հարցում դեր է խաղացել նրա և ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի հետ միջանցքում մոտ 10 րոպե տևած զրույցը, ինչպես նաև Ասրյանի՝ Սեյրան Օհանյանին «պարոն գեներալով» դիմելը:
Ասում են՝ սա դուր չի եկել, մասնավորապես, ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին:
Հիշեցնենք, որ օգոստոսի 18-ին ՀՀ ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության առաջարկով փակ հանդիպում էր տեղի ունեցել ՀՀ ԶՈւ ԳՇ ներկայացուցիչների հետ, որին մասնակցել է Ասրյանը:
168.am-ը գրել էր նաև, որ ծնունդով Հադրութի շրջանի Ազոխ գյուղից գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանին պաշտոն են տալու Արցախի ՊԲ-ում՝ ՊԲ շտաբի պետ, ինչը, ըստ էության, պաշտոնի իջեցում էր, ինչը և եղավ: Այժմ Էդվարդ Ասրյանին ԳՇ պետի պաշտոնն է վստահվել, որը բանակում բարեփոխումների տրամաբանությունից ելնելով՝ նաև Պաշտպանության նախարարի առաջին տեղակալն է լինելու, սակայն Սուրեն Պապիկյանին փոխարինելու իրավունք չի ունենալու:
«Սիվիլնեթի» հետ զրույցում Անվտանգության խորհրդի (ԱԽ) քարտուղար Արմեն Գրիգորյանն ասել էր, որ ԳՇ նոր պետը պետք է բանակի բարեփոխումների քաղաքական պատվերին համահունչ լինի:
«Անհրաժեշտ են այդպիսի կարողություններ, կառավարման կարողություններ, բազմաթիվ խնդիրներ կան, նաև՝ անհրաժեշտություն կա համոզված լինելու, որ որպես ԳՇ պետ՝ բարեփոխումների այս փուլը երկարաժամկետ կկարողանա մեկ մարդ իրականացնել, որը նախատեսված է առնվազն մինչև 2026 թվականը, որ կարողանանք արդյունավետ աշխատել»,- նշել էր Արմեն Գրիգորյանը՝ լրացնելով, որ դա գալիս է իրենց ունեցած վերջին 4 տարվա փորձից, ինչը որոշակի դժվարություններ է ստեղծել:
Ի՞նչ է ստացվում՝ ԳՇ պետի մի շարք թեկնածուներից Էդվարդ Ասրյա՞նն էր համահունչ Փաշինյանի՝ բանակում բարեփոխումների քաղաքական պատվերին կամ նպատակներին, թե՞ ինքն է համաձայնել:
Իհարկե, գեներալ Ասրյանը գրագետ զինվորական է, գործին, ըստ էության, տիրապետում է, շփման մեջ բարեկիրթ, բայց ԳՇ ղեկավարման համար միայն դա բավարար չէ, լավ կառավարիչ պետք է լինել:
Մյուս կողմից, երևի հաշվի է առնվել այն փաստը, որ բանակի կառավարման գործող մոդելի փոփոխման դեպքում ԳՇ-ն դառնում է զուտ օպերատիվ կառավարում իրականացնող մարմին, իսկ Էդվարդ Ասրյանը ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետի պարտականություններ է մինչ այս կատարել:
Թեպետ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանի դիտարկամբ, «օպերատիվ կառավարում հասկացողություն չկա, կա կառավարում և ոչ կառավարում ասվածը»:
Այս համատեքստում հարկ է նշել, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Էդվարդ Ասրյանը ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության օպերատիվ վարչության պետն էր: Իսկ պատերազմից հետո արդեն ղեկավարեց ԳՇ օպերատիվ գլխավոր վարչությունը, որը ներկայումս այլ ղեկավար ունի՝ գնդապետ Արմեն Գյոզալյան:
ՀՀ ԶՈւ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչությունը գլխավոր շտաբի կառուցվածքային առաջատար ստորաբաժանում է, որն ապահովում է խաղաղ և պատերազմական պայմաններում զինված ուժերի առջև դրված խնդիրների պլանավորումը, զորքերի (ուժերի) օպերատիվ կառավարումը:
Այսինքն, Նիկոլ Փաշինյանը գո՞հ է եղել պատերազմի ժամանակ զորքի օպերատիվ կառավարումից, թե՞ ճակատագրի հեգնանքով դարձյալ ամռանը, դարձյալ Արտակ Դավթյանից հետո նշանակում ենք ԳՇ պետ, որը հնարավոր պատերազմի դեպքում ԳՇ ղեկավարի պաշտոնում փորձառություն չի ունենալու: Պատմությունը կրկնվելո՞ւ է:
Իսկ գուցե այս նշանակումը անհրաժեշտ է պատերազմի հանգամանքների ուսումնասիրման փուլո՞ւմ՝ վերը նշված հանգամանքով պայմանավորված:
Կամ գուցե դաշնակցի հավանությա՞նն է արժանացել Ասրյանի թեկնածությունը՝ հաշվի առնելով, որ գեներալի ընտանիքի անդամները Ռուսաստանի քաղաքացիներ են: Պատճառները տարբեր կարող են լինել՝ պարզից մինչև չերևացող:
Բայց նաև չպետք է մոռանալ, որ բանակը գնալով պակաս ինքնուրույն է դառնում, և անգամ ճիշտ նշանակումը շատ դեպքերում չի կարող լուրջ ազդեցություն ունենալ բանակի վերականգնման հարցում, քանի որ Փաշինյանին (ինչպեսև՝ Ալիևին և Էրդողանին) պետք չէ հայկական բանակ, որը կարող է թույլատրելի սահմանում ինքնուրույն և թշնամու «աչքը վախեցնող» լինել:
Ի դեպ, գեներալ Ասրյանը ստորագրել էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ԳՇ հայտարարության տակ, երբ ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության օպերատիվ վարչության պետն էր: