
Իրանում մտահոգությամբ են հետևում «Զանգեզուրի միջանցքի» շուրջ պայմանավորվածություններին. հաջորդ թիրախը լինելու է Իրանը. Արամ Շահնազարյան

Հուլիսի 14-ին 168.am-ն անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքի» շուրջ զարգացումներին, ամերիկյան առաջարկներին ու հավակնություններին, և դրանց՝ թուրքական դիրքորոշման հետ համապատասխանելիությանը: Իսկ Էրդողանի աշխատակազմից ավելի ուշ ընդամենն արձագանքել են, թե իբր տեղյակ չեն «Զանգեզուրի միջանցքը» կառավարելու ամերիկյան մտադրության մասին, ուստի չեն կարող մեկնաբանել։
Իր հերթին՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախկին նախարար Թոֆիկ Զուլֆուգարովն ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում նշել է, որ Ռուսաստանը 5 տարի ժամանակ ուներ, որպեսզի ապահովեր 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետի պահանջների իրականացումը՝ «եթե Ռուսաստանը չի կարողացել դա անել, կամ՝ չի ցանկացել, այդ հարցն արդեն մեզ չէ, որ պետք է ուղղել»: Միաժամանակ ադրբեջանցի նախկին պաշտոնյան նկատել է, որ ո՛չ Իրանը, ո՛չ էլ Ռուսաստանը չեն ցանկանում Արևմուտքին հանձնել միջանցքի հսկողությունը: Այլ հարց է՝ որքանով են ակտիվ և դիմադրության ինչ կարողություններ ունեն:
168.am-ի հետ զրույցում Թեհրանի «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Շահնազարյանը վստահեցրեց, որ Իրանում մտահոգությամբ են հետևում Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության բանակցություններին և դրա շրջանակում ձեռք բերվող պայմանավորվածություններին, մասնավորապես՝ «Զանգեզուրի միջանցքի» հարցում:
«Մի քանի անգամ ձեզ հետ զրույցում ասել եմ, որ իրանական փորձագիտական շրջանակները կոչում են «ՆԱՏՕ-ի թուրանական միջանցք», այսինքն՝ «Զանգեզուրի միջանցքի» կյանքի կոչումը նրանց համար կարևոր քայլ է` «Թուրանի» կազմում ամբողջ Հարավային Կովկասը ներառելու անգլո-սիոնիստական հրեշավոր ծրագրի իրականացման ուղղությամբ, ինչն աշխարհաքաղաքական լուրջ վտանգներ է ներկայացնում Իրանի անվտանգային մթնոլորտի և տարածքային ամբողջականության համար։ Ըստ այդմ՝ Իրանի փորձագիտական շրջանակները վստահ են, որ հաջորդ թիրախը միանշանակ լինելու է Իրանը»,- նշեց նա:
Ինչ վերաբերում է Իրանի համար Նախիջևանի կարևորությանը, Արամ Շահնազարյանն ասաց.
«Իրանի համար ներկա դրությամբ գոյություն չունի առանձին վերցրած Նախիջևանի խնդիր։ Խնդիրն ինքն Ադրբեջանն է (ներառյալ՝ բռնազավթված Արցախը), որը վերածվել է հակաիրանական գործողությունների կենտրոնի։ Չմոռանանք, որ Իրան-Իսրայել պատերազմի ժամանակ Ադրբեջանը թույլ է տվել Իսրայելին օգտագործելու իր տարածքը` Իրանի հյուսիսային քաղաքներին հարվածելու համար։ Իրանական փորձագիտական շրջանակներն ահազանգում են այն մասին, որ Ադրբեջան կոչված պետությունը փաստացի վերածվել է «երկրորդ Իսրայելի» և Իրանի թշնամի պետության»:
Հավելենք, որ 168.am-ի հետ հարցազրույցում «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանը շեշտել էր, որ Իրանի համար Սյունիքը և Նախիջևանը միևնույն ռազմավարական տիրույթում ընկած զուգահեռ կարմիր գծեր են. Սյունիքը՝ որպես հաղորդակցային ռազմավարական խողովակ, Նախիջևանը՝ ռազմական սպառնալիքի թատերաբեմ:
«Սյունիքի կտրումն Իրանին զրկում է Եվրոպա դուրս գալու ուղուց, իսկ Նախիջևանի ռազմականացումը նրան շրջափակում է հյուսիսից։ Այնպես որ, Իրանի կողմից այս հայտարարություններն ու հակազդող դիվանագիտական քայլերը պետք է նայել այդ դիտանկյունից»,- ասել էր նա:
Հիշեցնենք, որ վերջերս Ալիևը որոշեց փոխել Նախիջևանի Ինքնավար Հանրապետության սահմանադրությունը, որտեղից հանվել են Մոսկվայի և Կարսի պայմանագրերի մասին բոլոր հիշատակումները։ Փոխարենը՝ սահմանադրության տեքստում հստակ ընդգծվել է՝ «Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը Ադրբեջանի անբաժան մասն է»։
Բացի այս, Ադրբեջանի կազմում գտնվող ինքնավար հանրապետության նախարարների կաբինետը ենթարկվելու է ոչ թե Գերագույն մեջլիսին, այլ Ադրբեջանի նախագահին՝ իր աշխատանքի կարգը համաձայնեցնելով հենց նրա հետ: