Ծարավ աղբյուրի առեղծվածը․ Մի ժամանակ՝ սրբավայր, այսօր՝ փակ տարածք․ ի՞նչ բացահայտեց հետազոտությունը

Ծիսական աղբյուրից՝ քաղաքային թաղամաս։ Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարածքում գտնվող Ծարավ աղբյուրի պատմական, մշակութային և սոցիալ-տնտեսական նշանակության, արված բացահայտումների մասին զրուցել ենք բանասիրական գիտությունների թեկնածու (բ.գ.թ.) ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Բանահյուսության տեքստաբանության բաժնի և ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Հասմիկ Գալստյանի հետ։

Ծարավ աղբյուրն ունեցել է պատմական, տնտեսական, ծիսական նշանակություն։ Ի՞նչ բացահայտումներ եք կատարել հետազոտության ընթացքում։

Հետազոտությունը կատարել եմ ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտում իրականացվող և Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորվող մի ծրագրի շրջանակում, որը կոչվում է «Ջրօգտագործման մշակույթը հայկական լեռնաշխարհում՝ հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը»։ Ինձ բաժին ընկած հատվածն աղբյուրների հետ կապված ուսումնասիրությունն էր։ Հետաքրքիր էր «Ծարավ աղբյուրի» պատմությունը։ Ես այնտեղ եմ բնակվում ու բազմաթիվ պատմություններ եմ լսել աղբյուրի հետ կապված։ Այն հին, բնական աղբյուր է։ Հրազդան գետի կիրճում գտնվող մի քանի աղբյուրներից մեկն է։ Կարող եմ հիշատակել Դավալ, Ցամաք, Փիրուզան, Շոռ աղբյուրները։ Այս աղբյուրների մասին շատ նյութեր չկան, միայն Շոռ աղբյուրի մասին կարող եմ ասել, որ հին քանաքեռցիներն իրենց խոհանոցում սնունդ պատրաստելիս Շոռ աղբյուրի ջուրն էին օգտագործում՝ աղը խնայելու համար։ Այն բավականին աղի ջուր է եղել և ճաշին գրեթե աղ չեն ավելացրել։

Կարդացեք նաև

Ծարավ աղբյուրը բնական աղբյուր է։ Շատ հետաքրքիր պատմություններ կան՝ անվան ծագման հետ կապված։ Հիմնական վարկածը կապվում է ժողովրդական «Ջուրը տանել, ծարավ հետ բերել» առածի հետ։ Պատմում են, որ գյուղի երկու քեդխուդաներ՝ տանուտերեր, ինչ-որ հարցի շուրջ վիճելիս են լինում, և նրանցից մեկը, որն ավելի խորամանկ էր, մյուսին նսեմացնելու համար ասում է․ «Ես քեզ կտանեմ աղբյուրը, ծարավ հետ կբերեմ»։ Միասին գնում են, ընդդիմախոսը փորձում է ջուրը խմել, մյուսն ասում է՝ այդպես չի լինի, մի վկա չկա, որ հաստատի ջուր խմելու փաստը։ Ջուրը բռից թափում է, գնում են գյուղ՝ վկա բերելու։ Աղբյուրից քեդխուդայի ծարավ վերադառնալու փաստը տարածվում է ու այդ օրվանից աղբյուրի անունը դնում են Ծարավ աղբյուր։

Աղբյուրի անվան ծագման մասին այլ տարբերակ էլ է շրջանառվում։ Երվանդ Լալայանը գրում է, որ աղբյուրն անվանել են «Ծարավ» այն պատճառով, որ ջուրը խմելուց հետո ծարավը չի հագենում։ Մեկ այլ տարբերակի համաձայն՝ ճանապարհորդները հենց այնտեղ են հագեցնում ծարավը, ինչն էլ հիմք է դարձել անվան ձևավորման համար։

Կա մեկ այլ տարբերակ, որը տարբերվում է մյուսներից․ պատմում են, որ կարսեցի երկու եղբայր՝ քարտաշ վարպետներ, գալիս են Քանաքեռ և աղբյուր են կառուցում, և պետք է ջուր բերեն-հասցնեն բնակիչներին։ Վարպետներն աշխատում են, և մի պառավ կին իր պուլիկով ջուր է բերում նրանց՝ ասելով․ «Աղբյուր են կառուցում, բայց իրենք ծարավ են»։ Այստեղից էլ իբր առաջանում է Ծարավ աղբյուրի անունը, բայց այս վերջին տարբերակն այնքան էլ հավանական չի թվում, քանի որ Ծարավ աղբյուրը բնական աղբյուր է։

Նախկինում այլ անվանո՞ւմ է ունեցել։

– Ոչ անվանում չի ունեցել։ Շրջանառվել են վերը թվարկված վարկածները։ Ի դեպ, աղբյուրը քանաքեռցիների համար ամենատարածված հանգստի վայրն է եղել։ Ծառայել է նաև որպես ծիսական տարածք։ Քանաքեռցիները Վարդավառին և Համբարձման տոնին ուխտի էին գնում Արա լեռան վրա գտնվող Ծաղկեվանք, սակայն կային ընտանիքներ, որ այնտեղ չէին կարողանում հասնել և իրենց ուխտը կատարում էին Ծարավ աղբյուրի տարածքում, և Խաչատուր Աբովյանն իր գործերից մեկում գրում է․ «Մի խաչի ու սրբի զորություն էլ Ծարավ աղբյուրն ուներ»։

Հովհաննես Նազարյանցի «Նախապաշարմունք» ժողովածուում կարդում ենք հետևյալ տողերը․ «Քանաքեռի ձորում «Ծարավ աղբյուր» կոչվող մի աղբյուր կա, որի ավազանի մեջ ինչ ասես կարելի է գտնել։ Կանայք գալիս, ինչ-որ իր էին գցում ավազանի մեջ՝ լինի ծամակալ, կոճակ, քորոց և այլն ու պատահական իր վերցնելով՝ գուշակում էին ապագա երեխայի սեռը։ Այնտեղ են գնացել նաև սակավակաթ կանայք, ովքեր նոր են ծննդաբերել և չեն կարողացել կերակրել երեխաներին։ Նրանք դեմքով նստում էին դեպի Ծարավ աղբյուրը և սկեսուրը կամ մայրը թիկունքից խաշած հատիկներ էր լցնում, իսկ կինը երեխան գիրկը նստած է՝ իբր կերակրում է և նայելով աղբյուրի ջրին՝ ենթադրվում էր, որ կաթը պետք է առատանա։

Այդտեղ նաև սուրբ քար է եղել։

– Այո, աղբյուրի մեջ փոքր ժայռի նման քար է եղել, և ազգագրագետ, բանահավաք Երվանդ Լալայանն ասում է, որ այդ քարի մեջ հաշվել է 56 գամ։ Ի՞նչ նպատակով է սա արվել։ Ժողովուրդն ընդհանրապես քարի և երկաթի համադրությամբ փորձել է իր հիվանդությունը, վատ տրամադրությունը թողնել, և այդ ամենին բուժիչ նշանակություն է տվել։ Հիմնականում Ծարավ աղբյուրի նշանակությունը կապվում է չբերության հետ, երբ չբեր կանայք ուխտի էին գալիս, մեխեր էին բերում, մեխում պատին՝ հավատալով, որ իրենց հիվանդությունը, չբերությունը գամում են մեխին և այսուհետ համարվելու են բուժված։ Այս երևույթը բավականին տարածված է եղել Կոտայքի, Արագածոտնի մարզերում։ 2-3 տարբերակ ևս ունենք, որ քարերին մեխեր կան։ Մեկն Իրինդ գյուղի Մխով աղբյուրն է, մյուսը՝ Օհանավան գյուղի տարածքում է։ Բավականին մեծ քարաբեկոր է, որի վրա անթիվ-անհամար մեխեր կան գամված։

Սա նոր երևույթ չէ։ Մ․թ․ա 4-րդ դարից այս ծեսն առկա է եղել։ Սրա զուգահեռը, իմ կարծիքով, հետևյալն է՝ մեզանից շատերն ուխտավայր գնալիս կտեսնեն հատկապես առվակների մոտ ծառերի՝ վրան կախված լաթեր, և ասում են՝ ինչ-որ նպատակով են գալիս, օրինակ, ինչ-որ հիվանդություն բուժելու նպատակով, լաթերը կապում են՝ իրենցից մի մաս պոկելով, հիվանդությունը թողնելով։

Հիմա Ծարավ աղբյուրի այդ քարը կա՞։

– Հիմա չկա։ Վերջինը Երվանդ Լալայանի վկայությունն է, Երվանդ Շահազիզն «Աշտարակ քաղաքի պատմությունը» գրքում իր լուսանկարն է զետեղել՝ Ծարավ աղբյուրի կողքը նստած։ Ուշադիր նայելիս տեսնում ենք, որ Շահազիզը նստած է այդ քարի կողքը, մանր խաչեր են փորագրված և մեխեր են երևում։ Եվ 1949թ․ Երվանդ Քոչարը մի յուղաներկ կտավ ունի, որը հիմա պահվում է Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում, և այստեղ էլ երևում է քարը՝ վրան մեխեր։

Ցավոք, մեզ չի հաջողվել այդ քարը տեսնել, որովհետև հիմա Ծարավ աղբյուրի այդ ամբողջ ձորի հատվածը համարվում է սանիտարական գոտի, «Վեոլիա ջրի» կողմից արգելապատնեշներով փակ է, ուղղակի հնարավոր չէ մտնել, և մենք հարցում կատարեցինք՝ խնդրելով գոնե թույլ տալ մտնել և քարը նկարել՝ թույլ չտվեցին։ Փոխարենը՝ իրենք որոշ հատվածներ լուսանկարեցին, ուղարկեցին՝ պատճառաբանելով, որ սանիտարական գոտի է և կողմնակի անձանց մուտքը խստիվ արգելվում է։

Իմ դաշտային նյութն էլ է վկայում, որ մինչև 1970-ական թվականներն այդ աղբյուրի տարածքը եղել է տոնակատարությունների, հանգստի անցկացման վայր, և քանաքեռցիների միջին ու ավագ սերնդի ներկայացուցիչները միչև օրս էլ կարոտով հիշում են իրենց մանկության, երիտասարդության օրերը, երբ Ծարավ աղբյուրի մոտ անցկացրել են իրենց ժամանցը։

82-ամյա մի բանասաց ասում էր, որ ինքը տեսել է այդ քարը, բայց թե հետո ի՞նչ է եղել՝ չգիտի։ Պատմում էր, որ մեծերն ասել են՝ հանկարծ քարին ձեռք չտան, վրայից մեխերը չհանեն, քանի որ ձեռքը կթուլանա, կմահանան։ Այսինքն, հավատում էին, որ քարը կարող է իրենց վնաս պատճառել։ Ուղղակի այս պահի դրությամբ այդ քարի գտնվելու վայրի մասին տեղեկություն չունենք։

Ծարավ աղբյուրը ջրով է ապահովել Երևանին և հարակից բնակավայրերը, մինչև ե՞րբ։

-Այդ հարցն ինձ էլ է հետաքրքիր։ Ի դեպ, նախկինում այն կոչվել է Իլյիչի փողոց, և երբ Ծարավ աղբյուրից ջուր են տարել նոր կառուցվող թաղամասեր՝ ջրով ապահովելու համար, ասել են, որ Ծարավ աղբյուրի ջուրն է այստեղով գնում, ու փողոցի անունն այդպես են դրել։ Սակայն 1981թ․, երբ փողոցների և բնակավայրերի անվանափոխման գործընթաց էր գնում, մեր գործընկերներից Զավեն Խառատյանն առաջարկել է փողոցը վերանվանել Ծարավ աղբյուր, որովհետև այդ տարածքում է գտնվում, ինչպես նաև բավականին մեծ հիշողություն է պարունակում։

Հետաքրքիր էր նաև այն, թե Ծարավ աղբյուրն այսօր ինչքանով է մասնակցում Երևանի ջրամատակարարման գործընթացին, քանի որ գրավոր աղբյուրներից տեղեկություններ ունեինք, որ նախկինում Ծարավ աղբյուրը եղել է ոչ միայն խմելու ջրի աղբյուր, այլև ոռոգման նպատակով է օգտագործվել։ Մեր հարցման արդյունքում «Վեոլիա ջուրը» և Երևանի քաղաքապետարանը պատասխանեցին, որ ներկայումս նույնպես Ծարավ աղբյուրի ջուրն օգտագործվում է ամբողջությամբ։ Այսինքն, մինչև օրս օգտագործում ենք՝ չիմանալով, որ այն Ծարավ աղբյուրի ծիսական ջուրն է։

Իսկ ի՞նչ անուն է նախկինում ունեցել Քանաքեռը։

– Ծարավ աղբյուրի փողոցը 2,65 կմ երկարությամբ է ձգվում՝ Ավանից մինչև Հրազդանի կիրճ։ Քանաքեռցիները համարում են, որ Ծարավ աղբյուրն իրենցն է։ Ինչ վերաբերում է Քանաքեռի անվանը, Արամ Ղանալանյանն իր ավանդապատումում ներկայացնում է, որ այդ տարածքում ապրել է ինչ-որ իշխան կամ թագավոր՝ Քանան անունով, ունեցել է քույր, ում շատ է սիրել, ու քրոջ մասին խոսելիս միշտ ասել են՝ Քանանա քույրը, Քանանա քեռը, որտեղից էլ առաջացել է Քանաքեռ անվանումը։

Կցանկանայի՞ք, որ Ծարավ աղբյուրը կրկին կատարեր նույն դերը, ինչ նախկինում։ Այսինքն, դառնար ուխտատեղի, ինչ-որ ծեսեր կատարվեին, և այլն։

– Իհարկե, շատ ցանկալի կլիներ։ Բայց դա հիմա փակ տարածք է, սանիտարական գոտի, և «հավքն իր թևով, օձն իր պորտով» չի կարող մոտենալ։ Երեք անգամ փորձել եմ, չի ստացվել, որ մոտենամ, գոնե տեսնեմ, թե ի՞նչ է մնացել այդ աղբյուրից։ Ճիշտ է, ջուրը կա, բայց ավազանն ինչքանո՞վ է պահպանվել։ Գողտրիկ անկյուն է՝ սաղարթախիտ ծառերով, փարթամ բուսականությամբ, և կարոտ ենք նման գեղեցիկ տարածքի, ու շատ լավ կլիներ, որ այդ տարածքը նորից վերադառնար բնակիչներին և վերականգնվեր հիշողությունը, որն ունեցել ենք 100-120 տարի առաջ։

Ծարավ աղբյուրը երկու համայնքների միջով է անցնում, այնտեղ կա գնացքի գիծ, որը դեպի Սևան է գնում, և գնացքի գծից դեպի աջ ընկած նորակառույց Ծարավ աղբյուր թաղամասն է, դեպի ձախ՝ Քանաքեռը, և այդ գնացքի գիծը հանդիսանում է Ավան և Քանաքեռ համայնքների սահման։

Մեր հարցումներն իրականացրել ենք երկու կողմի բնակիչների շրջանում։ Նորաբնակները չեն պատկերացնում այդ անվան պատմականությունը, իրենց համար դա զուտ հասցե է, կամ փողոցի սիրուն անվանում, իսկ գնացքի գծերից այս կողմ, որտեղ բուն Քանաքեռն է, գրեթե բոլորը կպատմեն Ծարավ աղբյուրի մասին։ Այն, թե ո՞նց էին իջել աղբյուրի մոտ, ի՞նչ են արել։ Այնտեղ նաև գարնանն ուտելի բույսեր են հավաքել։ Հիշողությունը մինչ օրս կրում են մարդիկ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930