
Ադրբեջանում հաստատում են՝ «Զանգեզուրի միջանցքին» առնչվող ԱՄՆ դիրքորոշումը Թուրքիայի դիրքորոշումն է. այն լուծում է Ադրբեջանի ազգային անվտանգության հարցը

Հուլիսի 10-ին Աբու Դաբիում տեղի է ունեցել Ալիև-Փաշինյան հանդիպումը, որը տևել է մոտ 5 ժամ. օրակարգային գլխավոր հարցերից մեկը եղել է «Զանգեզուրի միջանցքի» բացումը:
168.am–ը գրել է, որ հանդիպման վայրի առաջարկն արել է Ադրբեջանը. ադրբեջանական կողմն ԱՄԷ-ին համարում է կոնֆլիկտների կարգավորման հարցերում անկողմնակալ կամ չեզոք խաղացող, այսինքն՝ նա չի փորձում միջամտել կամ ազդել բանակցային գործընթացի և արդյունքների վրա, ինչը և Աբու Դաբիի քաղաքական «բրենդն» է կամ «ֆիշկան»:
Սա նշանակում է, որ Փաշինյան-Ալիև պատմական համարված հանդիպման վայրը նաև Թուրքիայի ընտրությունն էր, հատկապես որ, ԱՄԷ-ի հետ ռազմավարական գործընկերություն ունի նաև թուրքական կողմը, որն ընդգրկում է բոլոր ոլորտները, այդ թվում՝ պաշտպանական արդյունաբերության:
Եվ, թերևս, պատահական չէ, որ Աբու Դաբիի հանդիպումից հետո շատ չանցած Թուրքիայի նախագահ Էրդողանը հենց ԱՄԷ նախագահ շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ հեռախոսազրույցում է նշել, որ Անկարան ուշադիր հետևում է Ադրբեջանի և Հայաստանի միջև Աբու Դաբիում մեկնարկած խաղաղության բանակցություններին և շարունակելու է աջակցել Կովկասում կայունություն հաստատելու ջանքերին։
Իսկ այս տարվա մայիսին Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավար Հաքան Ֆիդանն այցելել էր Աբու Դաբի, և հանդիպման «բովանդակությունը» չէր գաղտնազերծվել:
Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմի օրերին Հաքան Ֆիդանն էր ղեկավարում Թուրքիայի ազգային հետախուզությունը (MIT), ով այսօր Թուրքիայի արտաքին գործերի նախարարն է, և 44-օրյա պատերազմից ոչ անմիջապես հետո Թուրքիայի նախագահ Էրդողանի կողմից պարգևատրվել էր, ըստ էության, 2020թ. պատերազմում կատարած առաքելության համար:
Այս եզրահանգումն արել ենք՝ հաշվի առնելով այն, որ իր պարգևը վերցնելիս Հաքան Ֆիդանը հայտարարել էր, թե ընդունում է այն հանուն իրենց ընկերների կամ նրանց անունից, ովքեր ոչ միայն Լիբիայում, Սիրիայում, Իրաքում, այլև «Ղարաբաղում նահատակվել են Էրդողանի հրամանները կատարելիս»:
Իսկ Ալիև-Փաշինյան հանդիպումից մոտ մեկ ամիս առաջ՝ հունիսի 5-ին, տեղի էր ունեցել Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույց, իսկ հունիսի 20-ին Փաշինյանը մեկնել էր Թուրքիա, որի ժամանակ անդրադարձ է եղել «Զանգեզուրի միջանցքի» բացման թեմային, ուստի Աբու Դաբիի հանդիպումից 5 օր առաջ Էրդողանը փակագծեր էր բացել, որ «չնայած սկզբում Հայաստանը դեմ էր «Զանգեզուրի միջանցքին», այժմ այն ավելի ճկուն մոտեցում է ցուցաբերում տնտեսական ինտեգրացիային մասնակցելու հարցում»։
Նույն ժամանակում տեղեկություններ շրջանառվեցին ամերիկյան առաջարկների առնչությամբ:
Մենք գրել ենք, որ ԱՄՆ-ը իր միջնորդությունը Հայաստան-Ադրբեջան խաղաղության բանակցություններում իրացնում է Թուրքիայի միջոցով: Եվ այսօր ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում Ադրբեջանի արտաքին գործերի նախկին նախարար Թոֆիկ Զուլֆուգարովը, ըստ էության, հաստատել է մեր դիտարկումը:
Նա, մասնավորապես, նշել է, որ «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված ամերիկյան դիրքորոշումը համընկնում է Թուրքիայի դիրքորոշման հետ, ով այսօր Հարավային Կովկասում կարևոր խաղացող է: Միաժամանակ ադրբեջանցի նախկին պաշտոնյան նկատել է, որ ո՛չ Իրանը, ո՛չ էլ Ռուսաստանը չեն ցանկանում Արևմուտքին հանձնել միջանցքի հսկողությունը: Այլ հարց է՝ որքանով են ակտիվ և դիմադրության ինչ կարողություններ ունեն:
««Զանգեզուրի միջանցքի» թեման, իմ կարծիքով, դարձել է քաղաքական առևտրի թեմա: Այսինքն, կան թեմաներ, որ քննարկվում են ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև, ԱՄՆ-ի և Իրանի մեջ, և տպավորություն կա, որ զանգեզուրյան թեման մտել է այս բանակցությունների օրակարգ: Տեսնենք՝ ինչպես կզարգանա իրավիճակը: Բայց միջազգային ուշադրությունը «Զանգեզուրի միջանցքի» բացման թեմայի շուրջ լիովին համապատասխանում է Ադրբեջանի հետաքրքրություններին՝ առանցքային ռազմավարական խնդիրների լուծման տեսանկյունից»,- շեշտել է Զուլֆուգարովը՝ հավելելով, որ Ռուսաստանը 5 տարի ժամանակ ուներ, որպեսզի ապահովեր 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետի պահանջների իրականացումը:
«Եթե Ռուսաստանը չի կարողացել դա անել, կամ՝ չի ցանկացել, այդ հարցն արդեն մեզ չէ, որ պետք է ուղղել»,- ընդգծել է Ադրբեջանի արտաքին գործերի նախկին նախարարը:
Հետաքրքիր է և ոչ զարմանալի, որ Ադրբեջանը նույնքան համառությամբ չի հիշում եռակողմ հայտարարության մյուս կետերի կատարումը, օրինակ, որ կողմերը պետք է կանգ առնեն հրադադարի դրությամբ զբաղեցրած դիրքերում, որ Լաչինի միջանցքը պետք է ապահովի Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ, որ գերիները, պատանդները և այլ պահվող անձինք պիտի ազատ արձակվեն, որ ռուս խաղաղապահները 5 տարի ժամկետով պետք է մնան Արցախում, ավելին, նրանց խաղաղապահության ժամկետը «հերթական 5-ամյա ժամկետներով ավտոմատ կերպով երկարաձգվում է, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի սույն դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին»:
Սա շատ կարևոր փաստ է, որը մոռացվել է, երբ եռակողմ հայտարարությունը մինչև նոյեմբերի 9-ը ուժի մեջ է, ավելին, ժամկետի լրացումից 6 ամիս առաջ կողմերից որևէ մեկը չի հայտարարել դրա դադարեցման մասին: Այսինքն, դե յուրե ռուս խաղաղապահների գործունեության ժամկետը երկարաձգվել է ևս 5 տարով: Եվս մեկ անգամ նշենք՝ դե յուրե, քանի որ դե ֆակտո 2023 թվականին Արցախի հայաթափումից հետո նրանք դուրս են եկել: Արդյո՞ք Հայաստանը կարող է պահանջել այս դրույթի իրականացումը, դե յուրե՝ այո, դե ֆակտո՝ ավելորդ է ասել, թե որքանով է դա իրատեսական՝ մի շարք հանգամանքներով պայմանավորված:
Վերադառնալով «Զանգեզուրի միջանցքի» կարևորությանն Ադրբեջանի համար, հավելենք, որ ադրբեջանական ռազմական գերատեսչությանը մոտ կանգնած երկրի լրատվամիջոցներից մեկն ակնարկել է, որ միջանցքի բացմամբ ոչ միայն տարածաշրջանի աշխարհաքաղաքական քարտեզն է փոխվում, ոչ միայն սրա միջոցով Ադրբեջանն ուղիղ կապ է հաստատում Նախիջևանի հետ (որի ինքնավարությունն Ալիևը «նվազեցրեց»), այլև սա Ադրբեջանի ազգային անվտանգության ապահովման կարևոր գործոն է:
Այսինքն, այսօր Արևմուտքի օգնությամբ Ադրբեջանը փորձում է ազգային անվտանգության խնդիր լուծել, և շատ հնարավոր է, որ Նախիջևանի հետ Ադրբեջանի ուղիղ կապը փաթեթավորվել է, օրինակ, այսպես՝ այն կարևոր է Իրանի «ագրեսիայի» և այլ հարցերի տեսանկյունից, եթե մի կողմ ենք դնում էներգետիկ և լոգիստիկ ճկուն առաջարկների դերակատարներին: Եվ սա այն դեպքում, երբ Իրանի համար Սյունիքը և Նախիջևանը միևնույն ռազմավարական տիրույթում ընկած զուգահեռ կարմիր գծեր են: Իրանական մեր աղբյուրները հայտնում են, որ «Զանգեզուրի միջանցքի» շուրջ վերջին իրադարձությունների նկատմամբ Իրանում չափազանց բացասական վերաբերմունք կա, և այնտեղ մտահոգությամբ են հետևում իրադարձությունների ընթացքին:
Այսօր փաստորեն ունենք հետևյալ իրավիճակը՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրներից ԱՄՆ-ը փորձում է ինչ-ինչ միջնորդական առաքելություն իրականացնել Թուրքիայի միջոցով, որը մշտապես ձգտել է դառնալ միջնորդ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում, որի ժամանակ փորձ է արվում ամբողջ գործընթացից դուրս մղել ՄԽ համանախագահող երկիր Ռուսաստանին, որը նաև եռակողմ հայտարարության կողմ է, ՄԽ համանախագահող երկիր Ֆրանսիայի դիրքորոշումն այս դեպքում պարզ է: Իսկ Ադրբեջանն ու ՀՀ գործող իշխանությունը պնդում են, որ այս առումով լրիվ «մաքուր» բանակցություններ են՝ առանց միջնորդների:
Ի դեպ, վերադառնալով Զուլֆուգարովի մտքին, թե «Զանգեզուրի միջանցքի» թեման աշխարհաքաղաքական առևտրի առարկա է դարձել, նշենք, որ օրեր առաջ միջազգայնագետ, ամերիկագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել՝ նշելով, թե «Ադրբեջանն ու Թուրքիան անունը կդնեն «Զանգեզուրի միջանցք», Իրանն ու ՌԴ-ն՝ կոմունիկացիաների ապաշրջափակում, Հայաստանը՝ խաղաղության խաչմերուկ, մյուս միջազգային խաղացողները կողջունեն կողմերի ջանքերը և կքաջալերեն ցավոտ զիջումները»: