Ուկրաինայում կհետաքննեն Կիևում հրաձգության վայրից ոստիկանների փախուստի դեպքը
Համացանցում տեսանյութ է հայտնվել, թե ինչպես են ոստիկանները փախչում հրաձիգից Կիևում երեկ տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ։ Նրանք քաղաքացիական անձանց թողել են առանց պաշտպանության։ Կանցկացվի ծառայողական քննություն, հայտնել է Ուկրաինայի ներքին գործերի նախարար Իգոր Կլիմենկոն, հայտնում է РБК-Украина-ն։
Ականատեսների հրապարակած տեսանյութում երևում է, թե ինչպես են պարեկները փախչում՝ լսելով կրակոցների ձայները։ Բացի այդ, ոստիկաններն առանց պաշտպանության են թողել քաղաքացիական անձանց, մասնավորապես՝ մի երեխայի։ Տեսանյութում երևում է նաև, թե ինչպես է ահաբեկիչը կրակում մի տղամարդու վրա, իսկ անչափահաս տղան փորձում է փախչել։
Կլիմենկոն արդեն արձագանքել է միջադեպին։ Նախարարը հանձնարարել է Ուկրաինայի Ազգային ոստիկանության պետ Իվան Վիգովսկուն ծառայողական քննություն անցկացնել Կիևում ահաբեկչության ժամանակ ոստիկանների գործողությունների վերաբերյալ։ Նա նշել է, որ Ազգային ոստիկանությունը կարճ ժամկետում կհրապարակի քննության արդյունքներն ու որոշումները։ Ստուգման ընթացքում ոստիկանության աշխատակիցները հեռացվել են ծառայողական պարտականությունների կատարումից։
Հիշեցնենք, որ ապրիլի 18-ի երեկոյան զինված տղամարդը քաոսային կրակ է բացել Կիևի Գոլոսեևյան շրջանի անցորդների վրա, իսկ դրանից առաջ հրկիզել էր սեփական բնակարանը։ Այնուհետև նա ներխուժել և պատնեշվել էր «Վելմարտ» սուպերմարկետում, որտեղ մարդիկ կային։ Ոստիկանությունն ու իրավապահ մյուս մարմինները շրջափակել էին տարածքը, որից հետո բանակցողները շուրջ 40 րոպե փորձում էին կապ հաստատել տղամարդու հետ։
Այն բանից հետո, երբ նա սպանել է պատանդներից մեկին, հատուկջոկատայինները գրոհել են սուպերմարկետը։ Հրաձիգը կրակ է բացել ոստիկանների ուղղությամբ և վնասազերծման ժամանակ սպանվել է։ Ուկրաինայի իրավապահ մարմինները տղամարդու գործողությունները որակել են որպես ահաբեկչություն։ Հրաձգության հետևանքով զոհվել է 6 մարդ, ավելի քան տասը հոգի վիրավորվել է։



