Իրանի համար Սյունիքը և Նախիջևանը միևնույն ռազմավարական տիրույթում ընկած զուգահեռ կարմիր գծեր են. Շիրազ Խաչատրյան

Ադրբեջանը և Թուրքիան Նախիջևանում պատրաստվում են լայնամասշտաբ զորավարժությունների: Խոսքը համակարգչային աջակցությամբ «Անխախտ եղբայրություն-2025» հրամատարաշտաբային և մարտական հրաձգությամբ «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք-2025»  տակտիկական զորավարժությունների մասին է:

Ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները հայտնել էին, որ հունիսի 12-19-ը Նախիջևանում կանցկացվի թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունը՝ «Անխախտ եղբայրություն» անվամբ:

Իսկ ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, Նախիջևանում թուրք-ադրբեջանական զորավարժությունների ընթացքում տանկային, մեխանիզացված և «Կոմանդո» հատուկ նշանակության ուժերի ստորաբաժանումները կատարելու են տարատեսակ առաջադրանքներ՝ հրետանու, ավիացիայի և հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների աջակցմամբ։

Նախիջևանում թուրք-ադրբեջանական մեկ այլ զորավարժության մասին 168.amգրել էր մայիսին: Այդ ժամանակ զորավարժություններին մասնակցել էին Թուրքիայի բանակի 9-րդ «Կոմանդո» բրիգադի հրամանատարությունը և Նախիջևանի առանձին համազորային բանակը: Այն հաջորդել էր ՀՀ զինված ուժերին Նախիջևանի հատվածում էսկալացիա հրահրելու ադրբեջանական մեղադրանքին:

Կարդացեք նաև

Ավելի ուշ մենք հայտնել ենք, որ 19 երկրի ռազմական կցորդներ այցելել են Նախիջևանի առանձին համազորային բանակի շտաբ:

Բնականաբար, թուրք-ադրբեջանական այս զորավարժությունները, որոնք առաջին հայացքից զուտ պլանային բնույթ են կրում, իրենց մեջ որոշակի մեսիջ են պարունակում, ինչի հետ 168.am-ի հետ զրույցում համաձայնեց նաև «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանը:

«Ասեմ, որ Նախիջևանը դարձել է ոչ թե զուտ անվտանգության բուֆեր, այլ՝ թուրք-ադրբեջանական ռազմաքաղաքական դաշինքի ցուցադրական այն հարթակը, որտեղ զորավարժությունը գործիք է՝ նոր հավակնությունների ազդարարման համար, իսկ միջազգային ռազմական դիվանագիտության ներգրավումն այդ հավակնություններին լեգիտիմություն հաղորդելու փորձ է:

Այսպիսի զորավարժությունները չեն կարող միայն տեղային բնույթ կրել, պարզ երևում է՝ Թուրքիան վերջին տարիներին աստիճանաբար ամրապնդում է իր ռազմական ներկայությունը Նախիջևանում, այն Թուրքիայի համար ոչ միայն Ադրբեջանի հետ միջանցիկ կապի առանցք է, այլև իրանական ազդեցության զսպման կարևոր հարթակ:

Ինչ վերաբերում է ռազմական կցորդների այցին, ապա դա Բաքվի կողմից ուղերձ է առ այն, որ նա փորձում է տարածաշրջանային ուժային կենտրոն ներկայանալ, իսկ Թուրքիային ներկայացնել որպես տարածաշրջանային անվտանգության հովանավոր: Այսպիսի զորավարժություններով թուրք-ադրբեջանական կողմը փորձում է շոշափել նաև Իրանի տրամադրությունները, քանի որ Իրանի համար նույնիսկ Նախիջևանի ռազմականացումն է կարմիր գիծ, և հիմա փորձ է արվում հասկանալ՝ որտեղ են հատվում այդ գծերը»,- մանրամասնեց մեր զրուցակիցը:

Ի դեպ, այս համատեքստում նշենք, որ իրանական լրատվամիջոցները հայտնել են, որ Իրանի գերագույն առաջնորդի միջազգային գործերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին հայտարարել է, թե Իրանն է կանխել «Զանգեզուրի միջանցքի» իրագործումը:

«Երբ որոշ երկրներ փորձել են կապ ստեղծել Նախիջևանի և Ադրբեջանի միջև Հայաստանի միջոցով՝ «Զանգեզուրի միջանցք» անվան տակ, մի ծրագիր, որն իրականում նպատակ ուներ մասնատել Հայաստանը և կտրել Իրանի կապը Եվրոպայի հետ, Իրանի Իսլամական Հանրապետությունը զգոնությամբ և հեղինակությամբ է դիմակայել դրան՝ խափանելով այս դավադրությունը»,- ասել է նա:

Շիրազ Խաչատրյանի դիտարկմամբ, այս հայտարարությունը ոչ միայն դիվանագիտական նախազգուշացում է, այլ տարածաշրջանային բալանսների մասին ուղիղ ազդակ։

«Իրանը բացահայտ պնդում է, որ ներգործելու լծակներ ունի՝ Ադրբեջանի և Թուրքիայի ծրագրերը կանխելու համար, եթե դրանք խաթարեն իր ռազմավարական շահերը։

Իրանը փաստացի ցույց է տալիս նաև, որ միջանցքի շուրջ ընթացող գործընթացներում ինքը միջամտել է և դիմադրել ոչ միայն թուրք-ադրբեջանական կողմին, այլև ճնշումներ գործադրել նաև տարածաշրջանի այլ դերակատարների վրա, մասնավորապես՝ Ռուսաստանի: Նմանատիպ դիրքորոշումները հնչում են նաև այն պահերին, երբ Թուրքիան և Ադրբեջանը փորձում են ուժի դիրքերից առաջ տանել միջանցքային օրակարգը, այդ թվում՝ զորավարժությունների տեսքով։

Եթե կարճ՝ Իրանի համար Սյունիքը և Նախիջևանը միևնույն ռազմավարական տիրույթում ընկած զուգահեռ կարմիր գծեր են. Սյունիքը՝ որպես հաղորդակցային ռազմավարական խողովակ, Նախիջևանը՝ ռազմական սպառնալիքի թատերաբեմ։ Սյունիքի կտրումն Իրանին զրկում է Եվրոպա դուրս գալու ուղուց, իսկ Նախիջևանի ռազմականացումը նրան շրջափակում է հյուսիսից։ Այնպես որ, Իրանի կողմից այս հայտարարություններն ու հակազդող դիվանագիտական քայլերը պետք է նայել այդ դիտանկյունից»:

168.amգրել էր, որ Ադրբեջանն օկուպացված տարածքներում Իրանի հետ զորավարժությունը գնահատել է աշխարհաքաղաքական հարված ՀՀ-ին, և Իրանի պատասխանը չի ուշացել՝ «ոչ մի «Զանգեզուրի միջանցք» չի լինելու, ոչ մի բան չի կարելի լուծել զոռով»:

Տեսանյութեր

Լրահոս