Հայաստանը Ռուսաստանից զենք է ձեռք բերելու. արդյո՞ք ՀԱՊԿ շրջանակում նման հնարավորությունից ևս կօգտվենք

Ապրիլի 1-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից մոտ երկու շաբաթ հետո՝ ապրիլի 15-ին, Նիկոլ Փաշինյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտնել էր.

«Մենք շատ երկար և մանրամասն քննարկումներ ենք ունեցել և ձեռք ենք բերել այնպիսի ռազմավարական նշանակության պայմանավորվածություններ ամենատարբեր ոլորտներում համագործակցությունը խորացնելու, որի արտահայտությունն առաջիկայում մենք կտեսնենք»:

Իսկ այսօր գործադիրի նիստից հետո կազմակերպված ճեպազրույցի ժամանակ լրագրողները Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվել են՝ արդյո՞ք ՌԴ-ի հետ ռազմատեխնիկական պայմանավորվածություններ կան, արդյո՞ք Ձեր հայտարարությունը նշանակում է, որ Հայաստանը Ռուսաստանից զենք գնելու պայմանավորվածություն ունի, ինչին նա պատասխանել է.

«Մենք ռազմատեխնիկական համագործակցություն Ռուսաստանի հետ ունենք, ունեցել ենք, որն ինչ-որ մի ժամանակ էականորեն կամ ընդհատվել էր, կամ՝ քչացել, և մենք, այո, ունենք պայմանավորվածություն, որ նախկինում ձեռքբերված պայմանավորվածություններն իրագործենք»:

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ 2022 թվականի սեպտեմբերին կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր.

«Մենք դեպքեր ունենք, երբ հարյուր-միլիոնավոր դոլարներ վճարված են, բայց Հայաստանի նկատմամբ մատակարարումների պարտավորությունները չեն կատարվում, այդ թվում՝ դաշնակից երկրների կողմից»:

Սրանից առաջ գրեթե նույն հայտարարությունը Փաշինյանն արել էր նաև ԱԺ-ում՝ նշելով սպառազինության գնման խոչընդոտները կամ այդ գործընթացի բաղադրիչները.

Առաջին՝ ոչ բոլոր երկրներն են, որ պատրաստ են զենք վաճառել ՀՀ-ին,

երկրորդ՝ կան երկրներ, որ պատրաստ են զենք վաճառել ՀՀ-ին, բայց կան երկրներ, ովքեր պատրաստ չեն այն փաստին, որ Հայաստանն այն երկրից, որը պատրաստ է իրեն զենք վաճառել, զենք գնի,

երրորդ՝ կան երկրներ, որոնք ուզում են, պատրաստ են Հայաստանին զենք վաճառել, բայց չունեն անհրաժեշտ զենքը օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով,

չորրորդ՝ Հայաստանը ելք չունի դեպի ծով, և շատ դեպքերում տրանսպորտային կոմպոնենտն իր բարդությամբ չի տարբերվում նախորդ կոմպոնենտներից, երբեմն ավելի սրվում է, այդ թվում՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով:

Այդ ընթացքում 168.am-ը գրավոր հարցման միջոցով փորձել էր ՀՀ պաշտպանության նախարարությունից պարզել՝ զենքի մատակարարման չկատարված պայմանագրերը կնքվել են գործո՞ղ իշխանության օրոք, թե՞ նախկին իշխանությունների ժամանակ կնքված պայմանագրերը չեն կատարվել, կամ՝ գուցե դա վերաբերում է 44-օրյա պատերազմի և դրան հաջորդած ժամանակաշրջանի՞ն: Ավելի կոնկրետ՝ հիշեցրել էինք 2021 թվականի օգոստոսին ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի և այդ ժամանակ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի միջև ձեռք բերված սպառազինության մատակարարման հետ պայմանավորվածությունները, և Սուրեն Պապիկյանից հետաքրքրվել ՝ դրանք գործնական փուլ տեղափոխվե՞լ են:

Այդ ժամանակ մեր այս հարցադրումներին ի պատասխան՝ ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնել էին, որ «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ռազմատեխնիկական համագործակցությունը և ՍՌՏ ձեռքբերումներն իրականացվում են պլանային կարգով»:

Բայց այս 4 տարիների ընթացքում պարբերաբար լսել ենք ռուսական զենքի մատակարարումների բարդությունների և ռուսական կողմից պայմանագրային պարտավորությունների չկատարման մասին: Եվ այս ամենի ֆոնին Հայաստանը ռազմատեխնիկական համագործակցություն հաստատեց Հնդկաստանի և Ֆրանսիայի հետ:

Տարբեր առիթներով Հայաստանին զենք վաճառելու այս երկրների ընտրած ժամկետին, մոտիվացիային և շահերին անդրադարձել ենք, ուստի տվյալ դեպքում դրանց չենք անդադառնա: Իսկ ռազմատեխնիկական նոր իրողությունը ՀՀ իշխանություններն անվանեցին դիվերսիֆիկացիա: Եվ Բանակի կերպափոխման հայեցակարգում այս առումով նույնիսկ նշվում է. «Հայաստանին մարտունակ և ժամանակակից տեխնիկայով ու սպառազինությամբ համալրված Զինված ուժերն անհրաժեշտ են ՀՀ անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը, սահմանների անձեռնմխելիությունը և որդեգրած խաղաղության օրակարգը պաշտպանելու համար՝ մեկ կենտրոնին ապավինելու անզուգաչափ (ասիմետրիկ) և հիերարխիկ փոխաբերությունները փոխարինելով բազմաթիվ կենտրոնների հետ զուգաչափ և ոչ հիերարխիկ փոխաբերություններով: Ռազմատեխնիկական միջազգային նախընտրելի ձևաչափը պետություն-պետություն մոտեցումն է, որը հիմնված է միասնական պատուհանի մեկ սկզբունքի վրա՝ բացառելով առևտրային միջնորդների ներգրավումը»:

Պարզ չէ՞՝ սա ինչի՞, ո՞ւմ, ի՞նչ միջնորդավորված սպառազինության մատակարարումների ապահովման մասին է:

Հանուն արդարության պետք է ասել, որ թեև ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ևս ջատագովն է պետություն-պետություն ռազմատեխնիկական համագործակցության ձևաչափի, բայց վերջին տարիներին, երբ իշխանական կամ իշխանամերձ տարբեր շրջանակներ ռուսական կողմին մեղադրում էին Հայաստանի առջև ստանձնած ռազմատեխնիկական պայմանավորվածությունները դիտավորյալ չկատարելու, և անգամ խոչընդոտներ ստեղծելու, որ, օրինակ, Հնդկաստանից Հայաստան մատակարարումներ չլինեն, նա հորդորում էր՝ «կմտնենք դավադրությունների տեսության մեջ և երբեք չենք կարող այդտեղից դուրս գալ»:

Քոչարյանը փորձում էր ռուսական զենքի մատակարարման դժվարությունները պայմանավորել նրանով, որ ռուս-ուկրաինական պատերազմ է գնում և դրանով պայմանավորված՝ Ռուսաստանն ինքն էլ սպառազինության կարիք ունի, եկեք ճիշտ հասկանանք: Սա սկզբնական շրջանում, իսկ ավելի ուշ ժամանակ առ ժամանակ նա հայտնում էր, թե ռուսական կողմը սկսել է պայմանագրի շրջանակում որոշ մատակարարումներ իրականացնել:

Այս ընթացքում, սակայն, մեր տեղեկություններով, ՀՀ զինված ուժերի զինանոցում առկա ռազմական տեխնիկայի սպասարկման և նույնիսկ արդիականացման ոլորտում ՀՀ-ՌԴ պաշտպանական գերատեսչությունների համագործակցությունը չի վտանգվել:

Իսկ այն, որ ՌԴ-ից Հայաստանը սպառազինություն կարող է ձեռք բերել՝ նախկին պայմանավորվածությունների շրջանակում, մեզ համար հայտնի էր դարձել դեռ անցած տարեվերջին, բայց նման հարցերը լռություն են սիրում: Հնարավոր է, որ դեռ «Տոռ-Մ2ԿՄ» համակարգեր ունենք ստանալու:

Եվ ոչինչ, որ գրեթե 2025 թվականին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել էր.

«Հայաստանի և Ռուսաստանի ֆինանսների նախարարության միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ մեր կողմից վճարված գումարը միջպետական պարտքից պիտի պակասեցվի, իհարկե, կդժվարանամ ասել՝ այն կյանքի կոչման որ հատվածում է, բայց նմանատիպ պայմանավորվածություն ձեռք է բերվել»:

Ինչևէ, ճեպազրույցի ժամանակ հնչեցրած հայտարարությունն ուշագրավ էր և, ինչո՞ւ չէ, օգտակար: Թե որքանով կարող ենք իրատեսական համարել, որ Փաշինյանի իշխանությունը կսկսի ռազմատեխնիկական հնարավորություններից օգտվել նաև ՀԱՊԿ շրջանակում, չենք կարող ասել:

Ի դեպ, դեռ երկու տարի առաջ մի առիթով Անդրանիկ Քոչարյանը ՌԴ-Հայաստան հարաբերությունների համատեքստում ասել է, որ Հայաստանը թեև չի մասնակցում ՀԱՊԿ զորավարժություններին, բայց երկիրը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ում, որովհետև հույս ունեն, որ «այդ համակարգը մի օր կարող է ՀՀ ազգային շահերի տեսանկյունից օգտակար լինել»:

Նշենք, որ անցած տարվանից Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՀԱՊԿ անդամներին վերազինման ծրագիր է առաջարկում:

«Առաջարկում ենք հավաքական ուժերին ռուսական ժամանակակից սպառազինությամբ և տեխնիկայով հագեցնելու լայնածավալ ծրագիր սկսել։ Սպառազինության այդ նմուշներն իրենց արդյունավետությունն ապացուցել են իրական ռազմական գործողությունների ընթացքում»,- ասել էր նա:

Օրերս էլ ՌԴ ԶՈՒ ԳՇ պետ Վալերի Գերասիմովը հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ն այսօր հիմնական շեշտը որոշել է դնել ՀՕՊ միասնական համակարգի կատարելագործման վրա: Այլ հարց է, որ ՀՀ այսօրվա ղեկավարները խաղաղության հաստատումը պատկերացնում են բանակին պահուստային գործոն սարքելով, երբ օրերս Մոսկվան և Բաքուն որոշեցին AZAL ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռի վթարի պատճառով վատթարացած հարաբերությունները կարգավորել:

Ադրբեջանն ընդունել է, որ ինքնաթիռի խոցումը տեղի է ունեցել ՌԴ օդային տարածքում երկրի ՀՕՊ համակարգի ոչ դիտավորյալ գործողության հետևանքով, և, որ փոխհատուցում է լինելու:

Ավելին, երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների համատեղ հայտարարության մեջ նշվում է. «Ձեռնարկված քայլերը հաստատում են երկուստեք ձգտումը՝ հետագայում ևս դաշնակցային փոխգործակցության շրջանակներում կառուցելու փոխշահավետ համագործակցություն»:

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմից հետո՝ 2022-ի փետրվարին, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը Կրեմլում ստորագրել էին ՌԴ և Ադրբեջանի դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագիրը, որն էլ նոր մակարդակ էր հաղորդել Ադրբեջանի և Հայաստանի դաշնակից Ռուսաստանի միջև հարաբերություններին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930