Իրանը հայկական կողմից կոնկրետ ակնկալիքներ ունի․ ի՞նչ սպասել Վաշինգտոնից հետո Փեզեշքիանի այցից Հայաստան

Վաշինգտոնում օգոստոսի 8-ին Փաշինյանի, Ալիևի ու Թրամփի եռակողմ հռչակագրին ու ավելի լայն՝ հանդիպումներին և պայմանավորվածություններին առաջինն արձագանքեց հարևան Իրանի Իսլամական Հանրապետությունը։

Երևան-Բաքու-Վաշինգտոն պայմանավորվածությունը ձևավորելը՝ TRIPP-ը, ամենաշատը մտահոգել է Իրանի Իսլամական Հանրապետությանը, որը վերջին տարիներին հանդես է գալիս ՀՀ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության պահպանման դիրքերից՝ կտրուկ դեմ արտահայտվելով, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» պրոյեկտին։

Կողմերը պաշտոնապես համաձայնել են ձևավորել «Թրամփի ուղի», սակայն քաղաքական, հանրային դաշտում մտահոգությունները միայն շատանում են, որ սա պարզապես, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքն» է՝ ամերիկյան կորպորատիվ վերահսկողությամբ և պարզապես այլ անվանումով, թեև եռակողմ հայտարարության մեջ նշվում է նաև ՀՀ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության պահպանման ու իրավազորության մասին։ Սակայն, թե ինչպես է ՀՀ իրավազորությունը տարածվելու «Թրամփի ուղի» տարանցիկ գոտու վրա, հասկանալի չէ։

Ամենասուր հայտարարությունները եղան Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի արտաքին քաղաքական հարցերով խորհրդական, նախկին արտգործնախարար Ալի Աքբար Վելայաթիի կողմից, ով հայտարարեց, որ Իրանը կարգելափակի Կովկասի ամերիկյան միջանցքը՝ Ռուսաստանի հետ միասին կամ առանց Ռուսաստանի։ «Կովկասն աշխարհի ամենազգայուն աշխարհաքաղաքական կետերից մեկն է, և այդ անցումը ոչ թե Թրամփի սեփականությունը կդառնա, այլ գերեզմանի կվերածվի Թրամփի վարձկանների համար»,- ասել էր իրանցի պաշտոնյան: Վելայաթիի խոսքով՝ «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը փոխում է տարածաշրջանում ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակը, հանգեցնում է սահմանների փոփոխության և միտված է Հայաստանի մասնատմանը»։

Կարդացեք նաև

ԻԻՀ հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին էլ գրառում էր արել, նշելով․ «Իսլամական Հանրապետությունը երբեք չի ընդունի այնպիսի քաղաքականություն և ծրագրեր, որոնք կհանգեցնեն Իրանի և Հայաստանի միջև սահմանի փակմանը»:

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն էլ հայտարարել էր, թե այնպես չէ, ինչպես լուրերում ուռճացնում են։ «Այս ուղու հետ կապված՝ Իրանի պահանջները հաշվի են առնվել։ Տարածքային ամբողջականության հարցը, դեպի Եվրոպա կամ հյուսիս մեր ճանապարհի չփակվելու հարցերը հաշվի են առնվել»,- նշել էր Փեզեշքիանը։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին էլ հայտնելով որոշակի մտահոգություններ, նշել էր, թե միջանցքի հարցը լիովին մի կողմ է դրվել, և խոսքը տարանցիկ ճանապարհի մասին է, որը կկառուցվի Հայաստանի ինքնիշխանության և իրավասության ներքո՝ այս երկրի տարածքում։

Իրանի նախագահի աշխատակազմի արարողակարգի ղեկավարի տեղակալ և Ադրբեջանում Իրանի նախկին դեսպան Սեյեդ Աբբաս Մուսավին հարցազրույց է տվել «Mehr» լրատվական գործակալությանը և նշել, թե Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքված համաձայնագիրը պիտի վերանայվի։ Նա նշել էր, որ Իրանը դեմ չէ տրանսպորտային ուղիների բացմանը, բայց և թույլ չի տա, որ տարածաշրջանային երկրները սահմանեն իրենց շահերն այնպես, որ դրանք հակասեն Իրանի շահերին։

Օգոստոսի 8-ին հաջորդեցին Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի հեռախոսազանգերն իրենց իրանցի պաշտոնակիցներին։ Ի թիվս այլ հեռախոսազանգերի, այս հեռախոսազանգերի նպատակը գործընկերներին վաշինգտոնյան բանակցությունների արդյունքները ներկայացնելն էր։ Պաշտոնական Թեհրանի տարածած հաղորդագրությունը Փաշինյան-Փեզեշքիան հեռախոսազրույցի մասին ուշագրավ շեշտադրումներ էր պարունակում։

Ըստ IRNA գործակալության՝ անդրադառնալով ԱՄՆ-ի մասնակցությամբ Կովկասում տարանցիկ միջանցքի նախագծի իրականացման համաձայնագրին՝ Փեզեշքիանը զգուշացրել է ամերիկյան կողմի հնարավոր գործողությունների մասին, տնտեսական ներդրումների և խաղաղություն ապահովելու պնդումների քողի տակ կարող են հետապնդել գերիշխող նկրտումներ Կովկասում։ Նա ընդգծել է այս գործընթացում Հայաստանի ինքնիշխանությունը պահպանելու և այս նախագծի պատրվակով ցանկացած ռազմական կամ անվտանգության միջամտություն կանխելու անհրաժեշտությունը։ «Մենք պետք է ապահովենք, որ այս երթուղին իսկապես դառնա խաղաղության և զարգացման ուղի, այլ ոչ թե գործիք օտարերկրյա տերությունների գերիշխող նկրտումների համար»,- հավելել է նա։

Իրանական կողմի մտահոգությունները փարատելու համար իշխանությունը Թեհրան էր գործուղել Վահան Կոստանյանին։

Օգոստոսի 12-13-ը ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն այցելել է Իրանի Իսլամական Հանրապետություն, որտեղ հանդիպումներ է ունեցել Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի, ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Մաջիդ Թախթ Ռավանչիի, ԻԻՀ Գերագույն առաջնորդի խորհրդական, Արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազիի, միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթիի, ինչպես նաև Իրանի նախագահի քաղաքական հարցերով խորհրդական Մեհդի Սանայիի հետ:

Այս ֆոնին հայտնի դարձավ, որ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը եռօրյա այց կկատարի Հայաստան։

Նա ՀՀ-ում կլինի օգոստոսի 18-21-ը, և այցի շրջանակում օգոստոսի 19-ին Երևանում կանցկացվի Հայաստան-Իրան գործարար համաժողով։ Այնուամենայնիվ, հարկ է այստեղ հստակեցնել, որ Փեզեշքիանի այցը ՀՀ երկար էր ծրագրվում և նախատեսվում էր այս ամառ, վաշինգտոնյան պայմանավորվածությունները կարծես միայն կփոխեն այդ այցի օրակարգը, քննարկվելիք թեմաներն ու քննարկումների շեշտադրումները։

Իրանական մեր աղբյուրների փոխանցմամբ, ԻԻՀ նախագահի մակարդակով այց ՀՀ ծրագրվում էր դեռևս նախկին նախագահ Իբրահիմ Ռաիսիի օրոք՝ 2024 թվականի մայիսին, սակայն Ռաիսին ու իրանական պատըվիրակությունը մեկնեցին Ադրբեջան, ու Իրան վերադարձի ճանապարհին տեղի ունեցավ ողբերգական ավիավթար, որի հետևանքով մահացան ԻԻՀ նախագահը, ԱԳ նախարարը և մի շարք այլ գործիչներ։

Մեր տեղեկություններով, Փեզեշքիանի այցը ծրագրվում էր այս տարվանից, որի օրակարգը ներառում էր համագործակցության բոլոր ոլորտները, սակայն քաղաքական ու տնտեսական, առևտրային համագործակցության ընդլայնման նկատմամբ շեշտադրմամբ։

«Ակնհայտորեն, ներկայումս այցի օրակարգն ամբողջությամբ կենտրոնացած է Երևան-Բաքու ԱՄՆ-ում ձեռքբերված պայմանավորվածությունների վրա։

Իրանական կողմի համար այս այցը հնարավորություն է բացահայտել բոլոր մութ հարցերը և այն, թե ինչպիսին է լինելու ամերիկյան վերահսկողությունը։ Սա գլխավոր հարցն է, քանի որ բոլոր մտահոգությունները կապված են սահմանը սահմանափակելու, ինչպես նաև ամերիկյան ներկայության հեռանկարների հետ՝ այն դեպքում, երբ մեկ ամիս առաջ էր ԱՄՆ-ը հարվածներ հասցնում Իրանին։

Ուստի, հաշվի առնելով հարցի ծայրահեղ զգայունությունը, այստեղ հարկավոր են մեխանիզմներ ու գործիքներ այդ մտահոգությունները փարատելու համար։ Թե ինչ կոնկրետ որոշումներ կկայացվեն, ասելը բարդ է, բայց այդ հնարավոր տարբերակները կքննարկվեն Երևանում։

Թեհրանի համար ռեգիոնալ խաղաղության հեռանկարի ամենակարևոր շահն այս պահին ոչ այնքան առևտրային հետագա հնարավորություններն են, որքան անվտանգային մտահոգությունների չեզոքացումը հստակ մեխանիզմների միջոցով»,- նկատեց մեր զրուցակիցը։ Նա նաև տեղեկացրեց, որ հարցը քննարկվում է նաև ռուսական կողմի հետ։

«Կոնկրետ արագ խորհրդակցությունների նպատակով Թեհրան է ժամանել ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը Հարավային Կովկասում, քննարկումներն ընթացել են կոնսենսուսի մթնոլորտում, որ ռեգիոնալ երկրների դերակատարությունը պետք է էական լինի։ Անկախ ՌԴ դիրքավորումից՝ Իրանը տրամադրված է լուծել հնարավոր խնդիրները, այդ տեսանկյունից Իրանի նախագահի առաջիկա այցը ՀՀ շատ կարևոր է, Իրանում Վաշինգտոնում տեղի ունեցածի վերաբերյալ դիրքորոշումների տարբերություն չկա, երբեմն տարբերվում են շեշտադրումներն ու անդրադարձի ձևը, սակայն կոնսենսուսը հստակ է՝ Իրանը վստահելի միջավայր է ցանկանում ունենալ ռեգիոնում և հարևանությամբ, հատկապես, երբ ՀՀ-ն է բազմիցս վստահեցրել, որ դեմ է միջանցքներին»,- ասաց մեր զրուցակիցը։

Տեսանյութեր

Լրահոս